HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Ինչպե՞ս անցկացնել ժամանակը, եթե կորոնավիրուսի պատճառով ստիպված ես տանը մնալ

Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով ամեն օր ավելի շատ կազմակերպություններ են անցնում հեռահար աշխատելուն, չեղարկվում են համերգներն ու հանրային այլ միջոցառումները, խորհուրդ չի տրվում տնից դուրս գալ՝ առանց անհրաժեշտության։ Իսկ ինչո՞վ կարելի է զբաղվել ամբողջ օրը, եթե տանն ես կամ ինչո՞վ զբաղեցնել երեխաներին։

Արտասահմանյան մի շարք պարբերականներ տարբեր խորհուրդներ են տալիս. կարդալ, խմորեղեն պատրաստել, խաղեր խաղալ կամ պարզապես տունը մաքրել և վայելել միմյանց ընկերակցությունը։

Աշխարհի ամենահայտնի թանգարաններն անվճար վիրտուալ շրջագայություն են առաջարկում, որտեղ կարելի է տեսնել ոչ միայն հանրահայտ ցուցանմուշներ, այլև բացահայտել նորերը։ Հարվարդի, Ստենֆորդի, Եյլի և այլ առաջատար համալսարաններ անցել են առցանց ուսուցման, և կրթական ռեսուրսների մի զգալի մաս հասանելի են դարձրել բոլորին։ Բաղեղի լիգայի համալսարանները ևս 450 առցանց անվճար դասընթացներ են առաջարկում իրենց գիտելիքները հարստացնել ցանկացողներին։      

«Forbes»-ը խորհուրդ է տալիս երեխաների հետ օրիգամի կենդանիներ և այլ առարկաներ պատրաստել, տանը կոտրված խաղալիք գտնել և փորձել վերանորոգել կամ էլ ընտանիքում մրցույթ հայտարարել, թե ով ամենաշատ գիրքը կկարդա։ Լեզվի սիրահարներն էլ վերջապես նոր լեզու սովորելու ժամանակ կունենան։

«Global News» կանադական պարբերականը մայրերին խորհուրդ է տալիս օգնել իրար։ Քանի որ այս ժամանակահատվածում ծնողները շատ են հոգնում, ապա պետք է օգնել իրար։ Մայրերը կարող են երեխաներին թողնել իրար մոտ, եթե վերջիններս վարակի ախտանշաններ չունեն և այդ ընթացքում գնալ առևտրի կամ էլ ամենօրյա տնային գործերով զբաղվել։

Իսկ եթե տնից պետք է հեռահար աշխատել, ապա օգնության է հասնում իսպանական «El país»-ը։ Պարբերականը գրում է, որ բոլորիս պատասխանատվությունն է խուսափել վարակվելուց, դրա համար էլ պետք է տանը մնալ։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ բազմաթիվ կազմակերպություններում հեռահար աշխատելու մեթոդն ավելի զարգացած է և տարածված, Իսպանիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստիպված են եղել անցնել նման աշխատելաձևի։ Պարբերականը խորհուրդ է տալիս, թե ինչպես աշխատել տնից, ինչ է հարկավոր դրա համար՝ լավ ինտերնետ կապ, աշխատանքն առցանց կազմակերպելու գործիքներ, տեսակոնֆերանսներ։ Հեռահար աշխատելիս շատ կարևոր է կտրվել շրջապատող աղմուկից և կենտրոնանալ աշխատանքի վրա․ «Եթե չունեք առանձնասենյակ և ստիպված եք աշխատել հյուրասենյակում, որտեղ անընդհատ աղմկում են երեխաները և տնային կենդանիները, օգտագործեք  աղմուկը խլացնող ականջակալներ»։

Եվ վերջապես, տանը մնալն ունի մի շատ կարևոր առավելություն․ կարելի է գումար խնայել։ Ռուսալեզու «meduza» կայքն առաջարկում է մի կողմ դնել այն գումարը, որը սովորաբար ծախսում ենք շաբաթ և կիրակի օրերին, դրա վրա ավելացնել առևտրի կենտրոններում ծախսվող գումարները և ահա կարելի է ամռանը մեկնել հանգստի։

Լուսանկարը՝ unsplash.com–ի

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter