HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը բուհերի ռեկտորների հետ քննարկել է ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները: Քննարկվել են ուսումնական ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ ևս, այդ թվում՝ աշխատել խտացված ծրագրով, ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով և այլն:

Այսպիսով, քննարկման արդյունքում, ղեկավարվելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի կանոնադրության 1.8 կետով և հիմք ընդունելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի ընդհանուր ժողովի 2020 թ. մարտի 16-ի խորհրդակցությունը, որոշվել է.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարին պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհեր) ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու և նոր ձևաչափով կազմակերպելու ուղղությամբ հետևյալ առաջարկով.

Պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերին

ա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկու­թյուն­ներից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,

բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter