Արսեն Թորոսյան․ «Այսօր 20 անձ է թեստավորվել, հնարավոր է՝ մինչև օրվա ավարտ այդ թիվը 50-ի կամ 60-ի հասնի»
Երեկ երեկոյան կորոնավիրուսի հաստատված դեպքերից հետո դրանց հետ կապված նոր մեկուսացումներ են եղել, այս պահին հաստատված դեպքերի թիվը շարունակում է մնալ 30, քանի որ հանձնված նոր թեստերի արդյունքները դեռևս պատրաստ չեն։ Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վերջինս հայտնեց, որ 30 պացիենտներից մեկն այս պահին դուրս է գրվել, քանի որ համարվում է առողջացած, մյուս բոլոր անձանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, երկուսի մոտ առկա է թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Նախարարի խոսքով՝ այսօր առավոտվա դրությամբ՝ մեկուսացվածների թիվը եղել է 380, սակայն օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է, հնարավոր է՝ մինչև օրվա ավարտ այդ թիվը հասնի 420-ի կամ 430-ի։
Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա ընթացքում մոտ 20 անձ է թեստավորվել, հնարավոր է՝ մինչև օրվա ավարտ այս թիվը 50-ի կամ 60-ի հասնի։
Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի ախտորոշման ստացվելիք արագ թեստերը հնարավորություն կտան 15 րոպեում հաստատել կամ հերքել անձի մոտ կորոնավիրուսի առկայությունը:
«Ներկրման օր կոնկրետ չեմ կարող ասել, այն կախված է միջազգային լոգիստիկ խնդիրներից, բայց մենք առնվազն մեր հիմնական թեստերի մասով ամբողջությամբ ապահովված ենք: Օրական մինչև 100 հետազոտություն անում ենք: Ռապիդ (արագ-հեղ.) թեստերը, հավանաբար, երկու տեսակով կլինեն՝ թքով և արյունով ախտորոշող: Թքով ախտորոշող թեստերը կօգտագործվեն սահմանային անցակետերում, արյունովները՝ հիվանդանոցներում»,- ասաց Թորոսյանը:
Նա նշեց, որ մինչև շաբաթվա վերջ Հայաստանում ընդհանուր առմամբ կլինի 5500 սովորական թեստ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ արտակարգ դրությունը չի նշանակում, որ Կառավարության նիստում քննարկված բոլոր գործողությունները միաժամանակ իրականացվելու են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Բադասյանը նշեց, որ քննարկման առարկա է դարձել այն հանգամանքը, որ Կառավարության որոշմամբ պարետին տրվել են առանձին լիազորություններ։
Իրականում դա այդպես չէ․ օրենքով սահմանված բոլոր սահմանափակումները, որոնք հնարավոր են եղել և անհրաժեշտ, կառավարության որոշմամբ արձանագրվել են ՀՀ ամբողջ տարածքի համար, բայց ելնելով համաչափության սկզբունքից՝ համապատասխան լիազորություններ են տրվել պարետին, որպեսզի ինքը որոշի՝ այդ միջոցառումները ո՞ր վարչական շրջանում կամ ո՞ր տարածքում են իրականացվելու»,- ասաց Բադասայանը։ Վերջինս նշեց, որ կրոնական արարողություններն իրենք որոշմամբ չեն արգելել, պարզապես դրանց դեպքում ևս կգործի այդ միջոցառումներին 20 հոգուց ավելի անձանց մասնակցության արգելքը, քանի որ կրոնական արարողությունները ևս համարվում են հանրային միջոցառումներ։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ մթերային խանութները, դեղատները փակելու խնդիր չկա։ Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ իրենց ընդունած որոշման տրամաբանությունն այն է, որ անձանց ոչ կենսական նշանակության շփումները նվազեցվեն։
Լուսանկարում՝ Արսեն Թորոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել