HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Համալսարաններն անցել են հեռավար ուսուցման

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հետեւանքով փակ են ուսումնական բոլոր հաստատությունները, այդ թվում՝ բարձրագույն։ Մի շարք համալսարաններ անցել են հեռավար ուսուցման։ Այսինքն՝ դասախոսներն ուսանողների հետ կապը պահում են օն-լայն հարթակներում՝ հանձնարարություններ տալիս, նոր թեմաներ ներկայացնում, պատասխանում ուսանողների հարցերին։

ԵՊՀ ուսանող Սոնա Գուլքանյանը սովորում է բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսում, արդեն 15 օր է՝ դասի չի գնում, հեռավար ուսուցման անցելու մասին իմացել է այսօր, սակայն ասում է՝ եղել են դասախոսներ, որոնք կանոնավոր ձեւով ուղարկել են  թեմաների նյութերը՝ դասերից հետ չմնալու համար։ Դասախոսների եւ ընկերների հետ կապը պահում են ֆեյսբուքով կամ էլեկտրոնային փոստերով։ «Մեզ մոտ դասախոսներ կան, որ ուսանողական մեյլերի, ֆեյսբուքյան էջերի միջոցով հարցաշարեր են ուղարկել, ավագի միջոցով կապվել ուսանողների հետ, շարունակաբար նյութեր են ուղարկում, - նշում է Սոնան,- երբեմն էլեկտրոնային փոստերի հետ խնդիրներ են առաջանում, քանի որ ուսանողների մի մասը մոռացել է գաղտնաբառը, այս դեպքում փորձում են իրար օգնել»։

ԵՊՀ-ն այսօրվանից սկսում է կիրառել հեռավար ուսուցման կարգը

Այս մասին հայտարարություն է հրապարակվել համալսարանի պաշտոնական կայքում։ «Երևանի պետական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները»,- ասված է հայտարարության մեջ:

ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այսօրվանից անցել են ուսուցման մեկ այլ համակարգի, թեեւ նոր չէ, որ ստեղծվել է e-learning.ysu.am հարթակը, սակայն ծրագրավորողների շնորհիվ այժմ կարող են նաեւ վեբինարների միջոցով օն-լայն դասընթացներ անցկացնել։ «Ստանդարտ հարթակ է, մի քանի օրվա ընթացքում տեղադրեցինք վեբինար հնարավորություն, որը թույլ է տալիս մի խումբ մարդկանց օնլայն պարապմունք կազմակերպել, այն հնարավորություն է տալիս, որ դասախոսը դասը պատմի, հնարավորություն կա տեքստ գրել, նշումներ անել, տասնյակ ուսանողներ միաժամանակ կարող են մտնել»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը՝ հավելելով որ հեռավար ուսուցումը հնարավորություն կտա ինչ-որ ձեւով ուսումնական բացը լրացնել։

Եթե ուսանողները կամ դասախոսները ինչ-որ պատճառով չկարողանան օգտվել, պրոռեկտորի խոսքով՝ լուծումը կտան հետագայում։ Ըստ նրա՝ պարտադիր չէ, որ դասացուցակով նշված ժամին դասապրոցես լինի, կարող են կապ հաստատել նաեւ այլ ժամերի։

Օն-լայն հարթակներում հնարավոր է շփվել յուրաքանչյուր ուսանողի հետ անհատապես

ԵՊՀ եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Նունե Թովմասյանը նշում է, որ օն-լայն հարթակները թույլ են տալիս ոչ միայն ներկայացնել թեմաներ, այլեւ՝ ուսանողների հետ շփվել անհատապես՝ պատասխանել հարցերին, ներկայացնել սխալները։ ԵՊՀ-ում նա դասավանդում է ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ասում է, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ուսանողների հետ կարողացել են շփվել օն-լայն հարթակներում, օրինակ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսեցիները ստեղծել են իրենց բլոգը, որտեղ հրապարակել են նյութերը։ «Հեշտ եղավ կապ հաստատելը, քանի որ արդեն փորձ ունեինք, մենք համալսարան գնալու ժամանակ եւս կապվում էինք», - նշում է դասախոսը՝ հավելելով, որ տարբեր գործիքներ կան, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել ուսանողների հետ:

«Ուսանողները, բարեբախտաբար, ունեն գրքեր, որոնք ունեն օն-լայն վիդեոներ, վարժություններ, ուղարկում ենք, լսում են, հետո ընդհանուր պատասխանում են հարցերին, ամփոփում ենք նյութը։ 3-րդ կուրսում ներկայացնում են պրեզենտացիները, սա անհատական է, իսկ նույն նյութերը միասին ենք քննարկում, ներկայացնում սխալները»,- նշում է Նունե Թովմասյանը։ Դասախոսը պնդում է, որ հեռահար ուսուցումը նպաստում է ուսանողի հետ անհատական աշխատանքի տանելուն «Օրինակ՝ ուսանողն ուղարկում է պրեզենտացիան, դու ամեն ինչ անհատապես քննարկում ես իրենց հետ՝ ամեն մի սխալ ներկայացնում»։

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը եւս կանցնի օն-լայն ուսուցման 

Համալսարանի պրոռեկտոր Բելլա Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր ուսանողներն ունեն էլեկտրոնային փոստ եւ բոլոր հաղորդագրությունները ստանում են, առաջիկայում եւս դասերի վերաբերյալ ամփոփիչ նամակներ, հարցադրումներ, առաջադրանքներ կստանան, սակայն նշում է, որ կարող են նաեւ օգտագործել սոցիալական ցանցերը միմյանց հետ կապ հաստատելու համար, որը կհամաձայնեցվի առարկայական խմբերի ուսանողների եւ դասախոսների հետ։

«Ուսանողների համար լավ է, մեկ ամիս դասերը բաց թողնելը լավ չէ, ինձ թվում է՝ հեռավար ուսուցումը պիտի պարտադիր լինի, ուսանողների համար մի քանի տարբերակ է ընդունված, նա պետք է ընտրի, թե ինչպես սովորել։ Հիմա կարեւորում ենք, թե ուսանողը ինչպես հետ չմնա, ստանա նյութեր», - նշեց համալսարանի պրոռեկտորը։ Վերջինս քննական շրջանի վերաբերյալ հավելեց, որ այս պահին դեռեւս վաղ է խոսել, հետագայում պարզ կլինի։

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է հեռավար ուսուցման

«Որոշում կայացվեց սեղմ ժամկետներում կիրառել համալսարանում ներդրված առցանց-հեռավար ուսուցման պլանավորման արդյունավետ գործիքները, որոնք հնարավորություն կընձեռեն էլեկտրոնային տարբերակով իրականացնել դասընթացները և ապահովել դասախոս-ուսանող կապը»,- նման որոշում է կայացրել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

Համալսարանի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը նշեց, որ ուսումնական ծրագիրն ապահովելու համար կօգտագործեն օն-լայն տարբեր հարթակներ, որոնք հնարավորություն կտան ուսանողին տրամադրել թեմաները եւ պատասխանել նրանց հարցերին։ Վերջինիս պնդմամբ՝ հեռավար ուսուցումը հնարավոր է կիրառել նաեւ ոչ հումանիտար առարկաների դեպքում, օրինակ՝ ճարտարապետության կամ դիզայնի համար կան օն-լայն ծրագրեր, որոնց միջոցով ուսանողները կարող են ներկայացնել իրենց նախագծերը, կատարած աշխատանքը։ Իսկ ուսումնական պրակտիկայի վերաբերյալ նշեց, որ հարցը դեռեւս կարգավորված չէ, սակայն, քանի որ արգելված է մասսայական հավաքը մի վայրում, պետք է որոշում կայացվի պրակտիկաների վերաբերյալ։

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կօգտագործվի Google Classroom հարթակը

Համալսարանի Կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավար, ASPU Google Classroom հարթակի համակարգող Անուշ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ համալսարանը վաղուց ունի հեռավար ուսուցման հարթակ, եւ այս օրերին այն օգտագործվելու է դասապրոցեսն անցկացնելու համար։ Համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ գրված է, որ յուրաքանչյուր դասի դասախոսները տեղադրում են համապատասխան էլեկտրոնային ուսումնական նյութերը, նախաձեռնում են «հարց ու պատասխան» քննարկումներ, էլեկտրոնային խորհրդատվություններ, ինչպես նաև հնարավորինս իրականացվելու են առցանց տեսահանդիպումներ՝ ASPU Google Meet հավելվածի միջոցով։ Անուշ Սարգսյանը պնդում է, որ այս եղանակով կապ են հաստատում նաեւ արտասահմանից եկող ուսանողների հետ, որոնք Հայաստան են գալիս ուսանողների փոխանակման ծրագրերով։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն արգելում է ներկայացումների փորձերը

Այս ինստիտուտը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ պետք է հանձնարարել դասախոսներին խտացնել թեմաները՝ հետագայում դասընթացն ավելի ամբողջական մատուցելու համար, միեւնույն ժամանակ արգելել բոլոր փորձերը եւ դասընթացները բուհի տարածքում եւ տարածքից դուրս, հանձնարարել բոլոր դիպլոմային աշխատանքների /թեզերի/ ղեկավարներին ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել անհրաժեշտ աշխատանքը ուսանողների հետ առցանց տարբերակով՝ հավելելով, որ պարտադրված պարապուրդը որևէ կերպ չպետք է անդրադառնա թեզերի որակի վրա: Ինչպես նաեւ՝ չեղարկել 2019-2020 թթ. ուսումնական տարվա առկա համակարգի 2-րդ կիսամյակի և հեռակա համակարգի 1-ին կիսամյակի միջանկյալ ստուգումները: 

ՀՊՏՀ-ում կգործի Moodle հարթակը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցումը կանցկացվի  Moodle հարթակի միջոցով։ Ինչպես նշված է համալսարանի պաշտոնական կայքում, հարթակում վերբեռնված են 1-3-րդ կուրսերի առկա բակալավրիատի բոլոր դասընթացների նյութերը, գրականության ցանկը, առաջադրանքները, որոնք ունեն բաց հասանելիություն ուսանողների համար։

Հայաստանի Ագրարային համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ մի շարք այլ համալսարաններ եւս անցել են հեռավար ուսուցման։

Դասախոսները կվարձատրվեն 

Հեռավար ուսուցման անցնելու վերաբերյալ այսօր ԿԳՄՍՆ-ում գումարվել է ռեկտորների հանդիպում, որոշում է կայացվել անցնել հեռավար ուսուցման: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները: Քննարկվել են ուսումնական ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ ևս, այդ թվում՝ աշխատել խտացված ծրագրով, ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով և այլն: Այս ընթացքում աշխատակիցների աշխատավարձերը կպահպանվեն։

 

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Լուսանկարները՝ համալսարանների ֆեյսբուքյան էջերի

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Բարև ձեզ այսինքն քննությունը օնլայնա լինելու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter