
Երևանյան արտադրամասը, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսովով վարակվածներ, Շենգավիթ վարչական շրջանում է
Արտադրամասը, որտեղ կորոնավիրուսի վարակվածության դեպք է արձանագրվել, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում է:
Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին: Պատգամավորը հայտնեց, որ առավոտյան այդ լուրից հետո սկսվել է զանգերի տարափ, քաղաքացիները հետաքրքրվել են, թե որ հատվածում է այդ արտադրամասը, որպեսզի ավելի զգուշ լինեն:
Փաշինյանն արձագանքեց, որ ճիշտ չէ ընկերության անունը հայտնելը, միայն ասաց, թե որ վարչական շրջանում է դեպքը եղել, նաև հավելեց, որ 3 վարակակիրներն էլ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են:
Փաշինյանի խոսքով` ախտորոշում կատարելուց հետո նախարարությունը պարզում է հնարավոր շփումների շրջանակը, որոնց կարող էր փոխանցվել վարակը և վերջիններիս մեկուսացնում:
«Եվ դա արվում է մեր մյուս քաղաքացիների շահերին ծառայելու նպատակով, որպեսզի կանխարգվելի հետագա տարածումը»,-ասաց Փաշինյանը:
Գուրգեն Բաղդասարյանն արձագանքեց` պետք է պայքարել կեղծ լուրերի դեմ, որպեսզի խուճապ չլինի։
«Բոլոր այն անձինք և լրատվամիջոցները, ովքեր կորոնավիրուսի հետ կապված կտարածեն կեղծ տեղեկատվություն, կենթարկվեն պատասխանատվության: Այսօր 18:30 -ից հետո բոլոր այն անձինք և լրատվամիջոցները, որոնք կորոնավիրուսի հետ կապված պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն կտան, կենթարկվեն պատասխանատվության»,-եզրափակեց Փաշինյանը:
Մեկնաբանել