HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է ԱՄՆ-ում և աշխարհի երկրների մեծ մասում։ Ամերիկյան առաջնորդն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ուրբաթ օրը՝ Սպիտակ տանը հրավիրված արտահերթ մամլո ասուլիսի ժամանակ։

«Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ դրություն հայտարարելու մասին»,- հայտնել է Թրամփը։

Այն հնարավորություն կտա վերացնել բոլոր այն բյուրոկրատական խոչընդոտները, որոնք խանգարում են դաշնային իշխանություններին բյուջեից գումարներ հատկացնել տեղական իշխանություններին և նահանգների վարչակազմերին։ Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը Կոնգրեսից ստացել էր 8,3 միլիարդ դոլար՝ վիրուսի տարածման մասշտաբների կանխման համար։ Նախատեսվում է ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը, Աղետների օգնության ֆոնդից, տրամադրել 50 միլիարդ դոլար, որը կծառայի կորոնավիրուսի դեմ պայքարին։

Թրամփը նաև կոչ է արել բոլոր նահանգապետերին ստեղծել արագ արձագանքման կենտրոններ։ Ըստ նրա՝ հատկացվող գումարը բավականին մեծ է նահանգների, տարածքների և բնակավայրերի համար, որոնք պետք է սկսեն կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ասուլիսի ժամանակ Թրամփը նաև հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին բժիշկները կստանան կորոնավիրուսի ախտորոշման ևս կես միլիոն թեստեր և ևս հինգ միլիոնը՝ ընթացիկ ամսվա ընթացքում, որը սակայն, ըստ Թրամփի, դժվար թե պետք գա։ Ավելին, արտակարգ դրությունը ավելի մեծ լիազորություններ կտա առողջապահության նախարարին, որը չի սահմանափակվի գործող որոշ օրենքներով և կարգավորումներով, ինչն առողջապահական մարմիններին հնարավորություն կտա աշխատել առավել հստակ և օպերատիվ։

Մինչ արտակարգ դրության հայտարարումը Սպիտակ տանը տեղի էր ունեցել արտակարգ խորհրդակցություն։ Ընդ որում, լրատվամիջոցները հայտնել էին, որ արտակարգ խորհրդակցությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տարածվել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսի ստուգման թեստի դրական պատասխանի լուրը, որը սակայն, ավելի ուշ, հերքել էր հենց ինքը՝ Բրազիլիայի նախագահը։ Հետաքրքականն այն է, որ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Թրամփ-Բոլսոնարու հանդիպումը, ինչը կասկածներ էր առաջացրել նաև Թրամփի հնարավոր վարակման վերաբերյալ։ Հանդիպումից հետո Թրամփը հրաժարվել էր հանձնել անալիզներ։

ԱՄՆ-ում արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը պատկանում է նախագահին։ Մինչև 1976 թվականը երկրի ղեկավարը արտակարգ դրություն կարող էր հայտարարել ցանկացած ժամկետով և ցանկացած պարագայում, որն, ըստ նրա, կարող էր սպառնալ ամերիկյան ազգային անվտանգությանը։ Ավելի ուշ, այն կարգավորվել է «Ազգային արտակարգ իրավիճակների մասին» ամերիկյան օրենքում (National Emergencies Act; 1976)։ ԱՄՆ պատմության ողջ ընթացքում արտակարգ դրություն է հայտարարվել շուրջ 50 անգամ։

Վերջին տվյալներով ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիր է շուրջ 1700 մարդ, 40-ը մահացել են։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter