HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում. անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ

Կորոնավիրուսի մասին տեղեկությունների տեղատարափում երեկվա՝ մարտի 17-ի լրահոսում տնտեսական կարևոր մի թեմա «կորավ». Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) մի քանի ամսվա դադարից հետո որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%։

Այս լուրը շատ քիչ շրջանառվեց՝ հիմնականում ԿԲ-ի հաղորդագրության տեսքով։ Իսկ ԿԲ-ի հաղորդագրությունները, որպես կանոն, նեղ մասնագիտական լեզվով են գրվում և երբեմն՝ ընթերողների համար ոչ ընկալելի։ Այս հոդվածով փորձել ենք հնարավորինս մատչելի բացատրել, թե որն է վերաֆինանսավորման տոկոսադրույքի դերը և վերջին տարիներին ինչ միտումներ է գրանցվել։

Գնանկումն ու բացասական սպասումներն են ԿԲ-ին ստիպել իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին:  Դա օգնում է բանկերին էժան փողի հարցում և որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի դերը նաև չի կարելի գերագնահատել, քանի որ բանկերի տրամադրած վարկերի տոկոսների վրա ազդող բազմաթիվ այլ գործոններ էլ կան։ Տարբեր երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունները տարբեր ժամանակահատվածում են արձանագրվում։

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնում է այն ժամանակ, երբ գնաճի (կամ գնանկման) ու տնտեսության ընդհանուր աշխուժացման հարցում խնդիրներ է տեսնում։ Այսինքն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի այն կարևորագույն գործիքներից է, որով այս կառույցը կարողանում է միջամտել տնտեսությանը և մասնավորապես՝ սպառմանն ու գներին։ Այլ հարց է, թե երբ և ինչ չափով է տնտեսությունը զգում այդ միջամտության ազդեցությունը. դա երբեմն շուտ է զգացվում, երբեմն՝ ուշ։

Սահմանելով ավելի ցածր տոկոսադրույք՝ ԿԲ-ն փորձ է անում էժանացնել փողը և դրանով նպաստել բիզնեսի աշխուժացմանը, երկրում սպառման ավելացմանը։ Սա արվում է ցածր գնաճի պայմաններում, ինչն էլ արձանագրվել է այս անգամ։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա փետրվարին սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2020թ. փետրվարը 2019թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 0.5%։ 

Կենտրոնական բանկն արձանագրել է, որ աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում ինչպես համաշխարհային տնտեսության վրա, այնպես էլ՝ Հայաստանի։ Այս ամենը Հայաստանում  հանգեցրել է առաջարկի ու պահանջարկի նվազմանը։ Հիմնական հարվածները կրում է ծառայությունների ոլորտը և հատկապես այն ենթաճյուղերը, որոնք կապված են զբոսաշրջության և ժամանցի կազմակերպման հետ։ 

ԿԲ-ն կանխատեսել է, որ տնտեսական աճը առաջիկայում բավական կդանդաղի, բայց դա կլինի կարճաժամկետ։ Այս ամենը հաշվի առնելով էլ՝ ԿԲ-ն որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ դարձնելով 5․25 %: 

Կառույցն ակնկալում է, որ սրա արդյունքում գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին։ Իսկ, ինչպես հայտնի է, ԿԲ-ն գնաճի նպատակային թիրախ է ընտրել՝ 2.5-5.5%-ը. սա գնաճի այն միջակայքն է, որն ըստ ԿԲ-ի, նպաստում է տնտեսության բնականոն ընթացքին ու զարգացմանը։

5.25%. 10 տարվա նվազագույն ցուցանիշը

Մինչև 2006 թվականը Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 5%-ից ցածր։ 2006 թվականից անցում է կատարվել գնաճի թիրախավորման։  

2007-2008 թվականներին տոկոսադրույքն աստիճանաբար բարձրացել է՝ մոտենալով 8%-ի շեմին։ 2009-ին կրկին իջեցրել է, սակայն 2010-ից՝ բարձրացել է։

Որոշակի տատանումներով մինչև 2013 թվականը այն հասել է 8.5%-ի։

2014 թվականի փոխարժեքի շուկայում առաջացած խուճապից հետո ԿԲ-ն «ձգեց գոտիները»՝ խստացրեց դրամավարկային քաղաքականությունը, որի արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցավ իր գագաթնակետին՝ 10.5%-ին։

Եվ միայն 2015 թվականի երկրորդ կեսից ԿԲ-ն գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքն աստիճանաբար իջեցնելու ճանապարհով։

Այսօրվա մակարդակը՝ 5.25%-ը, ամենացածրն է 2010 թվականից սկսած։ 

Մինչ այս վերջին որոշումը՝ Կենտրոնական բանկը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշում էր կայացրել 2019 թվականի սեպտեմբերին։

 

Untitled dashboard
Infogram

Տնտեսագետ. «Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցենելը բավարար չէ»

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը համարում է, որ տնտեսության աշխուժացման համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն անհրաժեշտ միջոց էր։ Սակայն ըստ նրա՝ միայն այդ գործիքով հնարավոր չէ նպաստել տնտեսության աշխուժացմանը։

«Այն բավարար չէ։ Պետությունը պետք է այլ գործիքներ էլ մշակի ու կիրառի։ Պետք է գործիքների կիրառման բաժանում անել՝ կառավարության, օրենսդիր իշխանության և Կենտրոնական բանկի միջև։ Կենտրոնական բանկը պետք է ավելի լայն դիտարկի իրացվելիության խնդիրը՝ ոչ միայն տոկոսադրույքի միջոցով, այլև՝ արտակարգ միջոցներ կիրառելով։ Օրինակ՝ եթե բանկերում իրացվելիության խնդիր լինի, Կենտրոնական բանկը պետք է պատրաստ լինի ինչ-որ կերպ բանկերին օգնել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ բացի «վարկային արձակուրդները», որոնք սահմանել են բանկերը, պետությունը ևս պետք է մտածի բիզնեսին և քաղաքացիների որոշակի արտոնություններ տալու մասին, ինչպես օրինակ՝ «հարկային արձակուրդներն» այն բիզնեսների համար, որոնք այս օրերին ամենից շատն են տուժում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter