HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյան․ «Այսօր ժամը 23:00-ից Էջմիածնի 27 ելքերից բաց կլինեն միայն 3-ը»

Այսօր, ժամը 23:00- սկսած՝ Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3-ը բաց կլինեն։  Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տեղում Էջմիածնի քաղաքացիների ջերմաչափում կիրականացվի, եւ նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրեն ինքնամեկուսանալ։

«Ժամը 23:00-ից բոլոր էջմիածինցիներին խնդրում ենք քաղաքը լքել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհով, որտեղ կլինի բուժկետ և ոստիկանական կետ, Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհով և Վաղարշապատ-Մասիս ճանապարհով։ Այս երեք ճանապարհները բաց կլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ այս պահին կորոնավիրուսի 28 հաստատված դեպքերից 18-ը կապված են Էջմիածնում տեղի ունեցած, վարչապետի ձևակերպմամբ, հայտնի նշանդրեքի հետ։

Փաշինյանը հայտնեց նաև, որ վաղն առավոտյան Կառավարությունում քննարկում կլինի՝ հասկանալու համար, թե ինչ այլ միջոցներ պետք է ձեռնարկել, կամ արդյոք կա՞ այդպիսի միջնոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։

Վարչապետն ու իր ընտանիքն այժմ մեկուսացած են Սևան քաղաքում՝ չնայած այն հանգամանքին, որ նա և կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ կորոնավիրուսի թեստ են հանձնել, որի պատասխանը եղել է բացասական, այսինքն՝ նրանց մոտ վիրուս չի հայտնաբերվել։

Այս անգամ վարչապետի ընտանիքի մեկուսացման պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիից Երևան գալիս կարճատև և ոչ սերտ շփում է ունեցել այն քաղաքացու հետ, ում մոտ այսօր կորոնավիրուս է հաստատվել։

«Վայքում մտանք բիստրո, և պարզվել է, որ այնտեղ այդ քաղաքացու մոտով անցել ենք: Դրա համար մոտ մեկ ժամ առաջ ես նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի։ Թեստի պատասխանը կլինի կեսգիշերն անց, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակի ինքնամեկուսացումը Սևանում։ Եթե պատասխանը լինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ Երևան և կաշխատեմ արդեն Երևանից, կառավարության իմ աշխատասենյակում»,-ընդգծեց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ սահամանդարական փոփոխությունների գալիք հանրաքվեին՝ նշելով, որ որևէ  քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային առողջությունը։

«Ըստ ամենայնի, առաջիկա օրերին մենք կքննարկենք և որոշում կկայացնենք։ Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպես, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք դրա մասին որոշում կկայացնենք։ Բայց այդ որոշումը կլինի հիմնավորված։ Այս պահին չեմ ուզում իմ վերջնական գնահատականն ասել։ Կառավարությունը վաղը կքննարկի նաև ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն կլինի։ Ես ուզում եմ ասել, որ մեր քայլերն ուղղված են ոչ թե մի իրավիճակի, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, այլ մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի և H1N1 վիրուսի հետ համեմատություններին, որը Հայաստանում բռնկվել է երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի.

 «Այն ժամանակ այսպիսի աժիոտաժ չկար, այսպիսի տրամադրություններ չկային, և պատճառն այն է, որ ինֆորմացիան այսքան շատ չէր, սոցցանցերն ավելի պասիվ էին։ Գուցե համացանցի ազատության, խոսքի և մամուլի այն աստիճան ազատությունը չկար Հայաստանում, որքան հիմա։ Այսօր մենք ավելի լավ վիճակում ենք գտնվում, ռիսկի գոտում գտնվող ընդամենը 2 պացիենտ ունենք՝ 67 և 70 տարեկան։ Նրանց ինքնազգացողությունը շատ լավ է»,-ասաց վարչապետը։

Անդրադառնալով հնչող այն կարծիքներին, թե պետք էր ի սկզբանե Իրանից և Իտալիայից եկող բոլոր քաղաքացիներին մեկուսացնել, Փաշինյանը նշեց, որ այդ երկու երկրներից Հայաստան եկած հարյուրավոր քաղաքացիներից ընդամենը 5-6 վարակվածության դեպք է արձանագրվել։

«Մեր որոշումը եղել է, որ մենք ըստ բժշկական ցուցման պետք է իրականացնենք մեկուսացումը, ոչ թե ուղղակի՝ ըստ ծագման երկրի։ Եթե այն ժամանակ սկսեինք համատարած մեկուսացում, բոլորս հասկանում ենք, որ մեկուսացումը չէր կարող լինել համատարած, չէինք կարող բոլորին մեկուսացնել ինչ-որ պայմաններում։ Եթե մենք այդպես վարվեինք, վաղը Իտալիայից ժամանող 150 քաղաքացիներին մեկուսացնելու տեղ չէինք ունենա։ Այսինքն` ստիպված էինք լինելու նրանց կոչ անել մեկուսանալ իրենց տներում։ Հետևաբար, էլի ով բարեխիղճ կգտնվեր, ինքնամեկուսացումը կպահպաներ, իսկ ով դա չէր պահպանի, մենք ավելի վատ համաճարակային վիճակում կլինեինք, մեր մեկուսացման հնարավորություններն ավելի պակաս կլինեին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենց գործողությունները եղել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորներին համապատասխան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter