HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով

Այս տարվա փետրվարի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն աշխատանքից ազատել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանին։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը քրեական գործ է հարուցվել Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու, խմբային շահերից ելնելով` ստուգման որոշման պահանջներն իրականացնելու վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: 

Պարզվում է` Արթուր Բեգլարյանի հեռացումը և քրեական գործի հարուցումը սերտորեն փոխկապակցված են, և դրանց  նախորդել են լուրջ գործընթացներ։

Արթուր Բեգլարյանն այդ պաշտոնում աշխատում էր 2017 թվականից։ 2019թ․ օգոստոսին Վիգեն Ավետիսյանի հանձնարարագրի հիման վրա ղեկավարել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումները։ 2019թ․ հոկտեմբերի 9-ի ստուգման ակտով արձանագրվել է ապօրինի հատված 257 ծառ և դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառված առանձնապես խոշոր՝ 28 մլն դրամի չափով վնաս։ Այդ մասին զեկուցել են նաև Վիգեն Ավետիսյանին, որպեսզի վերջինս ստուգման նյութերը հանձնի իրավապահ մարմիններին։

Սակայն 2020թ․ հունվարի 21-ին Արթուր Բեգլարյանը տեղեկացել է, որ այդ նյութերն այդպես էլ չեն հանձնվել իրավապահ մարմիններին։

«Ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի կոճղերն արդեն գտնվում են ձյան տակ, և նշված անգործության արդյունքում առկա է ստուգմամբ հայտնաբերված խախտումների հետքերի և այդ խախտումները հիմնավորող ապացույցների կորստի մեծ ռիսկ»,-նշում է Արթուր Բեգլարյանը։

Հունվարի 30-ին Արթուր Բեգլարյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նամակ է գրել՝ պատմելով այս դեպքի մասին։ Բացի սրանից, ևս մեկ պատմության մասին է տեղեկացրել դատախազին։ Մասնավորապես, 2019թ․ նոյեմբերին Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը Տեսչական  մարմնի ղեկավարին գրությամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, դեռևս 2019թ․ հունիսի 3-ին, որոշում է կայացվել «Հայանտառ» ՊՈԱԿի Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի Շամլուղի անտառպետության թիվ 3 պահաբաժնի տարածքում մասնագիտական ստուգում նշանակել, իսկ կայացված որոշումը կատարման համար ուղարկվել է Տեսչական մարմին, սակայն մինչ օրս եզրակացությունը չի ստացվել։ 2019թ․ օգոստոսի 19-ին վարույթն իրականացնող քննիչn ուղարկած գրությամբ խնդրել է տեղեկատվություն տրամադրել նշանակված մասնագիտական ստուգման արդյունքների վերաբերյալ, որի կապացկությամբ նույնպես որևէ պատասխան չի ստացվել։

Մասնագիտական ստուգմամբ առաջադրված հարցերը վերաբերել են 20 ծառ ուսումնասիրելուն, ինչը Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից չի կատարվել շուրջ 5 ամսվա ընթացքում, որի հետևանքով ձգձգվել են նախաքննության օրենքով սահմանված ժամկետները։

«Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է հանձնարարել սեղմ ժամկետում կատարել որոշման պահանջները, իսկ արդյուքնները տրամադրել վարույթն իրականացոնղ մարմնին»,- գրել է Լոռու մարզի դատախազը։

«Առաջարկել եմ իրականացնել ստուգումը, սակայն Տեսչական մարմնի ղեկավարի կողմից դրա կատարումն անհասկանալի պատճառներով խոչընդոտվել է»,- նշել է Արթուր Բեգլարյանը։ -Առնվազն երկու դրվագով Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, գործելով ՀՀ և տեսչական մարմնի օրինական շահերին հակառակ, ցուցաբերել է անգործություն, ինչի արդյունքում վնաս է պատճառվել ՀՀ պետական շահերին»,- դատախազին գրել է Արթուր Բեգլարյանը։

Գլխավոր դատախազության Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Ա․ Չախոյանը փետրվարի 3-ին Երևան քաղաքի և Լոռու մարզի դատախազներին գրություն է ուղարկել՝ Վիգեն Ավետիսյանի կողմից ՔԿ Լոռու մարզաին քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մասնագիտական ստուգում նշանակելու մասին որոշումը չկատարելու, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացրած ստուգմամբ բացահայտված խախտումների վերաբերյալ նյութերն իրավապահ մարմիններին չտրամադրելու, Հայաստանի Հանրապետության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շահերին հակառակ գործելու և ցուցաբերված  անգործություն հետևանքով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ դիմումում նշված հանգամանքները ստուգելու համար։

Փետրվարի 28-ին ՀԿԳ քննիչ Է․ Հովհաննիսյանը քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել, ինչպես նշեցինք, երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

 Հոդված 308․ 1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 

  

Փաստորեն, հենց նույն՝ քրեական գործի հարուցման օրն էլ Արթուր Բեգլարյանն ազատվել է աշխատանքից, մինչ այդ նրա նկատմամբ նաև կարգապահական տույժ է կիրառվել։

Արթուր Բեգլարյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա խնդրել է վարչապետի միջամտությունը, որպեսզի իր նկատմամբ կայացված, իր որակմամբ, ապօրինի որոշումներն անվավեր ճանաչվեն։ Այսինքն՝ վերադասության կարգով բողոքարկել է վարչապետին իր ազատման հրամանը։  

Սակայն վարչապետի աշխատակազմի տեսչական  մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, մի շարք իրավական ակտեր մեջբերելուց հետո, հայտնել է, որ վարչապետը բողոքներ քննարկելու, դրանք բավարարելու կամ մերժելու լիազորությամբ օժտված չէ, քանի որ չի հանդիսանում Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարը:

Միևնույն ժամանակ հայտնել է, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

Արթուր Բեգլարյանը դիմել է դատարան։ Համաձայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Արթուր Բեգլարյանի հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին։ Դեռևս վարույթ ընդունելու և նիստ նշանակելու մասին տեղեկություններ չկան։

Փորձեցինք զրուցել և այս ամենի մասին Վիգեն Ավետիսյանից նույնպես բացատրություններ ստանալ, սակայն Տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանն ասաց, որ Վիգեն Ավետիսյանի զբաղվածությունը մեծ է, և նա չի կարողանա պատասխանել մեր հարցերին, սակայն պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին։ 

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դատական գործն է՝ ընդդեմ Տեսչական մարմնի ղեկավարի՝ պաշտոններից ազատելու հրամաններն անվավեր ճանաչելու հարցով։

Տեսչական մարմնի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը ևս նույնաբովանդակ վեճով դիմվել է դատարան և պահանջում է վերականգնել իրեն իր նախկին աշխատանքում։

Հ․Գ․Տեսչական մարմնի գրավոր պատասխանը կհարապարակենք առանձին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter