HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վատիկանում Զատկի ծիսակատարությունները կանցնեն առանց հավատացյալների

Վատիկանում Զատկի տոնական միջոցառումները, որոնց ամեն տարի մասնակցում են տասնյակ հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից, կկազմակերպվեն առցանց տեսահեռարձակման միջոցով։ Այդ մասին հայտնում է Սուրբ Աթոռը։

COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված, Վատիկանը չեղարկել է Զատկի հանրային բոլոր միջոցառումները։ Ավագ շաբաթվա շրջանակներում իրականացվող բոլոր պատարագները, որոնց մասնակցում են մի քանի տասնյակ հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից, այս տարի կանցնեն առանց «հավատացյալների ֆիզիկական ներկայության»։ Բացի այդ, Հռոմի Ֆրանցիսկոս պապի բոլոր պատարագները և ուղերձները կհեռարձակվեն առցանց ռեժիմով՝ ընդհուպ մինչև ապրիլի 12-ը։ Տեսանյութերը և ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն Վատիկանի պաշտոնական կայք էջում։

Մարտի 8-ին պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապը կիրակնօրյա աղոթքն ու Հրեշտակների աղոթքն արել է առցանց ռեժիմով, այլ ոչ թե Վատիկանի Առաքյալների պալատի պատշգամբից, ինչպես ավանդաբար արվում է։

Զուգահեռաբար, Էթիկայի հարցերով գերմանական խորհրդի նախագահ Պետեր Դաբրոկը, կորոնավիրուսի տարածման ֆոնին, կոչ է արել Գերմանիայում չեղարկել բոլոր պատարագները։ Նա անպատասխանատու է որակել եկեղեցիներում զանգվածային միջոցառումների կազմակերպումը, որոնց մասնակիցների մեծ մասը բարձր ռիսկայնության խմբի մեջ են և կարող են դառնալ վիրուսակիր։

Դաբրոկը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների «հանցավոր անփութության» մասին։

 

Ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, Ռուս ուղղափառ եկեղեցին դեռևս չի հրաժարվում պատարագների անցկացումից, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում օրեցօր ավելանում է կորոնավիրուսի վարակակիրների թիվը։ «Россия 24»-ի եթերում Ռուս ուղղափառ եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար մետրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ իրենք չեն փակի ոչ եկեղեցիները, և ոչ էլ կչեղարկեն պատարագները։

Այդուհանդերձ, նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կլսեն իշխանությունների և բժիշկների խորհուրդները։ «Եկեղեցին մի կողմում չի կանգնի, հեռվից հետևելով, թե ինչ է կատարվում։ Մենք միշտ հոգ կտանենք մեր հետևորդների ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական առողջության մասին»,- հավելել է Իլարիոնը։

 

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter