HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

100 հազար եվրո կտրամադրվի տարեցների համար համայնքային փոքր տուն կառուցելու նպատակով

«Կառավարության և «Avondglans» հիմնադրամի միջև համայնքային փոքր տների կառուցման համար «Avondglans» հիմնադրամի կողմից նվիրաբերության մասին» պայմանագրով համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվելու է 100 000 եվրո: Աշխատանքներն իրականացվելու են երեք փուլով։ Առաջին փուլում կիրականացվի տան գնումը, 2-րդ փուլում՝ նախագծային և վերանորոգման աշխատանքները, 3-րդ փուլում՝ կահավորման աշխատանքները:

Ներկա դրությամբ Հայաստանում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), այդ թվում 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություն է ստանում 1390 մարդ (որից ոչ պետական հաստատություններում՝ 180 մարդ), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը:

Տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունները հիմնականում տեղակայված են Երևանում և հանրապետության մի քանի մարզերում (Շիրակի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի), իսկ մնացած մարզերում ընդհանրապես չկան տարեցներին որևէ ծառայություն մատուցող կազմակերպություններ:

Այս ծրագրի նպատակը հանրապետությունում տարեցների համայնքային փոքր տների ստեղծումն է:

Փոքր տան շահառուներ կարող են լինել կացարան չունեցող այն տարեցները և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունը պահպանված է, և որոնք ունակ են ինքնուրույն տեղաշարժվել և կենցաղային աշխատանքներ կատարել:

Տարեց անձն իր ցանկությամբ կարող է ներդրումներ կատարել փոքր տանը բնակվելու համար՝ իր կենսաթոշակից: Փոքր տան բնակիչներն իրենք են կատարելու առտնին աշխատանքները՝ տան մաքրություն, գնումներ, կերակուր պատրաստել, այգում աշխատել և այլն, իհարկե՝ իրենց ցանկությամբ և սոցիալական օգնականի աջակցությամբ:

Փոքր տան բնակիչները կապահովվեն կացարանով, անհրաժեշտ կահույքով, անկողնային պարագաներով, անկողնային և անձնական սպիտակեղենով, հագուստով, կոշկեղենով, օրը առնվազն երեքանգամյա սննդով, համապատասխան տնտեսական և հիգիենիկ պարագաներով, աշխատանքային զբաղվածությամբ (իրենց ցանկությամբ): Փոքր տան բնակիչները կստանան սոցիալ-հոգեբանական, վերականգնողական, բժշկական օգնություն, կմասնակցեն տարբեր մշակութային միջոցառումների, ազատորեն կզբաղվեն իրենց նախընտրած զբաղմունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter