Մալայզիայում 190 մարդ մզկիթում վարակվել է կորոնավիրուսով
Մալայզիայում մարտի 15-ին գրանցվել է Կորոնավիրուսի վարակման 190 նոր դեպք։ Վարակակիրների ճնշող մեծամասնությունը վարակվել է երկրի մզկիթներից մեկում։ Այդ մասին հայտնում է The Star պարբերականը՝ հղում անելով Մալայզիայի առողջապահության նախարարությանը։
Երկրի առողջապահության նախարար Ադհամ Բաբան կիրակի օրը հայտարարել է, որ վարակման գրեթե բոլոր նոր դեպքերը կապված են Ջամիք Պետալինգ մզկիթում տեղի ունեցած կրոնական միջոցառման հետ, որը ձգվել է փետրվարի 27-ից մարտի 1-ը։ Ընդհանուր առմամբ, կրոնական միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 16 հազարը, հայտնում է պարբերականը։
Նախարարությունը ենթադրում է, որ Ջամիք Պետալինգ մզկիթում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է էականորեն ավելանալ, քան հաղորդվել է ավելի վաղ։
«Մենք խնդրում ենք բոլորին, որոնք մասնակցել են միջոցառմանը, դիմեն առողջապահական տեղական մարմիններին՝ հետագա ցուցումներ ստանալու նպատակով»,- հայտարարել է նախարարը։
Կորոնավիրուսի տարածումից ի վեր Մալայզիայում վարակակիրների թիվը հասել է 428-ի։ Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը 162 501 է, մահացածների թիվը՝ 6068, իսկ ապաքինվածներինը՝ 75 968։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել