HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի համայնքապետարաններում աշխատում են 2-3 հոգով

Արմավիրի մարզի գյուղական համայնքապետարաններում աշխատանքային գրաֆիկն ամբողջությամբ փոխվել է: Այցելելով մի քանի համայնքներ արձանագրեցինք, որ կամ համայնքապետարանների դռները փակ էին, կամ ներսում աշխատում էին 1-2 հոգի: Վերջիններս էլ համայնքապետարանի շենքում մնում են մի քանի ժամ:

Ժամը 14.30-ին Խորոնք համայնքում էինք: Համայնքապետարանի շենքի դուռը բաց էր, սակայն, փակ էին համայնքապետարանի աշխատակիցների աշխատասենյակների դռները: Համայնքապետարանի դուռը բաց էր, քանի որ առաջին հարկում տեղակայված էր «Հայփոստի» բաժանմունքը: Վերջինիս աշխատակիցը հայտնեց, որ համայնքապետարանի աշխատակիցներն արդեն տուն են գնացել:

Հեռախոսազանգով փորձեցինք պարզաբանում ստանալ Խորոնքի համայնքի ղեկավար Սարգիս Նահապետյանից, սակայն, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Արտիմետը մոտ 1 կմ է հեռու Էջմիածին քաղաքից: Սակայն, Էջմիածին քաղաքի հսկողության խստացման հետևանքով արտիմետցիները Էջմիածին են հասնում մի քանի գյուղերի ճանապարհ կտրելով, որի ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է: Փակ է Արտիմետը քաղաքին կապող ուղիղ ճանապարհը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 23:00-ից սկսած՝ Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3-ը բաց կլինեն։ Բաց են Էջմիածնից Աշտարակ (Շահումյան գյուղի ուղղությամբ), Երևան և Մասիս (Ոսկեհատ գյուղի ուղղությամբ) գնացող ճանապարհները: Նշված հատվածներում տեղում քաղաքացիների ջերմաչափում կիրականացվի։ Մնացած ճանապարհները փակ են և հսկվում են ոստիկանների կողմից:

Այցելելով Արտիմետ, նկատեցինք, որ համայնքապետարանի դուռը փակ էր, սակայն դռան վրա հեռախոսահամարներ էր փակցված և նշագրում, որ «խիստ անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել»: Զանգահարեցինք համայնքապետ Վարդան Միրզախանյանին: Վերջինս ասաց, թե աշխատակիցներն ընդմիջումից գալիս են համայնքապետարան, ինքը նույնպես գալիս է աշխատավայր:

Տեղում պարզվեց, որ Արտիմետի համայնքապետարանի 10 հոգանոց աշխատակազմից այս օրերին աշխատում են երեքը՝ համայնքապետը, աշխատակազմի քարտուղարն ու մասնագետներից մեկը:

«Գան ի՞նչ անեն, խնդրել ենք, որ տանը մնան: Գյուղապետարան մարդ էլ չի գալիս, մենք գալիս ենք լրիվ հերիք ա»,- ասում է Վ. Միրզախանյանը:

Արտիմետի համայնքապետն ասաց, որ ինքը հաճախ լինում է փակված ճանապարհահատվածում, քանի որ երբեմն համագյուղացիները գնում և վիճում են, որպեսզի ճանապարհը բացեն իրենք շուտ հասնեն Էջմիածին: Ինքը տեղում բացատրական աշխատանք է տանում և իրավիճակը հանդարտեցնում է:

Գրիբոյեդովի համայնքապետարանի դուռը բաց էր, սակայն շենքում միայն վարորդն էր: Ասաց, որ համայնքապետը գործով դուրս է եկել, մյուսներն էլ աշխատանքի չեն գալիս, քանի որ «պետք է պահպանել անվտանգության նորմերը»: Աշխատանքի չի գալիս նաև համայնքապետարանի քարտուղարը: Նրան հատուկ է հրահանգվել, որ չգնա Գրիբոյեդով, քանի որ Էջմիածին քաղաքի բնակիչ է:

Թեև համայնքապետարանը թերծանրաբեռնված է աշխատում, սակայն համայնքապետարանում հետևում են անվտանգության նորմերին: Օրինակ, այսօր քլորով ախտահանվել են համայնքապետարանի շենքը, շրջակա տարածքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter