HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Մենք չենք ասել` բոլոր ռեստորաններն ամբողջ հանրապետությունում պետք է փակվեն»

Պարետին տրված է լիազորություն՝ սահմանել այն օբյեկտները, որոնք չպետք է գործեն:

Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցադրմանը, թե արդյոք զվարճանքի վայրերը, օրինակ՝ դիսկոտեկներն աշխատելու են արտակարգ ռեժիմի պայմաններում:

«Հիմա գործում է հետևյալ տրամաբանությունը. եթե որևէ տարածքի վերաբերյալ չի կայացվել որոշում, որ այդ օբյեկտները չպետք է գործեն, ուրեմն այդ օբյեկտները պետք է գործեն»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ պարետն ունի լիազորություն, համաճարակային իրավիճակից ելնելով, արգելել որևէ հանրային օբյեկտի գործունեությունը:

«Երկու շահ կա, պարոն Մարուքյան, մարդը, որ եկամուտ ունենա, և որ չվարակվի վիրուսով: Եթե այս մոտեցումներից որևէ մեկը բացարձակացնեինք, արդյունքում հաղթահարելն ավելի դժվար էր լինելու: Մենք էսօր չենք ասել` բոլոր ռեստորաններն ամբողջ հանրապետությունում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ նախ՝ էդ միջոցը պետք է արդարացված լինի, երկրորդ` արդյունավետ լինի, երրորդ` երբ բոլոր ռեստորանները փակում ենք, բոլոր ռեստորանների մատուցողներին ասում ենք՝ վերջ, եկամուտ չեք ստանում, էստեղից հարց` բա որտեղի՞ց ենք այդ եկամուտը ստանում: Դրա համար օպերատիվ այդ որոշումները կկայացնենք ըստ իրավիճակի»,- ասաց նա:

Մարուքյանը հետաքրքրվեց նաև, թե ինչու է պարետ նշանակվել փոխվարչապետ Ավինյանը և ոչ թե վարչապետը: Փաշինյանը մանրամասնեց` գործողությունների տրամաբանությունն այն է եղել, որ հանձնաժողովը, որը հունվարից գործում է, փոխի իր կարգավիճակը և այլ կարգավիճակով աշխատի, իսկ այդ հանձնաժողովի նախագահը փոխվարչապետն էր:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մարզերում լինելու են վիրուսը բացահայտող թեստեր, Փաշինյանն ասաց. «Կարևոր է ոչ միայն թեստը ֆիզիկապես ունենալը, այլև կարևոր է թեստը պրոֆեսիոնալ ձևով իրականացնել, հերմետիկությունն ապահովել, լաբորատորիայում ախտորոշել: Մենք հանրապետությունում երեք լաբորատորիա ունենք, որտեղ վստահաբար կարող ենք ասել՝ կախտորոշվի»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` նման իրավիճակում մարզի բնակիչը կարող է դիմել ոստիկանություն կամ շտապ օգնության ծառայություն, և բուժանձնակազմը հետագա ցուցումները կտա:

«Բայց ջերմություն ունենալը դեռ փաստ չէ, որ բոլորին պետք է թեստի ենթարկել: Ես ձեզ կարող եմ բերել իմ օրինակը. երեկ, երբ ինձ ուղարկեցին կադրեր, թե ես ոնց եմ մարդու հետ շփվել, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ես ջերմությունս չափեցի և տեսա, որ ջերմություն ունեմ, բայց թեստս եղավ բացասական: Նախարարն ասում էր, որ 0000,1 տոկոս է հավանականությունը, երևի ակնարկում էր, որ էդ մի քանի թեստը չփչացնենք, բայց քանի որ իրավիճակը նուրբ էր, ես պնդեցի, խնդրեցի, որ դա լինի: Նկատի ունեմ՝ փաստ չէ, որ բոլոր տաքություն ունեցողներին պետք է թեստ անել»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter