HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աշոտ Խուրշուդյան. «Պետությունը պետք է աջակցի մարդկանց, որոնց աշխատավայրերն այսօր փակվում են»

Հայաստանում այսօր հայտարարված արտակարգ դրությունը թեև առաջնահերթ առողջապահական միջոցառում է, սակայն ունենալու է նաև տնտեսական ու սոցիալական բացասական հետևանքներ։ «Հետքը» տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ զրուցել է այդ հետևանքների մասին և թե ինչ կարող է անել կառավարությունը դրանք մեղմելու համար։

Պրն Խուրշուդյան, արտակարգ դրությամբ այսօր կանխվում է կորոնավիրուսի ավելի մեծ տարածումը։ Կարո՞ղ ենք սա համարել նաև տնտեսական աղետների կանխում։

Այստեղ նախևառաջ պետք է ոլորտները դիտարկենք ըստ առաջնահերթության՝ առողջապահական, սոցիալական և նոր միայն տնտեսական։ Տնտեսական հարցադրումները վերջում են, բայց  փոխկապակցված են առողջապահականի հետ։ Արտակարգ դրության հայտարարումն առաջին հերթին առողջապահական միջոցառում է, որը կանխարգելում է հնարավոր վիրուսի տարածումը։ Բիզնեսի ու տնտեսության տեսանկյունից էլ սա կանխում է այն ավելի վատ վիճակը, որը կլիներ, եթե արտակարգ դրություն չհայտարարվեր։

Տնտեսության համար, այո, այն բացասական հետևանք է ունենում, բայցև կանխում է շատ ավելի բացասական հնարավոր հետևանքները։ Այն երկրներում, որտեղ այս վիրուսը տարածվել է մեծ տեմպերով, օրինակ՝ Իտալիայում, հիմա ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական լուրջ կոլապսի առաջ են։  Մեր բիզնեսները և տնտեսվարողները պետք է սա գիտակցեն։ Ավելի լավ է հիմա մեզ մի քիչ «զսպենք», քան հետագայում ավելի շատ տուժենք։

Տնտեսության առավելապես ո՞ր ոլորտները Հայաստանում կզգան արտակարգ դրության բացասական հետևանքները։

Եթե համաշխարհային վերջին 100 տարվա ճգնաժամերը դիտարկենք, կտեսնենք, որ այս մեկը յուրահատուկ է։ Այսպիս բան, երևի, չի եղել։ Նախկին բոլոր ճգնաժամերի մեջ եղել է հիմնականում տնտեսական բաղադրիչ։ Իսկ հիմա այն զուտ տնտեսական չէ, ունի առողջապահական հիմքեր։  

Հիմնական բացասական հետևանքները կրում են և արտակարգ դրությունից հետո էլ կկրեն այն բիզնեսները, որոնք կապված են մարդկանց շփման հետ։ Իսկ այդպիսիք շատ-շատ են։ Առաջնահերթ տուրիստական ոլորտն է, ռեստորանները, որոնք արդեն իսկ տուժում են։ Եվ, առհասարակ, ցանկացած ծառայություն, որը կապված է մարդկանց շփման հետ։  Նույնիսկ այն ծառայությունները, որոնք մասսայական չեն։ Օրինակ՝ վարսահարդարը, որը օրական երկու-երեք հաճախորդ է ընդունում, այս պարագայում զրկվում է հաճախորդներից. մարդիկ խուսափում են շփումից։ Դա չպետք է խուճապային աստիճանի հասնի, բայց ակնհայտ է, որ շփումից մարդկանց խուսափելը կտրուկ հարվածելու է որոշ ոլորտների։

Այստեղ արդեն գալիս է այս ամենի երկրորդ բաղադրիչը՝ սոցիալականը. այն բոլոր ոլորտները, որտեղ անկում լինի, աշխատակիցների կրճատումների կարող են գնալ։ Մեր աշխատողները սոցիալապես ապահովագրված չեն։ Ցավոք սրտի, մենք դեռևս չունենք ուժեղ արհմիություններ կամ ուժեղ գիտակցություն, և պարզապես աշխատողներին կարող է  չվճարեն աշխատավարձ կամ հեռացնեն աշխատանքից։ Այդտեղ պետական միջամտություն, միանշանակ, պետք է։

Ի՞նչ գործիքներով կարող է պետությունը միջամտել այդտեղ։ 

Մենք, երևի, պետք է մեր բյուջեն վերաձևակերպենք և այնպիսի աջակցություն տանք այդ ոլորտներին, որ այդ սոցիալական մինիմումն ապահովվի։ Պետությունը պետք է աջակցի մարդկանց, որոնց աշխատավայրերն այսօր փակվում են։ Հայաստանում կտրուկ աճել են քաղաքացիների վարկերը, և մարդիկ, եթե եկամուտ չունենան, ավելի շատ են բանկերին դիմելու, դա վատ է անդրադառնալու ինչպես այդ մարդկանց եկամուտների, այնպես էլ՝ շղթայաբար բիզնեսի վրա։ Դա այսօր չի երևում, որովհետև հիմա առողջապահական խնդիրներն են հրատապ, բայց, ամեն դեպքում, մարդկանց այդ սոցիալականի համար ինչ-որ մի ուղերձ պետք է։

Պետությունը շատ արագ պետք է աջակցի մարդկանց։ Ընդ որում՝ այստեղ մարդկանց երկու խավ կա։ Առաջինը կարանտինի մեջ գտնվողներն են, որոնց համար ես կառաջարկեի հենց հիմա քարտեր լրացնել, թե որքան են եկամուտ ստանում, որպեսզի պետությունն այդ ինֆորմացիան ունենա և հասկանա ինչ-որ ձևով նրանց փոխհատուցելու հնարավորությունները։ Նրանց մի մասը ֆորմալ հատվածում է, կարող է աշխատանքի տեղեկանք ներկայացնել, սակայն մի մասը ոչ ֆորմալ հատվածում է։ Ճիշտ է, այս դեպքում մարդիկ կարող են նույնիսկ ուռճացրած ցույց տալ իրենց եկամուտները, բայց միևնույն է, պետք է որոշակի փոխհատուցում կատարվի։

Իսկ բիզնեսը հնարավորություն չունի՞ այդ փոխհատուցումն իր ուսերի վրա վերցնելու։ 

Հայաստանը դեռ այդ աստիճանի չի հասել, որ բիզնեսը կարողանա իր սոցիալական բեռն իր վրա վերցնել։ Դրա համար էլ պետության աջակցությունն է պետք, որ այստեղ աշխատողները չտուժեն։ Մենք չունենք երաշխիքների ֆոնդ մարդկանց չաշխատելու պարագայում։ 

-Տեսանելի է, որ մեր երկրում սպառողների պահանջարկը նվազել է։ Այսօր պետությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ նպաստել պահանջարկի աճին։

Այս ճգնաժամի պայմաններում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ մեզ մոտ և՛ պահանջարկն է կտրուկ անկում ապրել, և՛ առաջարկը։ Միայն մի քանի ոլորտներում է պահանջարկը կտրուկ աճել, օրինակ՝ առողջապահության։ Բայց, ընդհանուր, ամբողջական նվազել է։ Այս դեպքում մարդու վարքագիծը ո՞րն է՝ երբ ինքը չի ծախսում, չի էլ արտադրվում, այդ շղթան ցանկացած ռեցեսիայի լավագույն շղթան է, տարբեր լուծումներ կան՝ ինչպես տակից դուրս գալ, բայց կոնկրետ կարճաժամկետի համար, երբ ինքը չի սպառում, զարգացած երկրները փորձում են վարկերի տոկոսներ իջեցնել, լրացուցիչ գումարներ հատկացնել մարդկանց, որ այդ մարդիկ ծախսեն, տնտեսության  մեջ պահանջարկը մեծացնեն և դա էլ բերի առաջարկի մեծացման։ Իսկ մեզ նման երկրներում, քանի որ մենք խոշոր արտադրող չենք, մարդկանց այդ եկամուտները տալը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ կարող են վերցնել այդ գումարները և գնալ դրանով դոլար գնել։ Այսինքն՝ ի սկզբանե հենց իրենք հանդիսանան պատճառ, որ տնտեսությունը չզարգանա և հենց իրենք էլ կրեն հետևանքները։ 

Մարդկանց վարքագծի հետևանքն է նաև դոլարի այսօրվա թանկացումը։ Տրվելով սպեկուլյացիաներին՝ քաղաքացիները սկսել են շատ դոլար գնել ու հենց դրանով էլ նպաստել են դրա բարձրացմանը։ Ինչպե՞ս է բացատրվում այս վարքագծը։

Հայաստանի ֆինանսական համակարգը վերջին տարիներին շատ է զարգացել և շարունակելու է զարգանալ։ Եվ այս դեպքում նույն դոլարը գնելը ես անմիտ եմ համարում, որովհետև նույն վիրուսը վաղը ԱՄՆ-ին, եթե նույն ձևով հարվածեց, ինչպես Իտալիան, ամերիկյան տնտեսությունն է էական վնասվելու, և դոլարն արժեզրկվելու է։ Այսինքն՝ հիմա ոչ մեկը չգիտի, թե մեկ տարի հետո որ արժույթներն են ավելի կայուն լինելու։ Դա շատ անորոշ է։ Դրա համար էլ սպեկուլյատիվ գումար աշխատելն անիմաստ է։ Մենք պետք է այն արժույթով մտածենք, որով մեր ծախսերն ենք անում։ 

Արժույթի էական տատանումներ եղան նաև 2014-ի դեկտեմբերին, երբ դոլարը դրամի նկատմամբ կտրուկ արժևորվեց։ Կարելի՞ է այսօրվա երևույթները համեմատել այդ ժամանակի հետ։

Եթե առհասարակ համեմատենք 2008 և 2014 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամերի հետ, որոնք մեր տնտեսություն հասան մեկ տարի անց՝ 2009 և 2015 թվականներին, այսօր մեր տնտեսության կառուցվածքը փոփոխվել է։ Այն  ռիսկերը չկան, ինչ կային այն ժամանակներում։ Անհամեմատելի է, պետք չէ հին հիշողությամբ վախենալ։

Դրա համար էլ պետք չէ նաև խուճապի մատնվել ու մտածել, որ դրամը շուտով կտրուկ կարժեզրկվի։ Նույն նավթի գինն էլ իջնում, բարձրանում է։ Պետք է ոչ թե պահի տակ որոշում կայացնել, այլ՝ սկզբունքային։ 

Նշեցիք, որ մեր տնտեսության կառուցվածքն է փոխվել։ Ո՞ր հատվածներում են ավելի մեծ փոփոխություններ եղել։

Ծառայության ոլորտն է շատ մեծացել։ Եթե նախորդ տարիներին՝ մինչև 2009 թվականը, Հայաստանում շինարարությունն էր մեծ տեմպերով աճում, և ճգնաժամը հավասարակշռեց դա՝ այդ ոլորտը խորն անկում ապրեց, ապա հիմա չկա նման առանձնացված ոլորտ։

Նման իրավիճակներում տնտեսության մեջ անորոշություն է ձևավորվում։ Հիմա մեզ մոտ նկատու՞մ եք այդ անորոշությունը։

Անորոշություն կա, և դա մարդկանց վախեցնում է։ Նույն ռեստորաններն ու հյուրանոցները, որոնք այսօր արդեն տուժում են, ինչ-որ չափով վախենում են։ Դրա համար էլ շատ կարևոր է, որ կառավարությունը նրանց ազդակ հաղորդի, որ աջակցելու է։ Դրանք շատ կարևոր ոլորտներ են մեր տնտեսության համար, ապագա ունեցող ոլորտներ են։ Հենց առաջնայինը սոցիալական տեսանկյունից պետք է դիտարկել աջակցությունը, որ աշխատողները եկամտից ու աշխատանքից չզրկվեն այս կարճաժամկետ շոկի պատճառով։ Իսկ սա, վստահաբար, կարճաժամկետ է։ Վատագույն սցենարով այս վիրուսի խնդիրը մի քանի ամիս է տևելու։ Իհարկե, վատ սցենարների էլ պետք է պատրաստ լինել։ Կառավարությունը պետք է բոլոր սցենարները դիտարկի, այդ թվում՝ վատագույն։

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter