HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիան և Լիտվան փակում են սահմանները

Լատվիան և Լիտվան կորոնավիրուսի վտանգի պատճառով փակում են իրենց սահմանները։ Այդ մասին հայտնում է «BBC»-ն։ Լատվիայի ծովային, երկաթուղային, ավտոբուսային և միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցվելու է մարտի 17-ի կեսգիշերին։ Այդ մասին հրավիրված արտակարգ խորհրդի նիստի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։

Բացառություն կլինեն միայն Լատվիայի այն քաղաքացիները, որոնք վերադառնում են հայրենիք և այն արտասահմանցիները, որոնք որոշել են լքել Լատվիան։ Արտասահմանում գտնվող լատվիացիներին վարչապետը կոչ է արել մտածել վերադառնալու մասին։ Արգելքը չի տարածվի բեռնափոխադրումների վրա։

Մարտի 12-ին Լատվիայում հայտարարվել է արտակարգ դրություն, որի պատճառով դպրոցները և համալսարաններն անցել են հեռահար ուսուցման, չեղարկվել են 50 և ավելի մասնակցությամբ զանգվածային միջոցառումները։ Դպրոցներում տեղի ունենալիք կենտրոնացված քննությունները տեղափոխվել են մայիս ամիս։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Լատվիայում, որի բնակչությունը մոտ 2 միլիոն է, գրանցվել է կորոնավիրուսի վարակման 26 դեպք։ Իսկ Լիտվայում, որտեղ բնակչությունը 3 միլիոն է, գրանցվել է 8 դեպք։ Լատվիայի նման Լիտվան էլ երկուշաբթի օրվանից փակում է սահմանը։

«BNS» գործակալությունը հայտնում է, որ երկրում մարտի 16-ից հայտարարվել է կարանտին, որը նպատակամիտված է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

Լիտվայում կարանտինի հայտարարումից հետո կարգելվի արտասահմանցիների մեծամասնության մուտքը, կփակվեն խանութների մեծ մասը, բացառությամբ մթերային խանութների։ Արգելքը դարձյալ չի տարածվի բեռնափոխադրումների վրա։

Երկուշաբթի կեսգիշերից Լիտվայի քաղաքացիներին կարգելվի դուրս գալ երկրից, բացառությամբ` արտասահմանում աշխատող քաղաքացիների։ Արտասահմանյան երկրների քաղաքացիներին կտրամադրվի եռօրյա «հումանիտար միջանցք», որպեսզի նրանք կարողանան մեկնել իրենց երկրներ։

Էստոնիայում նույնպես հայտարարվել է արտակարգ իրավիճակ, որտեղ 1,5 միլիոն բնակչության պարագայում գրանցվել է կորոնավիրուսի 115 դեպք։ Էստոնիան փակել է իր կղզիների մի մասը և ստուգումներ սկսել սահմաններին։

Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 157 208-ի, մահացածների թիվը՝ 5843-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 75 940-ի։

 

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter