
Ուկրաինան փակում է իր սահմաններն արտասահմանցիների համար
Երկու օրից Ուկրաինան ժամանակավորապես կփակի արտասահմանցիների մուտքը երկիր, ինչը պայմանավորված է արագորեն տարածվող COVID-19 տիպի կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» պարբերականը։ Սահմանների փակման նախնական ժամկետ է սահմանվել երկու շաբաթը։ Ժամկետի ավարտման պահին, կախված իրավիճակից, այն կարող է երկարացվել։
Որոշումն ընդունվել է այսօր կայացած Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։ Նիստի ավարտից հետո լրագրողներին այդ մասին տեղեկացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Վերջինս հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված որևէ ահավոր բան տեղի չի ունենում։ Նա կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Դանիլովը նաև նշել է, որ արտասահմանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի վերադառնալ հայրենիք, սակայն բոլոր նրանք, որոնք վերադարձել են վիրուսի օջախ հանդիսացող երկրներից, կհետազոտվեն և կգտնվեն մշտական հսկողության տակ։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզ է դարձել նաև Ուկրաինայում կորոնավիրուսից մահված առաջին դեպքի մասին։ Մահացածը Ժիտոմիրի մարզի 71-ամյա բնակչուհի էր, որը վերջերս էր վերադարձել Լեհաստանից։ Նա եղել է Ուկրաինայի այն երեք քաղաքացիներից մեկը, որի մոտ, ըստ ուրբաթ օրվա տվյալների, հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Վարակվածները գտնվում են Ժիտոմիրի և Չեռնովցիի մարզերում։
Հիշեցնենք, որ դեռ չորեքշաբթի Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել էր երեքշաբաթյա կարանտին, որը ձգվելու է մինչև ապրիլի 3-ը։ Երկրի ողջ տարածքում փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, սահմանափակվել են նաև զանգվածային միջոցառումները։ Բացի այդ, կառավարության որոշմամբ փակվել են պետական սահմանի հսկիչ-անցագրային կետերի մի մասը, ինչպես նաև չեղարկվել դեպի Իտալիա և Իտալիայից Ուկրաինա ավիափոխադրումները։
Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 139 670-ի, մահացածների թիվը՝ 5122-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 70 773-ի։
Լուսանկարը՝ «TACC» գործակալության
Մեկնաբանել