HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահե Էնֆիաջյանն առաջարկում է վետերանների ամենամսյա պատվովճարը սահմանել 200 հազար դրամ

Ազգային ժողովի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն առաջարկում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը կրկնապատկել՝ դարձնելով 200 հազար դրամ:

Ներկայումս վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 100.000 դրամ է, և այդ պատվովճարի չափն ըստ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի ներկայիս կարգավորման սահմանում է Կառավարությունը:

Նշենք նաև, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը:

«Նախ կարծում ենք, որ պատվովճարի չափը պետք է սահմանված լինի օրենքով, ինչով առաջին հերթին կապահովվի օրենքով շահառու հանդիսացող անձի ակնկալվող պատվովճարի չափի կանխատեսելիությունը և վերջինս ստիպված չի լինի սպասել Կառավարության կողմից պատվովճարի հնարավոր բարձրացմանը: Բացի այդ, կարծում ենք, որ նշված գումարը ակնհայտ բավարար չի վերջիններիս նվազագույն կարիքները հոգալու ու արժանապատիվ կյանք վարելու համար: Այդ գումարի չափը յուրաքանչյուր տարի պետք է բարձրացվի՝ ապրանքների գների աճին զուգահեռ»,- ասված է նախագծում:

Նշվում է նաև, որ փոփոխությունները Հայաստանում ապրող 276 վետերանի կյանքի ֆինանսական կողմի բարելավում կապահովեն:

Նախագծում անդրադարձ կա նաև վետերաններին աջակցություն ցուցաբերելու միջազգային փորձին: Ռուսաստանի Դաշնությունում, ի թիվս այլ արտոնությունների (վճարված հարկի վերադարձ, բջջային ծառայությունների փոխհատուցում և այլն), վետերանները ստանում են մոտ 300.000 դրամ և նախատեսվում է դրա բարձրացում 9.500 ռուբլու՝ մոտ 67.000 դրամի չափով: Ղրղզստանում 2020թ. Հայրենական պատերազմի 75-ամյակի կապակցությամբ նույնպես նախատեսվում է պատվովճարի բարձրացում, ինչպես նաև միանվագ վճար՝ 75.000 սոմի կամ 520.000 դրամի չափով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վետերանների աջակցության դեպարտամենտը 1.228 դոլար (մոտ 590.000 դրամ) աջակցություն է տրամադրում միայնակ վետերանի դեպքում 2.226 դոլար (մոտ 1.000.000 դրամ)՝ զույգ վետերանների դեպքում:

Մեծ Բրիտանիայում վետերաններին վճարվում է թոշակ, որի չափը կախված զինվորական աստիճանից տատանվում է: Ամեն դեպքում նվազագույն թոշակի չափը կազմում է մոտ 1.000.000 ՀՀ դրամ: Այրի վետերանները ստանում են հավելյալ գումար՝ մոտ 290.000 ՀՀ դրամի չափով:

Իսրայելում վետերանների թոշակները սկսում են մոտ 700.000 դրամից:

Ֆրանսիայում վետերանները միջինում ստանում են 1.600.000 դրամին համարժեք թոշակ:

«Պետք է չմոռանանք, որ խոսքը տարիքային բարձր շեմ ունեցող մարդկանց մասին, ովքեր հենց տարիքով պայմանավորված ունեն բժշկական ծառայություններից առավել հաճախ օգտվելու կարիք, մինչդեռ ակնհայտ է, որ որակյալ բժշկական ծառայությունները բավականին թանկ են, շատերի համար՝ անգամ անհասանելի: Նման պայմաններում ակնհայտ է, որ խնդրի լուծման միակ տարբերակը ֆինանսական պատշաճ աջակցությունն է»,- նշված է նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter