HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արտուշ Եղիազարյան. «Եթե պետությունը քայլեր չձեռնարկի փոքր և միջին բիզնեսի ուղղությամբ, ապա շատերը կսնանկանան»

Գյումրիում գործող սրճարաններից Ռիժկովի ճեմափողոցում գտնվող «Բույս և մեղր» թեյարանն առաջինն է, որի մուտքի մոտ մարտի 13-ին հայտնվեց ձեռքերն ախտահանող նյութը և ցուցանակ-հորդոր՝ ներս մտնելուց առաջ օգտվել դրանից: Թեյարանի սեփականատեր Արտուշ Եղիազարյանն ասում է, որ աշխատակիցների ու հաճախորդների անվտագությունից ելնելով՝ շինության ներսում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել էին ավելի վաղ՝ երկրում կորոնավիրուսի տարածման լուրերին զուգընթաց: Վարակակիրների դեպքերի աճով պայմանավորված և հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով՝ հնարավոր է սրճարանը ժամանակավորապես փակեն, մանավանդ, որ վերջին երեք օրերին կտրուկ նվազել է հաճախորդների թիվը:

«Ես՝ որպես իրավագիտակից քաղաքացի, ի վերջո գնալու եմ այդ քայլին, սակայն սպասում եմ պետության մեսիջին նաև, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մասնավորին սնանկացումից փրկելու համար,- ասում է Արտուշ Եղիազարյանը,- կարծում եմ՝ պետական մակարդակով պետք է արագ անալիզ արվի, թե ինչ կպատահի, եթե զանգվածաբար փակվեն այն բոլոր օբյեկտները, որոնք ֆինանսապես սնուցում են երկիրը: Մարդիկ վարկեր ունեն վերցրած, տարածքների վարձակալներ են, աշխատողներ են պահում, աշխատավարձ ու հարկ են տալիս, և հաստատ, երբ զարգացման ծրագրեր են կազմել, նման ֆորս մաժորային վիճակ չեն նախատեսել»:

Զբոսաշրջության ոլորտը կաթվածահար է եղել ողջ աշխարհում: Զբոսաշրջային համարվող քաղաքները ֆինանսական մեծ կորուստներ են կրում: Գյումրին, որ վերջերս էր հայտնվել հեղինակավոր «Ֆորբսի» էջերում, որպես գրավիչ տուրիստական ուղղություն, դեռ դրական արդյունքները չտեսած՝ ստիպված է լինելու հաշվել վնասները:

«Դե ձմեռը դժվար շրջան է համարվում, և մենք սովորաբար «դիմանում» ենք մինչև գարնան գալը, այսինքն՝ բուն տուրիզմի շրջանի բացումը: Անցած տարվա էդքան գովազդներից հետո, որ արվեց, թե՛ ներքին տուրիզմի զարգացման ուղղությամբ, թե՛ արտաքին աշխարհին ավելի գրավիչ երևալու առումով, հիմա կանգնած ենք փաստի առաջ: Մարտ ամսից արդեն մեր հաճախորդների թիվը սկսել էր կրճատվել ու էս շաբաթ, եթե համեմատական տանեմ, հասավ պիկին: Սովորաբար շաբաթվա վերջին երեք օրերին մեր մոտ ազատ տեղեր գտնել հնարավոր չէր լինում: Այսօր կիրակի է, բայց տպավորություն է, որ երկուշաբթի է, քանի որ հատուկենտ այցելուներ ունենք: Հաճախորդները պակասել են, սակայն մեր ֆինանսական պարտավորություները մնացել են նույնը»,- ավելացնում է Արտուշ Եղիազարյանը:

Սրճարանի ծախսն ամեն ամիս կազմում է մոտ 2 մլն դրամ: Տարածքը վարձակալական հիմունքներով է: Եկամուտը պակասելուն զուգահեռ պակասում է միայն շրջանառության հարկը, մնացած բոլոր տեսակի վճարումները՝ վարձակալական գումար, աշխատավարձ, հարկեր և այլն, մնում են նույնը:

«Պետք է հաշվի առնենք, որ մեծ մասը վարկերի տակ է, ու բոլոր տնտեսվարողները չէ, որ սեփական տարածքներում են գործունեություն ծավալում: Եթե պետական աշխատողները հանգիստ են, որ կրիզիսի նման պայմաններում կպահպանվի իրենց աշխատավարձն ու աշխատատեղը, ապա չմոռանանք, որ մասնավորն ինքն է ստեղծում իր աշխատավարձը, իր աշխատողների աշխատավարձը, վճարում է հարկեր, որից սնվում է բյուջեն, և որից վճարվում են այդ նույն պետական աշխատողները,- նկատում է զրուցակիցս,- եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ որոշել են պաշտպանել բիզնեսն ու գումարներ են առանձնացրել: Գիտեմ, որ Շվեյցարիան 10 մլրդ ֆրանկ է տրամադրել, իսկ մեր պետության մասով առայժմ որոշումներ չկան»,- շարունակում է նա:

Արտուշ Եղիազարյանն ամեն դեպքում լավատես է, ասում է, կարդացել է, որ օրերը տաքանալուն զուգընթաց կորոնավիրուսը կնահանջի, բայց մինչև այդ օրն առանց կորուստների հասնել է պետք:

«Ես տուրիզմի ոլորտում աշխատող ընկեր ունեմ, վերջերս զրուցում էինք, ասում է, թե տարվա սկզբին արդեն մեծ թվով խմբերի այցելության հայտեր են ունեցել, որն աննախադեպ է եղել, և դրանք հիմա չեղարկված են մինչև հունիս: Ահա այսպիսի անորոշ վիճակ է, որովհետեւ կորոնավիրուսով պայմանավորված՝ տեղացիներն էլ նախկին ակտիվությամբ չեն օգտվում մեր ծառայություններից, դե դրսից եկողների թվի կտրուկ նվազման մասին էլ չասեմ: Ոչ ոք չգիտի՝ ինչ զարգացումներ կլինեն, ասենք, մեկ ամսից, սակայն իրավիճակը մեղմելու համար Կառավարությունը պետք է արագ քայլեր ձեռնարկի, առանց աջակցության դժվար կլինի»,- շեշտում է Արտուշ Եղիազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter