HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վարկային կազմակերպությունները արձակուրդ չեն տալիս․ մի մասը անհատական մոտեցում կցուցաբերի

Հայաստանում բանկերից շատ վարկային կազմակերպություններ կան։ Եթե բանկերի թիվը չի անցնում 17-ը, ապա վարկային կազմակերպությունների թիվը հասնում է 43-ի։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ բանկերը, մեկ բացառությամբ, հայտարարեցին վարկային արձակուրդի մասին։ Խոստացան վարկերի մարումներն ուշացնելու դեպքում քաղաքացիներին չդասակարգել («սև ցուցակում» չներառել

Վարկային կազմակերպություններն ավելի հեշտ են վարկ տրամադրում, բայց բազմակի անգամ ավելի խիստ պայմաններով։ Քաղաքացիների մի մեծ խումբ կա, որ վարկային կազմակերպություններից վարկ է վերցրել:

Ունիվերսալ վարկային 13 խոշոր կազմակերպությունները (ՈՒՎԿ) միավորվել են «Վարկային կազմակերպություների միության» մեջ։ Ինչպես բանկերի միությունը, այնպես էլ այս միությունը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում վարկային կազմակերպությունները պատրաստ են աջակցել իրենց հաճախորդներին։ Խոսքը անհատական աջակցության մասին է։

Ստորև ներկայացնում ենք որոշակի մեղմ վերաբերմունքի մասին հայտարարած վարկային կազմակերպությունների ցանկն ու նրանց արած հայտարարությունների հղումները։

«Արեգակ»-ը հայտնել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իր հաճախորդներին՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

«Բլեսս» ունիվերսալ վարկային կազմակերպությունն իր պատրաստակամությունն է հայտնել ճկուն անհատական մոտեցում ցույց տալ իր հաճախորդներից յուրաքանչյուրին՝ փոփոխելով վճարումների գրաֆիկը այն դեպքում, երբ հաճախորդների եկամուտները նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով։

«Գլոբալ Կրեդիտ»-ն այսօր տեղեկացրեց, որ վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ ունեցող իր հաճախորդներից պատրաստ է ընդունել և դիտարկել վարկի մարումները հետաձգելու վերաբերյալ դիմումներ։

«Էկլօֆ» վարկային կազմակերպությունն էլ հայտարարել է, որ մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր հաճախորդներին կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը:

«Կամուրջ»-ը նույնպես հայտարարել է անհատական մոտեցման մասին այն վարկառուներին, որոնք ունեն վճարման խնդիրներ՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:

«Քարդ ագրոկրեդիտ» վարկային կազմակերպությունն էլ հայտարարել է որոշ բիզնես շրջանակների համար անհատական մոտեցման, իսկ քաղաքացիների համար նոր ժամանակացույց կազմելու վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին։

«Ֆարմ կրեդիտ Արմենիա»-ն էլ այսօր հայտարարեց, որ պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց։

«Ֆինքա»-ն հայտարարել է, որ իր այն հաճախորդները, ում եկամուտները ստեղծված իրավիճակի հետևանքով նվազել են, և դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կստանան անհատական մոտեցում:

«Գառնի ինվեստ» վարկային կազմակերպությունն էլ հայտարարել է իր հաճախորդների կողմից մինչև մայիսի 15-ը ներառյալ չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չհամարելու և այդ ընթացքում միանվագ տույժերի և տուգանքների հաշվարկը դադարեցնելու մասին:

«Գուդկրեդիտ»առաջարկում է ընդամենը առցանց վճարումներ կատարել։ Միայն որոշակի բիզնես խմբերին առաջարկում է վարկը մարելու հարցում դժվարություններ ունենալիս դիմել կազմակերպությանը։

«Սեֆ ինտերնեյշնլ»-ը անհատական մոտեցման մասին որևէ հայտարարություն չի արել։ Վերջին նորությունն այս կազմակերպությունից այն է, որ Էջմիածնի մասնաճյուղը չի գործելու։

Վարկային կազմակերպությունների միության մեջ չմտնող ՈՒՎԿ-ներից «ԱԳԲԱ լիզինգ» վարկային կազմակերպությունը հայտարարել է, որ մինչև ապրիլի 30-ը ներառյալ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների լիզինգի պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի սահմանի, պարտավորությունները չեն համարվի ժամկետանց և պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց:

Մասնաճյուղերի մեծ ցանց ունեցող «Վարկս Էյ Էմ» վարկային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ միայն պարտաճանաչ հաճախորդների հանդեպ կլինի անհատական մոտեցում, որոնք կդժվարանան վարկերի մարումներն անել։

«Ֆաստ կրեդիտ»-ն էլ առանց ժամկետ նշելու հայտարարել է, որ ոսկու գրավով վարկեր ունեցողների վճարումների ուշացումների նկատմամբ տույժեր չի կիրառի։ Հյուրանոցային բիզնեսներ ունեցող հաճախորդների վարկերի ժամանակացույցն էլ կվերանայեն։

«Մոգո» վարկային կազմակերպությունը չնայած երեկ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իր հաճախորդների վարկերի ժամանակացույցը կվերանայի, նման մոտեցում չի ցուցաբերում։ Իսկ հայտարարությունը հեռացրել է իր ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter