Վարչական դատարանի երկու դատավոր որոշել են հետաձգել իրենց վարույթում գտնվող դատական նիստերը
Վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանը և Զարուհի Նախշքարյանը որոշել են հետաձգել իրենց վարույթում եղած դատական նիստերը։ Նրանք այս մասին գրառում են կատարել «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում։
«Հարգելի դատավարության մասնակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի մասին պաշտոնական հաղորդումները, Բարձրագույն դատական խորհրդի, Փաստաբանների պալատի հայտարարությունները, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերը և կարևորելով հանրային առողջությունը՝ իմ վարույթում առկա գործերով 2020 թվականի մարտի 17-20 ընկած ժամանակահատվածում նշանակված դատական նիստերը (բացառությամբ դատական ակտերի հրապարակումների) կարճ ժամկետով հետաձգում եմ: Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կծանուցվեք: Խնդրում եմ դատական գործերի ընթացքին հետևել նաև առցանց՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգի միջոցով, ինչպես նաև հարցերի դեպքում կապ հաստատել իմ աշխատակազմի հետ՝ հետևյալ հեռախոսահամարով 010 447121 (ներքին՝ 229): Բոլորիս առողջություն»,- գրել է դատավոր Ռուզաննա Ազրոյանը։
Դատավոր Զարուհի Նախշքարյանն, ով ֆեյսբուքում գրանցված է «Զարուհի Դանիելյան» անունով, ավելի երկար ժամանակով է որոշել հետաձգել նիստերը։
«Հարգելի դատավարության մասնակիցներ, հաշվի առնելով Առողջապահության Միջազգային Կազմակերպության կողմից հայտարարված պանդեմիայի փաստը, Բարձրագույն դատական խորհրդի, Փաստաբանների պալատի հայտարարությունները, ինչպես նաև քաղաքացիները ահազանգերը և կարևորելով հանրային առողջությունը՝ իմ վարույթում առկա գործերով 2020 թվականի մարտի 16-23 ընկած ժամանակահատվածում նշանակված դատական նիստերը հետաձգվում են:
Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կծանուցվեք: Խնդրում եմ դատական գործերի ընթացքին հետևել նաև առցանց՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգի միջոցով, ինչպես նաև հարցերի դեպքում կապ հաստատել աշխատակազմի հետ՝ հետևյալ հեռախոսահամարով 010 243635:
Բոլորիս առողջություն,- գրել է դատավորը։
Լուսանկարում՝ ձախից՝ Զարուհի Նախշքարյանը, Ռուզաննա Ազրոյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել