HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՏՄՊՊՀ նախագահ. «Խոշոր խանութներում առաջնային ապրանքների թանկացումներ չկան, փոքրերում ՝չի բացառվում»

Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի և նման առաջնային օգտագործման ապրանքների խնդիր չկա։ Այս պահին թե՛ պաշարների, թե՛ գների առումով անհնագստացնող երևույթներ չեն նկատվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը։

«ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են գների և պաշարների մոնիտորինգներով ամբողջ հանրապետության տարածքում։ Մոնիտորինգ ենք անում 44 անուն-ապրանք։ Միակ խնդիրն այն է, որ երբեմն ֆիզիկական անձանց կողմից աբսուրդային քանակի գնումներ են կատարվում այս օրերին, և խոշոր խանութները պետք է ֆիզիկապես հասցնեն ապրանքները պահեստներից տեղափոխել խանութներ»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Ըստ նրա՝ այս օրերին քաղաքացիները մեծ քանակությամբ նպարեղեն են գնում։ ՏՄՊՊՀ նախագահը կրկին կոչ է անում ավելորդ գնումներ չանել, քանի որ ապրանքների քանակի խնդիր չկա։ «Հորդորում եմ մեր քաղաքացիներին մնալ գնումներ կատարելու խելամիտ սահմաններում։ Բայց նաև հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալ։ Բայց հավաքվել խանութներում և հերթեր կուտակելն ավելի մեծ խնդիր է։ Պետք է նաև գիտակցել, որ որոշ ապրանքներ ունեն պիտանելիության ժամկետներ։ Օրինակ՝ գնում են չորս արկղ ձու, որն ունի որոշակի պիտանելության ժամկետ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա հավաստիացնում է, որ Մրցակցության հանձնաժողովն ամենօրյա կապի մեջ է հանրապետությունում ալկոգել արտադրող երեք խոշոր ընկերությունների հետ. «Նրանց կողմից որևէ դրամով ապրանքի գինը չի բարձրացվել։ Հայաստանում սպիրտի պաշարը ևս բավարար է, և դրա գինը ևս չի բարձրացվել։ Խոշոր առևտրային ցանցերում երեք ամիս առաջ էլ էր նույն գինը, այսօր էլ»։

Թանկացում է արձանագրվել բժշկական դիմակների շուկայում, որը ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ պայմանավորված է դրանք արտադրող երկրներում տեղի ունեցած թանկացմամբ։ «Դա ամբողջ աշխարհում է՝ ձեռքբերման գինն է բարձրացել։ Մենք հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից և Չինաստանից, որտեղ էլ թանկացել է։ Հիմա Չինաստանի հետ բանակցում ենք արդեն ավելի էժան ներկրելու համար»,- տեղեկացրեց Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ խոշոր առևտրային ցանցերում չեն թանկացել նաև ալյուրն ու մնացած պարենային ապրանքները։ ՏՄՊՊՀ նախագահը, սակայն, չբացառեց, որ որոշ թանկացումներ գրանցված լինեն փոքր խանութներում, այդ թվում՝ մարզերում։ Նա քաղաքացիներին խնդրում է նման դեպքերում տեղեկացնել Մրցակցության հանձնաժողովին՝ նշելով, թե որ խանութներում են նկատել թանկացումը։ «Չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մի փոքր կբարձրացնենք գները։ Մենք զսպող գործիքներ ունենք։ Բայց մենք վերահսկում ենք հիմնականում խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են հանրապետության սպառման գերակշիռ մասը»,-ասաց Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ ավելի շատ ոչ հավաստի տեղեկություններն է խուճապ ստեղծում։

Նրա խոսքով՝ այս օրերին որոշակի անձինք փորձել են օնլայն հարթակներում բարձր գնով վաճառել ալկոգել, որը պատրաստված չի եղել արտադրողների կողմից։ ՏՄՊՊՀ նախագահը զգուշացնում է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն այս օրերին զբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ, նրանց տվյալները կփոխանցվեն Պետական եկամուտների կոմիտեին, և նրանք պատասխանատվության կենթարկվեն։ «Նրանք ինչ-որ մարդիկ են, որ սպեկուլյատիվ գործունեություն են փորձում իրականացնել»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Լուսանկարը՝ ՏՄՊՊՀ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter