
Ինչպես հաղթահարել սթրեսը կորոնավիրուսի տարածման ժամանակ
Ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումները, ինչպիսին կորոնավիրուսն է, կարող է վախեցնել և ազդել մարդկանց հոգեկան աշխարհի վրա։ Տեղեկացված լինելը, իհարկե, կարևոր է այս դեպքում, սակայն կան նաև շատ այլ բաներ, որ կարելի է անել՝ հոգեկան առողջությունը պաշտպանելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է մի շարք խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել սթրեսն այս օրերին։
Ճգնաժամի ժամանակ տխրելը, սթրեսի ենթարկվելը, վախենալը կամ բարկանալը նորմալ երևույթներ են։ Այս պարագայում կարող է օգնել այն մարդկանց հետ զրույցը, որոնց վստահում եք։ Զանգահարե՛ք ձեր ընկերներին և ընտանիքի այն անդամներին, որոնք ձեզ հետ չեն բնակվում։
Եթե պետք է տանը մնաք, պահպանե՛ք առողջ ապրելակերպ՝ ներառյալ ճիշտ սննդակարգ, քուն, ֆիզիկական վարժություններ և այլն։
Սթրեսը հաղթահարելու համար պետք չէ ծխել, ալկոհոլ և դեղամիջոցներ օգտագործել։ Եթե ընկճված եք, խոսե՛ք որևէ բուժաշխատողի հետ։
Տեղեկություններ կարդացե՛ք միայն վստահելի աղբյուրներից։ Սա հնարավորություն կտա ճիշտ գնահատել ռիսկը և խելամիտ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել։
Պետք է սահմանափակել այն նորությունների հոսքը, որոնք անհանգստացնում կամ վշտացնում են ձեզ և ձեր ընտանիքի մյուս անդամներին։ Դրա համար ուղղակի քիչ ժամանակ տրամադրե՛ք հեռուստացույցով կամ համացանցով նորություններին ծանոթանալուն։
Ձեր հույզերը կառավարելու և համավարակի այս դժվարին շրջանը հաղթահարելու համար օգտագործե՛ք այն նույն հմտությունները, որոնց օգնությամբ նախկինում հաղթահարել եք ձեր կյանքում առաջացած դժվարությունները։
Մեկնաբանել