HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոլերում մարդկանց հոսքը քիչ է. լուսանկարներ

«Դալմա Գարդեն մոլի» որոշ խանութներում այսօր մանեքեններն ավելի շատ էին, քան հաճախորդները. առևտրի կենտրոնում մարդկանց հոսքը մեր այցելած ժամերին՝ 15:00-18:00-ին, սովորականից շատ ավելի քիչ էր։ 

Կարելի էր տեսնել դատարկ շարժասանդուղքներ ու միջանցքներ։

Մի քանի խանութների աշխատակիցներ մեզ հետ զրույցում նշեցին, որ նման իրավիճակ է առավոտվանից։ Այն խանութները, որոնք սովորաբար լի են լինում հաճախորդներով, այսօր բավական քիչ թվով մարդկանց են սպասարկել։ 

«Դալմա Գարդեն մոլում» համեմատաբար տեսանելի հոսք կար միայն «Երևան սիթի» սուպերմարկետում։ Մարդիկ գնում էին հիմնականում սնունդ, և ոչ մեծ քանակով։ 

Առևտրի կենտրոնի սննդի կետում ևս քիչ թվով մարդկանց կարելի էր տեսնել։ Այս հատվածում, սովորաբար, մարդաշատ է լինում։ 

Մարդիկ շրջում էին հիմնականում առանց դիմակների։ Ինչ-որ մի պահի որոշեցինք հաշվել, թե մեզ այդ պահին հանդիպած 10 հոգուց քանիսն են դիմակով. միայն 2-ը։ 

«Դալմա Գարդեն մոլի» ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարվել է, որ մարտի 16-ից մինչև մարտի 23-ը կենտրոնը փակ է լինելու։

«Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Այսօր հայտարարվել է նաև, որ մարտի 16-23-ը փակ կլինի մեկ այլ խոշոր առևտրային կենտրոն ևս՝ «Երևան մոլը»։ Չեն գործելու նաև «Երևան մոլի» կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։

«Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից»,- նշված է առևտրի կենտրոնի հաղորդագրության մեջ։

«Երևան մոլ»-ում այսօրվա խաղարկությունը հետաձգվել է. այստեղ ևս մարդիկ սակավաթիվ էին

«Երևան մոլ» առևտրի կենտրոնում մանկական սայլակները խնամքով դասավորված էին իրենց տեղում. այսօր փոքրիկ հաճախորդներ չունեն։  

«Երևան մոլում» այսօր երեկոյան խաղարկություն է նախատեսված եղել։ Սակայն, տեղեկացանք, որ ղեկավարությունը որոշել է խաղարկությունն օնլայն հեռարձակել։ 

Սրճարանները կարելի էր տեսնել երբեմն դատարկ, երբեմն՝ քիչ հաճախորդներով։

Որոշ խանութներում այցելուներ բացարձակապես չկային։

«Երևան մոլում» որոշակի աշխուժություն նկատեցինք միայն «Քարֆուր»  սուպերմարկետում։

Նույնպիսի պատկեր էր նաև «Ռոսիա մոլում»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter