HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ է ձեռնարկում

Մեծ Բրիտանիայի իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ է սկսել ձեռնարկել։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարը մտնում է հաջորդ փուլ, որը կոչվում է վարակի տարածման հապաղում։

Փորձագետներն ընդունում են, որ երկրում վարակի արգելակման փուլը ձախողվել է։ Նրանք համոզված են, որ վիրուսը կտարածվի բնակչության մեծ մասի շրջանում։ Հինգշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 596-ի, իսկ մահվան դեպքերը՝ 10-ի։ Երկրում փորձարկվել է շուրջ 30 000 թեստ։

Մասնագետները, այդ թվում նաև կառավարական, նշում են, որ պաշտոնական թվերը միայն սառցաբեկորի գագաթն են։ Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, վարակակիրների մեծ մասի մոտ դրսևորվում են միայն թույլ ախտանիշներ։ Նրանք սովորաբար չեն դիմում բժշկի, սակայն համարվում են վիրուսի տարածողներ։ Այդ է պատճառը, որ այսօր Բրիտանիայում փորձագետների մի մասը նշում է 5-10 հազար վարակակիրների հնարավոր առկայության մասին։ Փորձագետները պնդում են, որ, այդ իմաստով, երկիրն Իտալիայից հետ է 4 շաբաթով, որտեղ զոհերի թիվը արդեն հասնում է հազարի։

Բոլոր քաղաքացիներին, որոնց մոտ առկա են հիվանդության անգամ թույլ ախտանիշներ, օրինակ մշտական հազ կամ բարձր ջերմություն, առնվազն 7 օրով ուղարկում են տուն։ Մեծ տարիքի քաղաքացիներին նույնպես խորհուրդ չի տրվում առաջիկա շաբաթներին դուրս գալ տնից։ Զուգահեռ, բրիտանական կառավարությունը դիտարկում է սպորտային բոլոր իրադարձությունների և զանգվածային միջոցառումների հետաձգման հնարավորությունը։ Դպրոցները դեռևս չեն փակվել, սակայն կառավարությունը կգնա այդ քայլին, եթե հայտնաբերվեն կորոնավիրուսի տարածման օջախներ։ Դպրոցականների համար կարգելվեն արտասահմանյան էքսկուրսիաները և ուղևորությունները։

Հինգշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Բորիս Ջոնսոնը նաև հայտարարել է, որ եթե մի քանի շաբաթով կառավարությունը կարողանա թուլացնել վիրուսի տարածումը, ապա այն առողջապահական համակարգին հնարավորություն կտա պատրաստվել։ Կառավարությունը հույս ունի, որ կկարողանա կանգնեցնել կորոնավիրուսի հետագա տարածումը։

Լուսանկարը՝ «Sky News»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter