
«Էրեբունի» ԲԿ-ն սահմանափակում է ծննդատան մուտքը կորոնավիրուսով վարակակիր երկրներից ժամանածների համար
«Կանխարգելիչ միջոցառումներից ելնելով` «Էրեբունի» ԲԿ-ն արգելում է տեսակցության մուտքը ծննդատուն այն քաղաքացիների համար, որոնք վերջին 21 օրերի ընթացքում ժամանել են Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Սինգապուրից, Կորեայից»: Տեսակցությունների սահմանափակման մասին այս հայտարարությունը փակցված է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան մուտքի դիմաց:
Բոլոր այցելուները ծննդատուն և բժշկական կենտրոնի գլխավոր մուտք մտնելուց հետո ջերմաչափվում են:
ԲԿ-ի բուժքույրերից Գոհար Ավետիսյանը, չափելով նաև «Հետքի» լրագրողի ջերմությունը նշեց, որ ցանկացած մարդու, ով ներս է մտնում, ջերմությունն են չափում, ապա նոր համապատասխան սենյակն ուղղորդում: «Եթե այցելուի մարմնի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր է, կրկնակի ստուգում է անցկացվում և ուղարկվում թերապևտի մոտ»,- հավելեց բուժքույրը:
Իսկ ծննդատան ադմինիստրատիվ աշխատողն, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ հիվանդներին այցելության եկած բոլոր քաղաքացիներն ախտահանում են ձեռքերը, դիմակ կրում, ապա նոր բարձրանում տեսակցությունների սենյակ:
Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ԲԿ-ում խիստ հսկողություն է սահմանվել, հանգստյան օրերին անձնակազմը ամբողջությամբ աշխատում է: «Ծննդկանների տեսակցության վրա, բացառությամբ վերոնշյալ սահմանափակման, այլ արգելք այս պահին չկա»,- հավելեց Հունանյանը:
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կյանքը բնականոն հունով է ընթանում, հասարակական տրանսպորտը աշխատում է, բակերում կարելի է հանդիպել խաղացող երեխաների և առևտրականների:
Մեկնաբանել