HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից «երկու» կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական փուլը

Այս տարին Հայաստանում եւ Ադրբեջանում անցավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նշանի տակ: Ըստ էության, այս ամենին տոն տրվեց դեռ անցած տարվա ամռանը, երբ միջնորդները, իսկ նրանցից հետո նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, անսպասելիորեն հայտարարեցին ամենամոտ ժամանակներս հակամարտության լուծման հնարավորության մասին: Եվ նույնիսկ ներկայացրեցին լուծման ընդհանուր ուրվագիծը, որի քննարկումը սկսվեց դեռեւս 2004 թվականի ամռանը Պրահայում, ինչի համար էլ այն սկսեց կրել «Պրահայի գործընթաց» անունը: Այդ առաջարկությունների իմաստը հետեւյալն էր. հայերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջը օկուպացրած տարածքներից, որտեղ վերադառնում են ադրբեջանցի փախստականները, վերականգնվում են հաղորդակցությունն ու երկու ժողովուրդների միջեւ այլ կապերը, դրանով վերականգվում է կողմերի միջեւ վստահությունը: Եվ այս գործընթացի ավարտին հանրաքվեի միջոցով որոշվում է հակամարտության ամենագլխավոր եւ վիճահարույց հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Այս սկզբունքներում բավական աղոտ բնույթի շատ բան կար: Կողմերի ամենասուր արձագանքին արժանացավ հանրաքվեի հարցը: Ադրբեջանում այն ծայրահեղ բացասական էր: Եվ քանի որ այդ սկզբունքները շրջանառության մեջ դրվեցին Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, եւ դա կարող էր լուրջ դերակատարություն ունենալ, ապա երկրի իշխանությունները պահն անհաջող համարեցին եւ շտապեցին հայտարարել, որ ղարաբաղյան կարգավորման մեջ հանրաքվեի հարց ընդհանրապես չկա: Իհարկե, միջնորդներն ըմբռնեցին ադրբեջանական իշխանությունների այս քայլը, եւ ժամանակավորապես ղարաբաղյան թեմատիկան անցավ երկրորդ պլան:

Սակայն խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո Մինսկի խմբի միջնորդներից ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվեն Մանը հայտարարեց, թե հակամարտող կողմերն մոտեցել են կարգավորմանը ինչպես երբեք, եւ խաղաղ համաձայնագիրը կստորագրվի 2006 թվականին: Չէ՞ որ այս տարի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում չէր լինելու որեւէ ընտրություն, եւ ինչպես ներկայացնում էին միջնորդները հակամարտող երկրների բնակչությանը, չկա նաեւ քաղաքական նպատակներով կարգավորման գործընթացն օգտագործելու հնարավորություն:

Արդեն այն ժամանակ աչքի էր զարնվում բանակցային գործընթացում ԱՄՆ գլխավոր դերակատարությունը: Իհարկե, ֆրանսիական, եւ առավելեւս ռուսաստանյան համանախագահներն էլ էին անում որոշակի հայտարարություններ, բայց դրանք ավելի շուտ հերթապահ բնույթ էին կրում: Ադրբեջանում եւ Հայաստանում ոչ մեկը չէր կասկածում, որ ամերիկացիների շտապողականությունն ու ակտիվությունը սերտորեն կապված էր Բաքու- æեյհան նավթատարի գործարկման եւ ավելի ու ավելի վատացող իրանա-ամերիկյան հարաբերությունների հետ: Այլ կերպ ասած' հայերն ու ադրբեջանցիները վստահ էին, որ միջնորդների, հատկապես ԱՄՆ-ի' ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս արագ լուծելու ձգտման վրա ազդեցություն է ունեցել նախեւառաջ աշխարհաքաղաքական գործոնը:

Այսպես թե այնպես, բայց արդեն այս տարվա հունվարին հայտնի դարձավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Ֆրանսիայում կայանալիք հանդիպման մասին, որի ընթացքում պետք է ստորագրվեր խաղաղության մասին համաձանագիրը: Այս փաստը միանգամից մի կողմ դրեց երկու երկրներում տեղի ունեցող քաղաքական եւ այլ իրադարձությունները: Հնարավոր է, որ եթե չլիներ հակամարտությունն անպայման այս տարի լուծելու մասին Սթիվեն Մանի հանրահայտ հայտարարությունը, չէր լինի նաեւ նման իրարանցում: Եվ հայերի ու ադրբեջանցիների համար իրենց նախագահների փետրվարյան հանդիպումը կդառնար հերթականը' 25-րդը, թե մեկ այլը, ճշգրիտ թիվը նույնիսկ փորձագետներն են մոռացել, էլ չեմ ասում շարքային քաղաքացիների մասին: Բայց Սթիվեն Մանը հավաստեց, որ հենց այս տարի հակամարտությունը կլուծվի, եւ հակամարտող երկրները վայրկենապես շարժման մեջ դրվեցին:

Ողջ հունվարի ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը տենդի մեջ էին, փորձագետները, քաղաքագետները եւ աստված գիտի թե էլի ինչ «-գետները» քննարկում էին, բացատրում եւ ապացուցում էին, թե ինչ առավելություններ եւ բացասական կողմեր ունի առաջարկվող խաղաղությունը: Արդեն այն ժամանակ զգացվում էր, որ հայերի համար առաջարկվող խաղաղությունն ընդունելի է: Չէ՞ որ խոսքը, փաստորեն, այն մասին էր, որ ի պատասխան Ադրբեջանին օկուպացված շրջանների վերադարձման' Լեռնային Ղարաբաղը դառնում էր անկախ: Ճիշտ է, ոչ միանգամից, այլ 10-15 տարի հետո: Բայց ի՞նչ տարբերություն: Գլխավորն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը իրավական առումով դուրս էր գալիս Ադրբեջանի կազմից:

Բնական է, որ դրան համաձայն չէր մյուս կողմը, եւ այդ պատճառով Ադրբեջանում ծայրահեղ բացասաբար վերաբերվեցին հակամարտության կարգավորման առաջարկվող տարբերակին: Հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները գիտակցեցին այդ փաստը, եւ որպես հետեւանք' Ռամբույեում կայացած փետրվարյան հանդիպումը տապալվեց: Հայերն ու ադրբեջանցիները միաձայն գնահատեցին այս փաստը որպես տապալում, ինչը, սակայն, նրանց շատ չանհանգստացրեց: Չէ՞ որ ադրբեջանցի եւ հայ փորձագետների' Ռամբույեին նախորդած մեկնաբանություններում գերակշռում էր անհանգստությունը իրենց դիվանագիտական հնարավոր պարտության համար: Հայերը գրում էին իրենց վրա ԱՄՆ հսկայական ճնշումների մասին, ադրբեջանցիները նույն կարծիքին էին, սակայն վստահ էին, որ ամերիկացիների ճնշումներին ենթարկվում է իրենց երկիրը: Այժմ երկու կողմերը թեթեւացած շուչ քաշեցին' «լավ պրծանք»:

Հատկանշական է, որ ռուսաստանյան եւ ֆրանսիական միջնորդները նույնպես չէին թաքցնում, որ Ռամբույեի հանդիպումը տապալվել է: Ամերիկացիների դիրքորոշումն այլ էր: Այո, նրանք խիստ հիասթափված էին փետրվարյան հանդիպման արդյունքներից: Բայց մեջտեղ բերված խաղագումարը չափազանց մեծ էր ձեռքերը միանգամից իջեցնելու համար: Ամերիկացիների հիասթափությունը հանգեցրեց Սթիվեն Մանի հրաժարականին, որին փոխարինեց Մեթյու Բրայզան: Եվ նորից ամերիկացիները սկսեցին հսկայական ուժ գործադրել, որպեսզի հասնեն առաջարկվող տարբերակի ընդունմանը: Ընդհանրապես, կողքից թվում էր, թե ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորումն ավելի շատ անհանգստացնում էր ամերիկացիներին, իսկ հակամարտող կողմերը պարզապես նրանց մեծ լավություն էին անում:

Սակայն հունիսին Բուխարեստում ձեռնարկված երկրորդ փորձը հանգեցրեց նույն բացասական արդյունքին: Եվ դրան հետեւեց ամերիկյան արձագանքը: Մեթյու Բրայզան արեց հայտարարություն, որտեղ բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ներկայացրեց կողմերին առաջարկվող խաղաղության ծրագրի էությունը: Սա Ադրբեջանում եւ Հայաստանում բավական բուռն արձագանքի արժանացավ, հրահրեց կողմերի միջեւ դիվանագիտական բախում, որի ընթացքում մի մեղադրանքին հաջորդում էր մեկ ուրիշը: Միաժամանակ հնչում էին մեղադրանքներ Մեթյու Բրայզայի եւ ընդհանրապես Մինսկի խմբի հասցեին: Չէ՞ որ, սովորաբար, բանակցային գործընթացը զարգանում էր գաղտնիության պայմաններում, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները դրա մասին իմանում էին այս կամ այն ծրագրի տապալումից հետո: Այն էլ' ոչ ամբողջապես:

Վերջապես, հունիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի Վիեննայում կայացած նստաշրջանում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան ղարաբաղյան կարգավորման մասին համատեղ հայտարարությամբ: 12 տարիների ընթացքում առաջին անգամ հրապարակվեցին նախագահների քննարկած խաղաղության ծրագրի սկզբուքները: Հայտարարության տեքստում ուղղակի ասվում է «հասարակական լայն շրջանակներին տեղեկացնելու» եւ նրանց «այդ սկզբունքների քննարկումների մեջ ընդգրկելու» անհրաժեշտության մասին: Այլ խոսքերով' միջնորդներն առաջին անգամ երկու հասարակություններին կոչ արեցին քննարկել առաջարկվող տարբերակները:

Ինչպե՞ս արձագանքեցին դրան մեր հասարակությունները: Հայերը ցուցաբերեցին բավական զուսպ վերաբերմունք: Թող որ վերապահումներով, բայց առաջարկվող ծրագիրը, փաստորեն, նշանակում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից: Բայց հայերը վստահ չէին, որ ադրբեջանական կողմը, նույնիսկ միջնորդների ճնշումների տակ հանրաքվեի անցկացմանը համաձայնություն տալուց հետո, չի հրաժարվի դրանից հետագայում: Սա ստիպում էր հայերին լինել ծայրաստիճան զգուշավոր եւ պատրաստել պահուստային տարբերակներ: Եվ որպես հաղթաթուղթ ջրի երես դուրս եկավ Լաչինի եւ նույնիսկ Քելբաջարի շրջանների մասին հարցը:

Ադրբեջանում, ի դեմս արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իշխանությունները զգուշորեն հայտարարեցին, որ հանրաքվեի գաղափարը բավարար չափով արդյունավետ է: Այս հայտարարությունը միանգամից բացասական արձագանքի արժանացավ: Սակայն հարաբերականորեն վերջերս ծագած Ղարաբաղի հարցով Հասարակական Խորհուրդը ( դրա կազմում ընդգրկված են երկրում բավական հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ ) անսպասելիորեն հանդես եկավ հայտարարությամբ, որով հավանություն էր տրվում Մինսկի խմբի հունիսի 22-ի եւ ադրբեջանցի արտգործնախարարի հայտարարություններին: Եվ առաջին հերթին հավանություն տրվեց հանրաքվեի գաղափարին: Սա բավական հախուռն արձագանքի արժանացավ Ադրբեջանում, այնքան էր հակասում ադրբեջանական հասարակության մեջ տիրող տրամադրություններին, որ Հասարակական Խորհրդի անդամները ստիպված էին հետագայում բազմաթիվ հայտարարություններ անել, որտեղ նրանք փորձում էին իրենք իրենց արդարացնել: Պարզվում է' բանն այն է, որ մեզ ձեռնտու չէ Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի առաջ վատ լույսի ներքո հանդես գալը: Պետք է այնպես անել, որ հայերը տապալեն առաջարկվող ծրագիրը: Կամ, ինչպես գեղեցիկ կերպով արտահայտվեց Խորհրդի անդամ Է.Նամազովը. «Հայերը պետք է տապալեն իրենց ժողովրդավարության թեսթը»: Չէ՞ որ հանրաքվեն ժողովրդավարական գործընթաց է, եւ չի կարելի նրանից այդքան պարզորեն հրաժարվել:

Գլխավորը ձեւացնելն է, թե մենք համաձայն ենք, իսկ հետո այնպես անել, որ հայերը տապալեն բանակցային գործընթացը, նրանց ուղղվեն բոլոր մեղադրանքներն ու քարերը:

Սակայն հայերը մեզանից տարբերվում են միայն իրենց կրոնով եւ լեզվով, նրանց մենթալիտետը ճիշտ մերի նման է: Այլ կերպ ասած' նրանք ճիշտ նույն կերպ են վերաբերվում բանակցային գործընթացին, այնտեղ նույնպես շատերը կուզենային, որ ադրբեջանական կողմը տապալեր բանակցությունները: Հայաստանում դեռ շատերը չեն հասկանում, որ ստատուս-քվոյի պահպանումը վաղուց արդեն հակասում է հայերի շահերին:

Իսկ առայժմ երկու կողմերն էլ պարզապես ձեւացնում են եւ՛ բանակցությունների ընթացքը, եւ՛ գործընթացը խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ավարտելու ցանկությունը:

Սակայն ավելի ու ավելի շատ դիտորդների, այդ թվում նաեւ երկրի սահմաններից դուրս գտնվողների համար պարզ է դառնում, որ այս տեսքով եւ այս պայմաններով բանակցային գործընթացն ուղղակի դատապարտված է տապալման: Առանց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Միայն լեգիտիմ, հասարակության կողմից ընդունվող, քաղաքացիների վստահությունը վայելող իշխանությունը կարող է ստանձնել փոխզիջումային որոշում կայացնելու պատասխանատվությունը, համոզել ժողովուրդներին փոխզիջման հիմքով կազմված խաղաղ պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մեջ:

Ժողովրդավարական իրավական պետության մեջ ցանկացած ազգության քաղաքացի իրեն կզգա օրենքով պաշտպանված:

Քաղաքական, տեղեկատվական մեկուսացման պայմաններում, երկու երկրների իշխանությունների կողմից խրախուսվող ատելության եւ վախի մթնոլորտում հնարավոր չէ հասնել կողմերի միջեւ փոխվստահության, առանց ինչի անհնար է երկու ժողովուրդների համատեղ կյանքը:

Հարավային Կովկասի ժողովրդավարացման եւ հակամարտությունների լուծման գործընթացները փոխկապված են: Ցավոք, մինչ օրս այդ ուղղությամբ ավելի շատ նմանակումներ են եղել, քան իրական քայլեր:

Արիֆ Յունուսով
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Միգրացիայի եւ բախումնաբանության դեպարտամենտի ղեկավար, Ադրբեջան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter