
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի:
Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցադրմանը, թե արտակարգ դրության պայմաններում ինչ է որոշվելու հանրաքվեի կապակցությամբ:
«Օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պամաններում հանրաքվեն տեղի ունենալ չի կարող, այն կարող է լինել արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ 50 և ոչ ուշ 65 օր հետո: Պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև խանութներում տիրող գնաճին, հատկապես՝ առաջնային սպառման ապրանքների դեպքում, հետաքրքրվելով, թե արդյոք պետությունը վերահսկում է առկա իրավիճակը, թե ոչ:
Վարչապետն արձագանքեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է այդ երևույթի դեմ:
«Բայց գնաճի դեմ պայքարը մենք ինքներս` սպառողներս, կարող ենք անել, պայմանավորվենք, որ խուճապային գնումներ չենք իրականացնում»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` որոշ ապրանքների դեպքում կարող է օբյեկտիվ գնաճ լինել, ինչպես, օրինակ, դիմակների, սակայն պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ այդ գնաճն անտրամաբանական չլինի:
Մեկնաբանել