HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տեխասում կորոնավիրուսի պատճառով հետաձգել են դատապարտյալի մահապատիժը

ԱՄՆ Տեխաս նահանգի վճռաբեկ դատարանը կորոնավիրուսի պատճառով 60 օրով հետաձգել է 44-ամյա Ջոն Համելի մահապատիժը։ 2009 թվականին նա դանակահարել էր իր հղի կնոջը, ծեծելով սպանել հնգամյա որդուն և զոքանչին, որից հետո այրել տունը, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը։ Համելը հաշվեհարդար էր տեսել ընտանիքի անդամների հետ՝ սիրուհու հետ ապրելու նպատակով։ 2011 թվականին նրան դատապարտել էին մահապատժի։

Համելին մահապատժի պետք է ենթարկեին մարտի 17-ին։ Սակայն դատարանը որոշել է, որ մահապատիժը պետք է հետաձգվի՝ «առողջապահության ոլորտում առկա ճգնաժամի և մեծ ռեսուրսների պատճառով, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի հաղթահարման համար»։ The New York Times-ի տվյալներով՝ ներկայումս Տեխասում հայտնաբերվել է կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ տարածքում՝ 5881 դեպք։

Մահապատժի հետաձգումը պահանջել է Համելի փաստաբան Մայքլ Մոուլան։ Նա բերել է մի քանի պատճառներ, մասնավորապես, մահապատժին ներկա կլինեն վկաներ և բանտի անձնակազմը, և եթե նրանցից մեկը հիվանդ լինի կորոնավիրուսով, ապա կվարակի նաև մյուսներին։ Բացի այդ, եթե կորոնավիրուսի պատճառով, մահապատիժն իրականացնող փորձառու աշխատակիցներից մեկին կարիք լինի փոխել, ապա մահապատիժը կարող է իրականացվել ոչ պատշաճ կերպով։ Պատճառներից երրորդն էլ այն է, որ Համելը չի հասցնի մահվանից առաջ տեսակցել հարազատներին, քանի որ կորոնավիրուսի պատճառով բանտերում արգելված է տեսակցությունը։

Թարանթ շրջանի շրջանային դատախազը, որը մեղադրանք էր առաջադրել Համելին, և Տեխասի քրեական դատավարության դեպարտամենտը, որը համակարգում է նահանգի բանտերի գործունեությունը, դեմ են հանդես եկել մահապատժի հետաձգմանը։ Դեպարտամենտում նշել են, որ բանտի աշխատակիցների և այցելուների հավելյալ ստուգումներ են իրականացվում, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը։ Սակայն դատարանը չի բավարարել այդ եզրակացությունները։

Համելի դատավճռի իրականացումը հետաձգվել է մինչև 2020 թվականի մայիս ամիս։ Մինչ այդ Տեխասում նախատեսված է ևս հինգ մահապատիժ։ Դեռևս անհայտ է նաև վերջիններիս իրագործման հավանականությունը։ Ինչպես գրում է Texas Tribune թերթը, դատապարտյալ Թրեյսի Բիթիի փաստաբանը հայտարարել է, որ նույնպես մահապատժի հետաձգման միջնորդություն կներկայացնի։ Բիթին խեղդամահ էր արել իր մորը, և մահապատժին սպասում էր մարտի 25-ին։

Տեխասում նախկինում ևս արտակարգ իրավիճակների պատճառով հետաձգվել են մահապատիժներ։ Իր միջնորդության մեջ Համելի փաստաբան Մայքլ Մոուլան հիշատակել է նմանատիպ երկու դեպքեր։ 2001 թվականին Տեխասի նահանգապետը 30 օրով հետաձգել էր սեպտեմբերի 11-ին նշանակված մահապատիժները։ Իսկ արդեն 2017 թվականին դատարանը 3 ամսով հետաձգել է այն հանցագործի մահապատիժը, որի փաստաբանը բնակվում էր «Հարվի» փոթորկից տուժած շրջաններից մեկում։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter