HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուս. ինչ տրենդներ են նկատվում ամենաշատ վարակակիր ունեցող երկրներում, ինչ հետևություններ կարելի է անել

Ներածություն

Այս հոդվածի` կարճ վերլուծության, նպատակն է, նպաստել այս օրերին կառավարության կողմից փաստարկված որոշումների կայացմանը: Սրանով հնարավոր կլինի կորոնավիրուսի տարածման որոշ սցենարներ կանխատեսել: Իսկ այս սցենարների կանխատեսումը, և շարունակական թարմացումը (կախված նաև այլ երկրներում զարգացումներից) կարևոր է ոչ միայն կանխարգելիչ գործողությունները պատշաճ պլանավորելու համար, այլ նաև կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մեծ վնասները կանխելու ուղղությամբ կառավարության գործողությունները, մասնավորապես հարկաբյուջետային միջամտության ծավալները և ժամկետները որոշելու համար:

Ուսումնասիրության առարկան

Այս հոդվածը դիտարկում է 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ կորոնավիրուսի ամենաշատ վարակակիր ունեցող երկրներում վիրուսի տարածման դինամիկան: Ընդհանրապես, վիրուսների տարածման արագությունը և ընդգրկվածությունը բազում փոփոխականներից է կախված, որոնցից են մարդկանց վարքագիծ, տարիք, բնակչության խտություն, առողջապահական ծառայությունների վիճակ, տարածումը կանխարգելող գործողությունների բնույթ: Եվ հետևաբար ցանկացած դինամիկայի և օրինաչափության դիտարկում իրական վիճակի մոտավոր պատկերն է ցուցադրում: Նման վերլուծությունները` վարժությունները, կիրառվում են հանրային քաղաքականություններում` հիմնականում կառավարությունների կողմից երկրում վիրուսների տարածման հնարավոր սցենարները պատկերացնելու և ըստ այդմ միջամտությունների հնարավոր տարբերակներն ու դրանց ծախսերը գնահատելու համար:

Վերևում նշված օրվա դրությամբ դիտարկել եմ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Իրանում վիրուսի առաջին դեպքերի հաստատման օրվանից մինչև մարտի 16-ը ընկած ժամանակահատվածում վիրուսակիրների հաստատված դեպքերի դինամիկան (աղբյուրը՝ https://www.worldometers.info/coronavirus/), ըստ օրերի, ըստ յոթնօրյա ժամանակահատվածի, նաև վիրուսի տարածման արագությունը ըստ մեկ միլիոն բնակչի` իսկ ավելի հավաստի տվյալների համար կիրառելով նաև միջնարժեքի գործակիցը:

Կորոնավիրուսով վարակման գրանցված նոր դեպքեր

Հետևյալ գծապատկերները (գծապատկերներ No: 1-ից 6) ցույց են տալիս Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Իրանում կորոնավիրուսով վարակման գրանցված նոր դեպքերը ըստ օրերի` սկսած առաջին հաստատված դեպքերից մինչև մարտի 16-ը ներառյալ: Ուղղահայաց առանցքները ցույց են տալիս վարակվածների թիվը, իսկ հորիզոնական առանցքները օրերն են:

Գծապատկեր No: 1

1.New cases-China.png (140 KB)

Գծապատկեր No: 2

2.New cases-Korea.png (120 KB)

Գծապատկեր No: 3

3.New cases-Iran.png (104 KB)

Գծապատկեր No: 4

4.New cases-Italy.png (118 KB)

Գծապատկեր No: 5

5.New cases-Germany.png (104 KB)

Գծապատկեր No: 6

6.New cases-Spain.png (106 KB)

Սցենար առաջին

Առաջին սցենարում Չինաստանն ու Հարավային Կորեան են: Չինաստանում առաջին դեպքերի պաշտոնական հրապարակման օրվանից անցել է 54 օր: Այդ պահից հետո ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են 21-րդ և 22-րդ օրերին, իսկ 44-րդ և հոջորդիվ օրերին, նախորդ օրերի հետ համեմատության մեջ, շատ քիչ դեպքեր են գրանցվել (օրինակ 51-րդ օրը ընդամենը 11): Չինաստանը որդեգրել էր վիրուսի տարածումը կանխարգելելու խիստ քաղաքականություն և կարանտինային ռեժիմ էր սահմանել վիրուսի էպիկենտրոն Ուհան քաղաքում:

Հարավային Կորեայում առաջին դեպքերի պաշտոնական հրապարակման օրվանից անցել է 27 օր: Այդ պահից հետո ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են 14-րդ օրը: Մարտի 16-ը առաջին դրանցված դեպքերից հետո 27-րդ օրն է և նոր գրանցվող դեպքերի քանակը գնալով ավելի են նվազել: Հարավային Կորեան համատարած թեստավորում է իրականացրել, որպեսզի կանխարգելիչ գործողությունները ավելի արդյունավետ լինեն: Այս տարբերակը ծախսատար է և մեծ քանակի թեստեր է պահանջում:

Այս երկու երկրներին կարելի է տնտեսապես զարգացած համարել, սակայն քաղաքական տեսանկյունից սրանք ավտորիտար կառավարում ունեն, սա հատկապես ճիշտ է Չինաստանի դեպքում: Նման երկրներում կառավաության կողմից հանրային մեծ զանգվածների կառավարումը և վիրուսի ավելի շատ տարածումը կանխելու համար որոշակի գործողություններ պարտադրելը սովորաբար ավելի դյուրին է, քան ժողովրդավարական երկրներում:

Այս երկու երկրներում վիրուսի հետագա տարածումը կարելի է համարել կանխված և այս պահին վիրուսի դեմ պայքարում սրանք ամենահաջողված երկրներն են: Սրանցից յուրաքանչյուրում վիրուսի տարածման արագության և ըստ շաբաթների դրա փոփոխության մասին, նաև կախված բնակչության խտությունից, ներկայացված է հաջորդիվ:

Սցենար երկրորդ

Երկրորդ սցենարում Իրանն է: Իրանում առաջին դեպքերի պաշտոնական հրապարակման օրվանից անցել է 25 օր: Այդ պահից հետո ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են 23-րդ օրը: Գծապատկերից երևում է, որ վիրուսը տարածումը ալիքաձև բարձրանում է և այս շաբաթվա ընթացքում պարզ կդառնա այն շարունակում է վեր բարձրանալ թե դեպի անկում է գնում: Իրանում վիրուսի տարածման չորրորդ շաբաթն է ընթանում և դեռ անկման սցենար չի նկատվում: Մինչդեռ, և՛ Չինաստանում, և՛ Հարավային Կորեայում չորրորդ շաբաթում դինամիկան գնում էր հաստատուն նվազման:

Սցենար երրորդ

Երրորդ սցենարը կարելի է անվանել եվրոպական: Այս երեք զարգացած տնտեսություններում երրորդ շաբաթում դեռ նոր դեպքերի գրանցման կտրուկ աճեր են նկատվում, այնինչ առաջին սցենարի երկրներում երրորդ շաբաթում նոր դեպքերը կամ գնում էին նվազման կամ դրանց կտրուկ աճը դադարել էր և աճի կորը գտնվում էր բարձրակետում, որից հետո սպասվում էր նվազում:

Այս երեք սցենարները միմյանց հետ համադրած հետևյալ պատկերն ունեն: Տվյալներում առկա մեծ տատանումները հարթեցնելու և թվային շարքերից որոշակի օրինաչափություն դուրս բերելու համար, նաև հաշվի առնելով վիրուսի զարգացման յոթօրյա շրջանները, հետևյալ գծապատկերում ներկայացված նոր դեպքերը թվերը բերվել են յոթնօրյա հատվածների և ներկայացված են միջնարժեքով (Գծապատկեր No: 7):

Գծապատկեր No: 7

7.New cases-Median.png (234 KB)

Այս գծապատկերում հորիզոնական առանցքում օրերի թիվն է, իսկ ուղղահայաց առանցքը ցույց է տալիս օրական գրանցված նոր դեպքերի քանակը միջնարժեքով` սկսած յոթերորդ օրից: Այսինքն գծապատկերում յոթերորդ օրը ցույց է տալիս նախորդ յոթ օրերի միջնարժեքը, ութերորդ օրը ցույց է տալիս կրկին նախորդ յոթ օրերի միջնարժեքը, և այսպես շարունակ մինչև մարտի 16-ը ներառյալ: Այստեղ նույնպես ավելի հստակ ընդգծվում է չինական և կորեական սցենարների նմանությունը, եվրոպական երեք երկների (կանաչ, երկնագույն և մանուշակագույն) սցենարի նմանությունը և Իրանինը` առանձին սցենար (մոխրագույն կորագիծ): Այստեղ ավելի պարզ ենք տեսնում վերևում նկարագրվածը, որ օրինակ, Իտալիայում վիրուսի տարածման 24-րդ օրը նոր դեպքերի գրանցման կտրուկ աճ է նկատվում, մինչդեռ 24-րդ օրը և՛ Չինաստանում, և՛ Հարավային Կորեայում նոր դեպքերը արդեն կայուն նվազում էին:

Եթե գծապատկեր No: 7-ը ներկայացնեմ ըստ ժամանակագրության և ամսաթվերով, ապա հետևյալ տեսքը կունենա (Գծապատկեր No: 8):

Գծապատկեր No: 8

8.New cases-median-dates.png (272 KB)

Դիտարկենք նաև վիրուսի տարածումը ըստ բնակչության թվի, ըստ յուրաքանչյուր միլիոն բնակչի: Սկզբում կներկայացնեմ ըստ տվյալ պետության ամբողջ բնակչության թվի, իսկ հետո տվյալ պետության մեջ ըստ վիրուսի ամենատարածում գտած շրջանի բնաչկության թվի: Սրանով կարող ենք վիրուսի տարածման այսպես ասած արագություն որոշել` մարդ/օր ըստ մեկ միլիոն բնակչի:

 

Վիրուսի տարածման արագություն

            Հետևյալ աղյուսակը (Աղյուսակ No: 1) ցույց է տալիս կորոնավիրուսով վարակման գրանցված նոր դեպքերի միջնարժեքը ըստ շաբաթների: Յուրաքանչյուր երկրում շաբաթվա առաջին օր է համարվել վիրուսակիրների մասին առաջին անգամ պաշտոնական հայտարարելու օրը: Հայաստանի դեպքում այդ օրը ընդունել եմ մարտի 11-ը, քանի որ առաջին դեպքի (մարտի 1) գրանցումից հետո տաս օր դեպքեր չէին գրանցվել:

Աղյուսակ No: 1

chart1.jpg (32 KB)

Այս աղյուսակից երևում է, ինչպես արդեն նշել եմ, որ Չինաստանի համար վիրուսակիրների նոր դեպքերի գրանցման գագաթնակետը եղել է երրորդ շաբաթը, իսկ Հարավային Կորեայի դեպքում դա երկրորդ շաբաթն է: Սա հավանաբար բացատրվում է զանգվածային տեստավորմամբ, դեպքերի վաղ հայտնաբերմամբ և դրանց մեկուսացմամբ: Իտալիայի դեպքում չորրորդ շաբաթն է ընթանում և նոր դեպքերի թիվը դեռ կտրուկ աճում է: Գերմանիան և Իսպանիան երրորդ շաբաթում են, որոնց մոտ նույնպես նոր հայտնաբերված դեպերի մեծ աճ է գրանցվում: Իրանը չորրորդ շաբաթում է և այստեղ նույնպես նոր դեպքերի թիվը շարունակաբար աճում է, բայց ոչ այնքան կտրուկ որքան նշված եվրոպական երկրներում: Սա կարող է նաև բացատրվել, թեստավորման մասով բժշկական ծառայությունների միջամտության որակով:

Երբ դիտարկում ենք բնակչության խտությունը և նոր դեպքերը ըստ մեկ միլիոն բնակչի ապա ունենում ենք հետևյալ պատկերը (Աղյուսակ No: 2):

Աղյուսակ No: 2

chart2.jpg (34 KB)

Աղյուսակից երևում է, որ յուրաքանչյուր շաբաթ վիրուսի տարածման արագությունը (մարդ/օր ըստ մեկ միլիոն բնակչի) փոխվում է, ինչը նաև տրամաբանական է, և եթե Չինաստանի և Հարավային Կորեայի դեպքում այն համապատասխանաբար երրորդ և երկրորդ շաբաթներից սկսում է նվազել, ապա եվրոպական նշված երկրների դեպքում այն ավելի մեծ թափ է հավաքում: Իրանում նույնպես աճում է, սակայն աճի տեմպը եվրոպականների համեմատ ավելի փոքր է: Կրկին, սրա բացատրությունը կարող է լինել կամ բժշկական ծառայությունների և միջամտությունների որակը, կամ էլ` բնակչության միջին խտությունը: Իրանում այդ ցուցանիշը շուրջ չորս անգամ փոքր է Իտալիայի, Գերմանիայի և շուրջ երկու անգամ Իսպանիայի համանուն ցուցանիշներից:

Երբ վերոնշյալ աղյուսակը դիտարկում ենք ամենաշատ դեպքեր գրանցած շրջաններով ապա, պատկերը փոքր ինչ փոխվում է (համարել եմ, որ գրանցված դեպքերի շուրջ կեսը այս շրջաններում է, ինչը մոտ է իրական պատկերին):

Աղյուսակ No: 3

chart3.jpg (43 KB)

Նշված երկրների շրջանները վիրուսի տարածման էպիկենտրոններն են և շատ վիրուսակիրներ գրանցած տարածքները: Ինչպես աղյուսակից երևում է (աղյուսակ No: 3) բնակչության խտության մեծացման զուգահեռ վիրուսի տարածման արագությունը մեծանում է, ընդ որում երբ բնակչության խտությունը մեծանում է ասենք երկու անգամ, վիրուսի տարածման արագությունը ոչ թե երկու, այլ մի քանի անգամ ավելի է մեծանում: Իրանի դեպքում պատկերը այլ է, նշված օրինակում բնակչության խտությունը աճել է 15 և ավել անգամ, սակայն վիրուսի տարածման արագությունը դրանից ավելի քիչ անգամներով է աճում:  Բացառություն է Հարավային Կորեան, երբ էպիկենտրոնում բնակչության խտությունը նվազում է, սակայն վիրուսի տարածման արագությունը աճում է: Սրա բացատրությունը նրանում է, որ Հյուսային Գյոնգսանգ Նահանգի տարածքում գտնվող, սակայն առանձին վարչական միավոր Դեգու քաղաքը ունի բնակչության շատ մեծ խտություն, որն էլ եղել է վիրուսի բռնկման էպիկենտրոնը:

Վերջաբան

Հաշվի առնելով, Հայաստանում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ որոշ սահմանափակումներ, դիտարկված երեք սցենարների Հայաստանի վրա մոդելավորումը չեմ ներկայացնում: Սակայն սա հաջորդ անհրաժեշտ քայլն է, որ ինչպես վերևում արդեն նշել եմ, հարկավոր է կատարել, ձեռնարկվող քայլերի համարժեքությունը և տարբեր ուղղվածությամբ միջամտությունները պլանավորելու համար: Այս և նման տվյալները պետք է լինել բոլոր պլանավորվող գործողությունների հիմքում:

Միջամտությունների մասով մի քանի օրինակ բերեմ: Օրինակ, այս դիտարկումներից պարզ է դառնում, որ Իրանի հետ ցամաքային սահմանը դեռ պետք է փակ պահել, իսկ եվրոպայից եկող բոլոր անձանց (անկախ քաղաքացիությունից) պետք է 14 օր ինքնամեկուսացման ուղարկել, կամ հնարավորության դեպքում` կարանտին: Այս դիտարկումները հուշում են նաև որ չինական և հարավ-կորեական խիստ և կտրուկ միջոցներն ու քայլերը արդարացված են, իսկ եվրոպական հետզհետե քայլեր ձեռնարկելու մոտեցումը ժամանակի կորուստ է եղել և վիրուսի տարածման շրջանակը ավելի է ընդլայնվել ու խորացել, ինչը նշանակում է վիրուսի դեմ պայքարը ավելի է դժվարացել:

Մեկնաբանություններ (1)

Samvel Mkhitaryan
Նման վերլուծությունները շատ օգտակար են ու պետք է լինեն որոշում կայացնողների (policy makers) հիմնական գործիքներից: Ցանկալի է թարմացնել վերլուծությունը տալով անև Հայսատանում ներկայիս վիճակի (երկրորդ ալիք?) հնարավոր պատճառները, զարգացման հնարավոր միտումները, սցենարները և առաջարկություններ զարգացման օպտիմալ սցենարի ընտրության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter