HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսպանիայում 15-օրյա համազգային կարանտին է հայտարարվել

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է 15-օրյա համազգային կարանտինի մասին։ Որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի արտակարգ խորհրդակցության ժամանակ, որը տևել է 7 ժամ։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իսպանական ԶԼՄ-ներին։ Կաբինետին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել բոլոր հարցերի վերաբերյալ, սակայն, ինչպես տեղեկացվել է նախկինում, որոշ արտակարգ միջոցներ կձեռնարկվեն երկուշաբթի օրը, երբ տեղի ժամանակով 08:00-ին ուժի մեջ կմտնի կարանտինի ռեժիմը։

Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պայքարում կարող են ներգրավվել նաև Իսպանիայի զինված ուժերը։ Ձեռնարկվելիք միջոցների փաթեթը, որը քննարկում է կառավարությունը, ներառում է առնվազն 15-օրյա կարանտինի ռեժիմի։ Կարանտինի հայտարարումից հետո մարդկանց կթույլատրվի տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ մթերքներ գնելու, աշխատանքի մեկնելու, ինչպես նաև արտակարգ դեպքերի պարագայում։

Ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, տեղաշարժման սահմանափակումները մտցվել են արդեն շաբաթ օրը։ Վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 6233-ի, իսկ մահացածների թիվը՝ 193-ի։ Իտալիայից հետո Իսպանիան կորոնավիրուսի տարածմամբ երկրորդ երկիրն է Եվրոպայում։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 1522-ից հասել է 6223-ի։ Վարակակիրների կեսը Մադրիդում են։

Կարանտինի հայտարարումից հետո էականորեն կսահմանափակվի հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, երկու անգամ կկրճատվի ավիափոխադրումների թիվը, ինչպես նաև երկաթուղային, ավտոբուսային և ջրային տրանսպորտը։ Երկրում կփակվեն բոլոր դպրոցները, համալսարանները, ռեստորանները, սրճարանները, հյուրանոցներն ու խանութները, բացառությամբ մթերային խանութների։

Իսպանական աղբյուրները հայտնում են, որ Իսպանիայի փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասը խախտել է կարանտինի ռեժիմը։ Վերջինս կարանտին էր ուղարկվել այն բանից հետո, երբ հաղորդակցվել էր վարակված գործընկերոջ հետ։ Փոխվարչապետը հեռակա կարգով չէր կարող մասնակցել խորհրդակցությանը, այդ իսկ պատճառով կառավարությունը համաձայնություն է տվել նրա մասնակցությանը։ Ավելի վաղ իրականացված թեստավորման ժամանակ Իգլեսիասի մոտ չէր հայտնաբերվել կորոնավիրուս։ Իսպանական կառավարության երկու այլ նախարարներ, որոնց մոտ հայտնաբերվել էր COVID-19 կորոնավիրուս, չեն մասնակցել խորհրդակցությանը։

Կորոնավիրուսի թեստի դրական արդյունք է գրանցվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի տիկնոջ՝ Բեգոնա Գոմեսի մոտ։ Այս լուրը երեկ՝ կեսգիշերին մոտ հայտնել է Իսպանիայի կառավարությունը։ Սանչեսի գրասենյակի տեղեկացմամբ՝ վարչապետը եւ կինն իրենց լավ են զգում։

1975 թվականին ֆրանկիստական վարչակարգի տապալումից հետո սա Իսպանիայի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ երկրում հայտարարվում է արտակարգ դրություն։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2010 թվականին, երբ գործադուլ էին հայտարարել ավիադիսպետչերները։

Տեղական մակարդակով արդեն իսկ իրականացվել են համաճարակի կանխարգելման մի շարք գործողություններ։ Մադրիդի իշխանություններն արդեն իսկ փակել են քաղաքի բոլոր սրճարանները, ռեստորանները և խանութները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բանկերի և լցակայանների։ Այդպիսի միջոցառումներ են իրականացվել նաև Գալիսիայում և Կատալոնիայում։

Շաբաթ օրը Մադրիդի իշխանությունները դրոնների օգնությամբ, որոնց վրա ամրացված են եղել բարձրախոսներ, քաղաքի բնակիչներին կոչ են արել փողոցներից հեռանալ տներ։ Սևիլիայի քաղաքապետարանը չեղարկել է Զատկի ավանդական տոնակատարությունները։ Կատալոնիայի առաջնորդ Քիմ Տորան հայտարարել է, որ ամբողջությամբ ցանկանում է մեկուսացնել շրջանը և խնդրել Մադրիդի իշխանություններին արգելափակել ավիացիոն, երկաթուղային և ծովային հաղորդակցությունը։ Հինգշաբթի օրը շրջանի ղեկավարությունը կարանտին էր հայտարարել Բարսելոնայից հյուսիս գտնվող 4 քաղաքներում, որտեղ գրանցվել էր վարակման մեծ թիվ։

Միջազգային մի շարք ավիափոխադրողներ չեղարկել են իրենց թռիչքներն Իսպանիա։ Շաբաթ օրը բրիտանական «Jet2» ավիաընկերությունն օդից հետ է կանչել իր ինքնաթիռներին, երբ ավիաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ չեղարկում է դեպի Իսպանիա բոլոր թռիչքները։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter