HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի  և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը: Գործի մակագրումը տեղի է ունեցել քիչ առաջ։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը Հրայր Թովմասյանի սանիկն է։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրանց վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել մարտի 9-ին։

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Հրայր Թովմասյանն, ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝  Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:

Թովմասյանն ու Նորայր Փանոսյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ ՍԴ նախագահը գործի նախաքննության ընթացքում հայտարարել է, որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահի։

Լուսանկարը՝ helpcourt.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter