HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սարգիս Խանդանյան. «Կոչ եմ անում չթիրախավորել, չմեղադրել և չվիրավորել էջմիածնեցի կնոջը»

Մի քանի օր է` սոցիալական ցանցերում վիրավորանքի և ատելության խոսքեր են տարածվում էջմիածնեցի կնոջ հասցեին, որը Իտալիայից Հայաստան էր վերադարձել և փորձել էր թաքցնել ջերմություն ունենալու հանգամանքը: Այսօր տարածվեցին նաև նրանց ընտանեկան լուսանկարները` կրկին վիրավորական խոսքերով: Ուշագրավ է, որ նմանատիպ գրառումներ են կատարել նաև հանրային անձինք:

Այս մասին զրուցեցինք ԱԺ պատգամավոր, ատելության խոսքի դեմ պայքարի նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ:

-Որպես ԱԺ պատգամավոր, ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, ի՞նչ գնահատական կարող եք տալ Էջմիածնի հայտնի նշանդրեքից հետո մի ընտանիքի և մասնավորապես մի կնոջը թիրախավորելուն և ատելության խոսք տարածելուն:

-Անշուշտ, ցավալի է, որ մեր քաղաքացին Հայաստան ժամանելուց հետո չի գիտակցել պահի լրջությունը և անհրաժեշտ պատասխանատվությամբ չի վերաբերվել իր առողջությանը՝ թաքցնելով առողջական խնդիրները, հետևաբար նաև վտանգել է իր ընտանիքի և, առհասարակ, հանրության առողջությունը։ Այնուամենայնիվ, սոցիալական ցածր պատասխանատվությունը չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեկին թիրախավորելու, վիրավորելու կամ հայհոյելու համար։ Ես լիովին հասկանում եմ մարդկանց զայրույթը այս դեպքի առնչությամբ, բայց այս պահին այդ մարդուն վիրավորելը կամ ավելին՝ ատելության խոսքի թիրախում պահելը, որը գնալով տարածվում է սոցիալական ցանցերում, որևէ կերպ չի կարող փոխել իրավիճակը։ Ես առողջություն եմ մաղթում այդ կնոջը և բոլոր մարդկանց, ում մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, և հուսով եմ, որ բոլորը շուտով կապաքինվեն, իսկ վիրուսի տարածման տեմպը կնվազի և, ի վերջո, կդադարի Հայաստանում։

-Ձեր խոսքից տպավորություն է, որ Դուք ևս, ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղադրում եք քաղաքացուն սոցիալական ցածր պատասխանատվության համար, սակայն չկա՞, արդյոք, պետության պատասխանատվությունն այն հարցում, որ առողջական խնդրով քաղաքացին ի սկզբանե չի մեկուսացվել, և չե՞ք կարծում, որ ամենաբարձր մակարդակով ատելության խոսք է տարածվում այդ քաղաքացու հասցեին:

-Իմ խոսքից չի կարող այդպիսի տպավորություն ստեղծվել, որովհետև ես իմ խոսքում կոչ եմ անում չթիրախավորել, չմեղադրել և չվիրավորել էջմիածնեցի կնոջը։ Առողջապահության նախարարությունը ռիսկի գոտու երկրներից Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիներին պահել է ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար տեղեկանալով նրանց առողջական վիճակի մասին. այս մասին կարող են փաստել Իտալիայից, Իրանից վերադարձած քաղաքացիները։

-Որքանո՞վ է ընդունելի ամեն նոր վիրուսակրի հայտնաբերման դեպքում հիշեցումը, որ Էջմիածնի բնակիչը փորձել է թաքցնել իր` ջերմություն ունենալու փաստը, Ձեր թիմակիցները պարբերաբար հիշեցնում են այդ մասին: Չե՞ք կարծում, որ սա ատելության խոսքի ցայտուն դրսևորում է:

-Միանշանակ սա ատելության խոսքի դրսևորում չէ։ Սա օրինակ է՝ հիշեցնելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրավիճակին և սեփական առողջությանը պակաս պատասխանատվությամբ վերաբերվելը։ Քաղաքացիներին այս մասին հիշեցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, բայց, նորից եմ կրկնում, դա չպետք է զուգակցվի քաղաքացուն վիրավորելու կամ հայհոյելու հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter