
Վարչապետ. «Բանկերը կներկայացնեն վարկերի մարման նոր ժամկետներ, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»
Կենտրոնական բանկը դեռևս երկուշաբթի դիմել է առևտրային բանկերին` առաջարկելով վերանայել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման ժամկետները` պայմանավորված կորոնավիրուսով:
Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` կորոնավիրուսի հետևանքով առավել խոցելի վիճակում հայտնված վարկառուներն են, օրինակ, զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտները:
«Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերն անհատական մոտեցմամբ, քննարկելով հաճախորդների հետ՝ կներկայացնեն վարկերի մարման նոր ժամկետներ, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց Փաշինյանը:
Նրա վստահեցմամբ` նշված փոփոխությունների արդյունքում բանկերի հաճախորդների վարկային պատմությունները չեն վատանա, ինչպես նաև՝ վերջիններս կունենան անհրաժեշտ ռեսուրս հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու համար:
«Բանկերը իրենց հաճախորդներին անհատական մոտեցում կցուցաբերեն»,-վերահաստատեց վարչապետը:
Կենտրոնական բանկը ևս հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի, իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին:
«Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 010592697 հեռախոսահամարով»,- ասված է ԿԲ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ նման առաջարկով էր հանդես եկել, որ բանկերը վարկային արձակուրդ տրամադրեն: Առաջինն արձագանքել էր «Ամերիաբանկը»` հայտարարելով երկու ամսվա վարկային արձակուրդի մասին, մյուս բանկերը սակայն դեռ չեն շտապում հայտնել իրենց վերաբերմունքը:
Մեկնաբանել