HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դասեր չեն լինի, հավաքներն արգելվեցին․ ինչ է կարելի, ինչ՝ ոչ արտակարգ դրության ժամանակ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կառավարությունն այսօր որոշեց ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17։00-ն, երկրում արտակարգ դրություն հայտարարել։ Դրա համար ստեղծվեց պարետատուն, որի ղեկավար նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պարետատունը կոնկրետ կազմ ունի, բայց Տիգրան Ավինյանի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել մի շարք պաշտոնատար անձինք։ Արտակարգ դրության որոշմանը կից ներկայացվել են առաջիկա մեկ ամսվա սահմանափակումները, այլ կերպ ասած՝ ռեժիմը։

Երկիր մուտք ու ելք անելու հատուկ կարգ է սահմանվել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռներ փոխադրելու համար։ Հայաստան կարող են գալ ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, դիվանագետները և նրանց ընտանիքի անդամները։

Հայաստան չեն կարող գալ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային լարված իրավիճակ է։ Այդ երկրների ցանկը հաստատելու է պարետ Տիգրան Ավինյանը։ Բացառություն են կազմում դիվանագետները։ Պարետը կարող է արտակարգ դրության ընթացքում վերանայել ռիսկային երկրների ցանկը՝ ըստ համաճարակի նվազման։ Այս սահմանափակումները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք առաջիկա ժամերին (մինչը կեսգիշեր) կվերադառնան կամ վերադառնում են Հայաստան։ Հայաստանից ցամաքային սահմանով երկիրը լքելն արգելվել է՝ բացառությամբ բեռնատարների վարորդների։

Անցակետով Հայաստան եկած անձանց անհապաղ զննելու են, իսկ ախտանիշների առկայության դեպքում՝ հոսպիտալացնելու։ Եթե ժամանողները հրաժարվեն զննությունից կամ հոսպիտալացումից, կմեկուսացվեն պարետի սահմանած վայրերում։ Համաճարակային երկրներից ժամանող անձինք կտեղափոխվեն կարանտինի վայր։

Պարետը կարող է առանձին համայնքների համար առանձին սահմանափակումներ մտցնել։ Ստորև ներկայացնում ենք ամբողջ երկրի տարածքում ընդհանուր սահմանափակումները։

Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է նախակրթարանների, դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքը։ Սահմանափակումը վերաբերվում է նաև սպորտդպրոցներին, մշակույթի դպրոցներին, երաժշտական, նկարչական կենտրոններին։ Սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների վրա:

Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում է հավաքներ և գործադուլներ անցկացնել։

Սահմանափակվել է լրատվամիջոցների գործունեությունը։ ԶԼՄ-ները համաճարակի վերաբերյալ իշխանության տրամադրած տեղեկությանը հակասող լուրեր չպետք է տարածեն։

Արդեն պարետի ցուցումով քաղաքներում և գյուղերում կարող է արգելվել հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը: Օրինակ՝ պարետը կարող է որոշում ընդունել  Էջմիածին քաղաքում սահմանափակել ռեստորանների գործունեությունը և այլն։

Պարետը լայն լիազորություններ ունի՝ ըստ անհրաժեշտության կոնկրետ քաղաքում և գյուղում ռեժիմ սահմանելու։

Պարետի որոշմամբ՝ կոնկրետ տարածքներում կարող է արգելվել հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.

  • համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,
  • ժամանցային միջոցառումները,
  • տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները,
  • պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

Պարետի որոշմամբ մարդկանց և ընկերություններին պատկանող գույքը, դեղերը, բժշկական պարագաները կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ։ Հետագայում այդ մարդկանց փոխհատուցում կտրամադրվի։

Այսինքն, երկրում կրթական հաստատությունները փակ են լինելու, հավաքներն արգելված են, ԶԼՄ-ների գործունեությունը՝ սահմանափակված։ Մնացած դեպքերում պարետ Տիգրան Ավինյանն ըստ անհրաժեշտության պետք է առանձին որոշումներ ընդունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter