HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերության տրանսպորտային միջոցներով փակվել են Էջմիածնի ճանապարհները

Այսօր չեն սպասարկվում «Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ-ի («Էջմիածին ԲՈՒԱՏ») կողմից իրականացվող Էջմիածնից Երևան, Մասիս, Աշտարակ և Էջմիածնի հարակից գյուղերի երթուղիները: Ընկերության ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով փակվել են Էջմիածին քաղաքի 24 ելքերը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 23:00-ից սկսած՝ Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3-ը բաց կլինեն։ Բաց են Էջմիածնից Աշտարակ (Շահումյան գյուղի ուղղությամբ), Երևան և Մասիս (Ոսկեհատ գյուղի ուղղությամբ) գնացող ճանապարհները: Նշված հատվածներում տեղում քաղաքացիների ջերմաչափում կիրականացվի։

«Էջմիածին ԲՈՒԱՏ»-ի տնօրեն Վաղարշակ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու գյուղեր գնացող և առհասարակ երթուղիները չեն սպասարկում: Նախ հարցից զարմացավ. «Դու տելեվիզր չես նայու՞մ, չգիտես, թե ինչի չի աշխատում»: Հարցին, թե արտակարգ իրավիճակ չէ, որ տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, հավելեց. «Մարդկանց բերեմ որտե՞ղ իջացնեմ, որ ճանապարհները փակ են»:

Վարազդատ Սարգսյանից նաև հետաքրքրվեցինք, թե ոստիկաններն ինչու են ճանապարհները փակել հենց ընկերության ավտոբուսներով: «Գնա ոստիկաններից հարցրա: Ասենք թե մեր ավտոբուսներն են, գնա ոստիկաններից հարցրա: Ես եմ ավտոբուսները տվել, որ փակեն: Իմ երեխու, իմ անվտանգության համար եմ տվել»:

Նշենք, որ ավտոբուսների մի մասն էլ ընկերության պարկում կանգնած էին:

Այսօր վաղ առավոտից հետևում էինք, թե ինչպես են ոստիկաններն ու բժիշկներն իրականացնում աշխատանքը: Ուշագրավն այն էր, որ չափվում էր միայն Էջմիածնից դուրս եկողների ջերմությունը, իսկ Էջմիածին՝ նշված 3 ուղղություններով, հանգիստ կարելի էր մտնել:

Այն քաղաքացիները, ովքեր ջերմություն ունեին՝ 37 աստիճան և ավելի, իջեցվում էին ավտոմեքենաներից: Հատուկ թերթիկում լրացվում էին նրանց տվյալները, կոնտակտային համարները և ճանապարհում էին:

Երեկ ժամը 23-ից Էջմիածին-Աշտարակ ճանապարհահատվածում հերթապահություն իրականացնող բժշկուհին ասաց, որ չգիտի, թե երբ է իր հերթափոխն ավարտվում, ոչինչ չեն տեղեկացրել: Նշեց, որ ժամը 8.30-ի դրությամբ արձանագրվել է 43 քաղաքացու տվյալ, ովքեր ունեցել են 37 աստիճան և բարձր ջերմություն:

Քաղաքացիների մի մասը տագնապում էր, երբ բարձր ջերմություն էր արձանագրվում: Բժիշկները հանգստացնում էին, թե վախենալու բան չկա: Ոմանք էլ նշում էին, թե ավտոմեքենայի ներսի բարձր ջերմաստիճանն է նպաստել, որ իրենց մարմնի ջերմաստիճանը բարձրանա: Բոլոր դեպքերում բժիշկները գրանցում էին քաղաքացիների տվյալները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter