HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի երկու աշխատակից և արտադրանքի իտալացի պատվիրատուն կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել են

Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի երկու աշխատակից եւ արտադրանքի պատվիրատուներից մեկը, որն իտալացի է, կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել են:

Նրանց թեստի արդյունքները պարզ կլինեն վաղն առավոտյան:

Այս մասին «Հետքին» հայտնեց կարի ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ:

Տեղեկացնենք, որ ընկերության արտադրանքի հիմնական պատվիրատուները իտալացիներ են, այս դեպքով էլ մեկուսացվել է իտալացի պատվիրատուն, որը վերջին օրերին Հայաստան է ժամանել և գնացել «Գլորիա», իսկ մյուս երկու անձինք թարգմանիչներ են:

Ի դեպ, ամենայն հավանականությամբ, ընկերության սեփականատերն արգելել է աշխատակիցներին խոսել այն մասին, որ գործարանի աշխատակիցներից որևէ մեկը մեկուսացվել է, քանի որ մի քանի աշխատակից մեզ հետ զրույցում ասացին, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, և որևէ աշխատակից չի մեկուսացվել: Կարի ֆաբրիկայում որևէ կարանտին չի հայտարարվել, և բոլոր աշխատակիցները շարունակելու են գնալ աշխատանքի:

Չնայած այսօր առավոտյան հայտարարված էր ուսումնական հաստատություններում դասերի դադարեցում, սակայն Վանաձորում խուճապ չկար. կարելի էր բակերում խաղացող երեխաներ տեսնել, քաղաքում զբոսնող երիտասարդներ, շուկայից գնումներ կատարող անձանց: «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների մասին սոցցանցերում լուրը տարածվելուց հետո քաղաքում աստիճանաբար խուճապային տրամադրություններ առաջացան, ինչին հետևեց նաև տարբեր խանութներից գնումներ կատարելը:

Մենք փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ պարզաբանում ստանալ նաեւ Առողջապահության նախարարությունից, սակայն նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը չպատասխանեց մեր զանգերին։

Կեսգիշերին մոտ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «Գլորիայի» իտալացի աշխատակցի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter