HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի կորոնավիրուսից տուժած բիզնեսին

Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունաքին։ Տրամադրվող գումարը կազմում է Միացյալ Թագավորության ՀՆԱ-ի 15 %-ը և երկրի բյուջեի շուրջ ⅓-ը։ 

Սունաքի խոսքերով՝ այդպիսի մասշտաբների օգնությունն անհիմն կլիներ մի քանի շաբաթ առաջ։ «Կորոնավիրուսն արտակարգ իրավիճակ է և՛ հանրային առողջության և՛ տնտեսության համար, կառավարությունը կաջակցի ցանկացած բիզնեսի, թե՛ մեծ, և թե՛ փոքր»,- հայտարարել է նախարարը։ 

Եթե այդ գումարը չհերիքի, Ռիշի Սունաքի խոսքերով, կառավարությունը կարող է հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրել։ «Ցանկացած ձեռնարկատեր, որին անհրաժեշտ կլինի վճարել վարձակալության, աշխատավարձերի վճարման և այլ ծախսերի համար, կարող է լավ պայմաններով ստանալ վարկ»,- հայտնել է նախարարը։

Մասնավորապես, կառավարությունը նախատեսում է աջակցել ավիաընկերություններին և օդանավակայաններին, որոնք առավել շատ են տուժել տարբեր երկրներում հայտարարված կարանտինի և սահմանների փակման պատճառով։ Կորոնավիրուսից էականորեն տուժել են նաև փաբերը, ակումբները և թատրոնները։ Նրանց կառավարությունը կտրամադրի մեկանգամյա դրամաշնորհներ, մինչև 25 000 ֆունտ ստերլինգ արժեքով, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ դժվարին ժամանակներից և չտուժել։ Մյուս փոքր բիզնեսները կարող են ակնկալել մինչև 10 000 եվրո արժողությամբ մեկանգամյա դրամաշնորհներ։ Բացի այդ, ենթադրվում է, որ բիզնեսը ժամանակավորապես կազատվի համայնքային հարկերից։

Կառավարությունը թույլատրել է նաև երեք ամիս չվճարել տուն ձեռքբերելու նպատակով հիփոթեքային վարկեր վերցրած քաղաքացիներին։

Ինչ է կատարվում մյուս երկրներում

Իտալիայում կառավարությունը խոստացել է տնտեսության մեջ ներդնել 340 միլիարդ եվրո պետական միջոցներ։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը բիզնեսի աջակցության վրա կծախսի 200 միլիարդ եվրո (220 միլիարդ դոլար)։ Սա Իսպանիայում տնտեսության մեջ ներդրման ամենամեծ ծավալն է Ֆրանսիսկո Ֆրանկոյի վարչակարգի տապալումից (1975թ.) հետո։ 

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ տնտեսությանն օժանդակելու նպատակով կտրամադրի 500 միլիարդ եվրո (550 միլիարդ դոլար)։ Բացի այդ, ևս 45 միլիարդ եվրո կտրամադրվի Փարիզին։ Հավելյալ 2 միլիարդ եվրո էլ հատուկ կտրամադրվի ռեստորաններին և զբոսաշրջային հատվածին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հայտարարել է 550 միլիարդ եվրո կառավարական վարկեր տրամադրելու մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես ակնկալվում էր, ԱՄՆ Կոնգրեսին կդիմի 850 միլիարդ դոլար բիզնեսին տրամադրելու նպատակով, իսկ Ճապոնիան էլ կտրամադրի 193 միլիարդ դոլար։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter