HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ախտորոշման նոր հավելվածն Իրանում հետևում է քաղաքացիների տեղաշարժին

Մարտի 3-ին Իրանի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ իրենց բջջային հեռախոսներին երկրի առողջապահության նախարարությունից ստացել են հաղորդագրություն, որտեղ նրանց առաջարկվում էր ներբեռնել AC19 հավելվածը, որը, հայտարարության համաձայն, հնարավորություն է տալիս հասկանալու, թե անձը կամ նրա հարազատներն ունեն SARS-CoV-2 կորոնավիրուս, թե՝ ոչ։ Հավելվածի ստեղծողները խոստացել էին, որ օգտատիրոջն առաջարկվող հարցման միջոցով հավելվածը կպարզի, թե արդյոք քաղաքացին հիվանդ է։

AC19 հավելվածը ներբեռնելուց հետո՝ օգտատիրոջն առաջարկվում է տրամադրել անձնական հեռախոսահամարը, ինչպես նաև թույլտվություն է հարցնում օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալ համար։ «Vice»-ը նշում է, որ տեղեկատվության հավաքման հաղորդագրություն-նամակը եղել է անգլերեն, այլ ոչ թե պարսկերեն, այդ իսկ պատճառով շատ օգտատերեր չեն իմացել, թե ինչ կոճակ են ակտիվացնում։ Բացի այդ, օգտատերերի 40 %-ի բջջայինների Android համակարգերն ունեն հին օպերացիոն համակարգ։ Դա է պատճառը, որ նրանք չեն տեսնում այն հաղորդագրությունները, որոնք թույլտվություն են ուզում տեղորոշման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։

Իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, որը բնակվում է Լոնդոնում, հայտնել է, որ իրական ժամանակում հավելվածը կարող է հետևել մի կետից մյուսը մարդկանց տեղաշարժին։ Թե քանի մարդ է ներբեռնել հավելվածը, մինչև վերջ պարզ չէ։ Սակայն մարտի 11-ին Իրանի տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին «Թվիթերում» հրապարակել է քարտեզ, որտեղ կետերով երևում է շուրջ երեք միլիոն օգտատերերի գտնվելու վայրը։

Նախկինում Իրանն արդեն իսկ օգտագործել էր բջջային հավելվածներ, որոնք հնարավորություն էին տալիս հետևել քաղաքացիներին։ 2018 թվականին իրանական իշխանությունները ստեղծել էին «Golden Telegram» և «HotGram» հավելվածները, որոնք ներբեռնել էին շուրջ 30 միլիոն օգտատերեր։ Երկու հավելվածներն էլ նման էին «Telegram» հավելվածին, որը բավականին հայտնի է Իրանում։ Դրանից հետո «Telegram»-ի ղեկավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ իրանական հավելվածները կարող են լինել վտանգավոր։

Իրանը կորոնավիրուսի տարածման խոշոր օջախներից մեկն է աշխարհում։ Պաշտոնական տվյալներով` մարտի 14-ի դրությամբ՝ երկրում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 1365 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը անցել է 12 700-ը, 611 մարդ էլ մահացել է։ Այդուհանդերձ, քիչ չեն այն պնդումները, որ Իրանը թաքցնում է իրական տվյալները։

Լուսանկար՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter