HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մասամբ փակվել է Էջմիածնի հագուստի «տոնավաճառը». վաճառողները պահանջում են այս օրերի համար հարկեր և վարձավճարներ չպահանջել

Այսօր մասամբ փակ էին Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, հանրությանը՝ «լեժանկաներ» անունով հայտնի հագուստի փոքր կրպակները: Տարածքը նման է հագուստի տոնավաճառների: Այս օրերի համար չկան հիգիենիկ կանոնները պահելու պայմաններ: Մարդիկ ազատ ելումուտ են անում տաղավարներով: Տարածքում դժվար է նաև ախտահանիչ միջոցներ ձեռնարկելը:

Մեծ մասը չէին բացել տաղավարները, սակայն, մի քանի հոգի դեռ աշխատում էին: Թեև հաճախորդներ չկային, շարժը կարծես թե դադարել էր, բայց մարդիկ հույս ունեին, որ «մի բան կվաճառեն»:

«Տարածքի համար ամիսը 60.000 դրամ վարձ եմ տալիս, չեմ կարող փակել ու գնալ տանը նստել: Թող ասեն՝ չաշխատած օրերի համար վարձ չեմ տալու, ես էլ հանգիստ գնամ տուն: Գիտեմ, որ վտանգավոր ա, մենք էլ ենք վախենում, բայց ի՞նչ անեմ: Մի կողմից վարձակալության գումարն ա, մյուս կողմից՝ հարկայինի: Ոչ մեկը չի եկել ասել, որ դուք էլ եք մարդ, կարող ա վարակվեք կամ վարակեք, չաշխատած օրերի համար փող մի տվեք, գնացեք տուն»,-նշեց վաճառողուհիներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում:

Հագուստների վաճառքի փոքր կրպակներ գործում են նաև Էջմիածնի շուկայի հարևանությամբ: Այստեղ ևս բնակիչներն անհանգստացած էին, սակայն, չփակելու պատճառաբանությունը դարձյալ վարձավճարներն ու հարկերն էին:

Էջմիածնի համայնքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում  ասաց, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր են ձեռնարկում քաղաքում բացօթյա առևտուրը դադարեցնելու ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի չեղարկեն լայնամասշտաբ միջոցառումները: Ըստ Մ. Պողոսյանի՝ 2 հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են և մինչև օրվա վերջ պարզ կլինի նաև նրանց դիրքորոշումը:

«Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված հագուստի խանութներին, քաղաքապետարանն այս պահին որևէ լծակ չունի, միայն հորդորում ենք, որ ձեռնպահ մնան: Տարածքները մասնավոր են և վարձակալության հարցերը պետք է կարգավորվեն սեփականատերերի հետ: Եթե արտակարգ իրավիճակ հայտարարվի, այդ ժամանակ գուցե նրանք, հանրային պատասխանատվությունից ելնելով, կգնան այդ քայլին և կզիջեն վարձավճարները»,- հավելեց լրատվության բաժնի պատասխանատուն:

Մարիամ Պողոսյանը չհիշեց, թե ովքեր են տարածքների սեփականատերերը, խոստացավ տեղեկատվություն տրամադրել երկուշաբթի: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի` տարածքները պատկանում են ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter