
Պաշտոնական. Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով
Եվրոպայում կորոնավիրուստի տարածման պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրոպայի 2020թ. ամռանը նախատեսված առաջնությունը հետաձգել 12 ամսով: Այս մասին ասվում է միության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այսպիսով, հին աշխարհամասի ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Այս ամիս նախատեված Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլի խաղերն ու ընկերական հանդիպումները կանցկացվեն հունիս ամսին:
«Եվրո»-ի հետաձգման վերաբերյալ արտահերթ տեսակոնֆերանսին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է հետևյալը. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻՖԱ-ին և նրա նախագահ Ջիանի Ինֆանտինոյին, որը հայտարարել է, որ ամեն ինչ կանի նոր օրացույց մշակելու համար: Ճգնաժամի առաջ ֆուտբոլը եղավ բաց, համերաշխ և համբերատար»:
Չեֆերինը շնորհակալություն է հայտնել նաև Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիային, որը նույնպես համաձայնել է Ամերիկայի գավաթի խաղարկությունը 2020-ից տեղափոխել 2021 թվական:
Նշենք, որ Եվրոպան այժմ համարվում է կորոնավիրուսի էպիկենտրոնը: Վարակի հազարավոր դեպքեր կան Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում:
Մեկնաբանել