HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Վարակը կարող է հաղթահարվել համայնքների ներսում եղած համերաշխությամբ»․ ԱՀԿ Եվրոպական գրասենյակի տնօրեն

Երեկ Դանիայում կայացել է Առողջապահական համաշխարհային կազմակերպության նիստը՝ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Պ․ Քլյուգեի գլխավորությամբ, որտեղ քննարկվել են կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև՝ պատասխանել տարբեր երկրների լրագրողների, այդ թվում՝ «Հետք»-ի հարցերին։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհի 152 երկրում տարածվել է կորոնավիրուսը և 7000 և ավելի մարդիկ մահացել են։ Վարակի դեպքերի մեկ երրորդն արդեն բաժին է հասնում եվրոպական տարածաշրջանին, որն այսօր դարձել է կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնը։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի տնօրենն իր ելույթը սկսել է կոչ անելով համախմբվել՝ դադարեցնելու կամ գոնե նվազեցնելու կորոնավիրուսի տարածումը։

«Մտածել, որ այն ինձ չի վերաբերում, տարբերակ չէ,- ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Պ․ Քլյուգեն։- Լավ նորությունն այն է, որ մեր տարածաշրջանը զգոն է և պատրաստ է դիմակայության։ Տարածաշրջանի բոլոր պետությունները տարբեր մակարդակներում արդեն սկսել են  պատրաստվածության, պատրաստակամության և արձագանքման միջոցներ ձեռնարկել։ Մենք շարունակաբար մոնիթորինգ ենք անում այդ միջոցները և պարբերաբար խորհրդատվություններ ենք անցկանցնում առողջապահության նախարարությունների մեր գործընկերների հետ՝ հավաքելու և կիսվելու օգտակար տեղեկություններով»,- ասել է նա։

«Հետք»-ը հարց էր ուղղել ռիսկային գոտում (ամենաշատ վարակակիր ունեցող Էջմիածին քաղաքի տարածքում) ապրող մարդկանց մասին, որքանով է արդյունավետ հատկապես նրանց կորոնավիրուսին բնորոշ գանգատներ ունենալիս թեստավորվում իրականացնելը։

Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման և կառավարման կենտրոնի գրիպի և այլ  շնչառական վիրուսների բաժնի վարիչ, Անգլիայում հանրային առողջության մասնագետ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի թիմի ղեկավար Ռիչարդ Պեբոդին առաջարկեց պարզապես հնարավորինս հետևել մեկուսացման կանոններին և հիգիենիկ նորմերին՝ պաշտպանելով նաև շրջապատի մարդկանց։

«Ռիսկային գոտում նորից պետք է կիրառել հիմնական կանխարգելիչ միջոցները՝ պաշտպանեք ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց՝ նվազեցնելու վարակվելու և վարակը տարածելու վտանգը։ Լվացեք ձեռքերը, պահպանեք շնչառական հիգիենան, հազալու էթիկան, եթե կարող եք մնալ տանը, մնացեք տանը, պահպանեք 2 մ հեռավորությունը՝ նվազեցնելու այլ մարդկանց կողմից վարակվելու վտանգը, ու նորից, հետևեք տեղական ցուցումներին կամ հատուկ խորհուրդներին։ Այս ամենը պետք է որ ձեզ անվտանգ պահի»,- ասաց նա

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Հ․Պ․ Քլյուգեին հաճախակի տրվող հարցերից էր՝ արդյոք եվրոպական պետություններն անում են ամեն ինչ՝ կանխելու պանդեմիան։

Եվրոպայի տարածաշրջանի տնօրենը նշեց, որ դա հասկանալու համար, պետք է հաշվի առնել, որ իրենք գործ ունեն «բռնկման «4 Cs» սցենարների հետ»․ առաջին՝ ոչ մի դեպք, երկրորդ՝ առաջին դեպքը, երրորդ՝ առաջին կլաստերը և չորրորդ՝ համայնքների միջև փոխանցման առաջին ապացույցները։

«Բռնկումը տարբեր երկներում ընթանում է տարբեր արագությամբ՝ պայմանավորված ժողովրդագրական և այլ գործոններով։ Որոշ անդամ երկրներները թվարկված տարբեր սցենարներում են՝ 2 կամ  3, մեծամասնությունը՝ 4-ում։ Հիմնական գորոծողություններն այս սցենարներում նույնն են։ Բայց շեշտը փոխվում է՝ կախված այդ երկրում եղած փոխանցման սցենարից։ Ամեն մի երկիր պետք է գնահատի իր սեփական իրավիճակը և կոնտեքստը, ներառյալ՝ վարակի տարածումը, ձեռնարկված միջոցները և սոցիալական նորմերը և ըստ դրա՝ ձեռնարկի իր համար ավելի համապատախան միջոցներ»,- ասաց Հ․Պ․Քլյուգեն։

Այնուամենայնիվ, նա թվարկեց մի քանի հիմնական սկզբունքներ, որոնցով բոլոր պետությունները պետք է առաջնորդվեն

  • Նախապատրաստվել և զգոն լինել 
  • Հայտնաբերել, պաշտպանել, բուժել
  • Նվազեցնել փոխանցումը
  • Զարգացնել և սովորել՝ պաշտպանելով խոցելի մարդկանց

«Սա «կամ-կամ» լուծում չէ: Այն միջոցառումների համընդհանուր փաթեթ է, որը միայն կարող է բերել լավագույն արդյունքների»,- ընդգծել է Հենրի Պ․ Քլյուգեն։

Նա խորհուրդ է տվել մարդկանց ամեն քայլափոխի հիշեցնել, տեղեկացնել և ուղղորդել՝ ինչպես պաշտպանել իրենք իրենց և այլոց, աջակցել համայնքներին և պահպանել հանգստությունն արտակարգ իրավիճակներում։ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի տնօերնը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է, որ մի շարք  եվրոպական երկրներ հիմա ունեն ազգային ծրագրեր, բազմաոլորտային մոտեցումներ և լաբորատոր բավարար կարողություններ´

«Չինաստանի և այլոց փորձը ցույց է տալիս, որ թետավորումը և շփման հետագծելությունը, սոցիալական հեռավորության պահպանման և հասարակության համախմբման հետ միասին, եթե արագ և արդյունավետ ներդրվեն, կարող են կանխել վարակը և մարդկանց կյանքեր փրկել»։

Նշենք, որ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանը պարբերաբար հավաքում և 53 անդամ պետություններին է փոխանցում խորհուրդներ, կորոնավիրուսի մասին տարբեր երկրներից մշակված տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում նաև՝ ուղարկում է լաբորատոր սարքավորումներ, դեղորայք և այլն։

Բացի այդ, մինչ օրս ԱՀԿ մի քանի փորձագիտական խմբեր են մեկնել տարբեր երկրներ, հատուկ խմբեր մեկնել են Իտալիա՝ Հռոմ և ԱՀԿ Վենետիկյան գրասենյակ։

«Յուրաքանչյուրս այս հասարակության մեջ ունենք մեր դերը՝ չվարակվել, իսկ եթե արդեն վարակված ենք, պաշտպանել ուրիշներին, հատկապես տարեցներին և զուգահեռ այլ հիվանդություններ ունեցող մարդկանց։ Անկանխատեսելի ժամանակներ են, շատ կարևոր է, որ երկներն աշխատեն համախմբված, սովորեն իրարից և խմբավորեն ջանքերը։ Վարակը կարող է հաղթահարվել համայնքների ներսում եղած համերաշխությամբ »,- ասել է Հ․Պ Քլյուգեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter