HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռ․ «Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ․

«Վեհափառի հորդորն է հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ

Նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի և դրա կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղվելիք բազում հարցումները՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը:

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ:

Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին:

Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:

Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։

Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter