HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան ցուցադրել է, թե ինչպես է Կիմ Չեն Ընը պաշտպանվում կորոնավիրուսից

Նախորդ շաբաթվա վերջին Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներում հայտնվեց Կորեայի ազգային բանակի զորավարժություններից մի լուսանկար։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։ Լուսանկարում երևում էր, որ բարձրաստիճան զինվորականները, որոնք ուղեկցում էին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, կրում են սև պաշտպանիչ դիմակներ, իսկ Կորեայի առաջնորդը՝ ոչ։ Եթե նպատակն այն է, որ  չվարակեն երկրի առաջնորդին, ապա ձեռնարկված միջոցները բավարար չեն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կրել դիմակներ միայն նրանց, ովքեր արդեն իսկ վարակվել են կորոնավիրուսով։ Այդ իսկ պատճառով, եթե Կիմ Չեն Ընն առողջ է, ապա նա դիմակի կարիք չունի։ Դիմակ պետք է կրեն միայն հիվանդները՝ ուրիշներին չվարակելու համար։ Եթե, ենթադրենք, ուղեկցող գեներալները հիվանդ են, այսինքն՝ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ապա նրանք պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Սակայն Կիմ Չեն Ընի ամբողջական անվտանգության ապահովման համար նրանք առնվազն պետք է գտնվեն 1 մետր հեռավորության վրա, ինչպես նաև՝ ծածկեն ձեռքերը, որպեսզի մտածված կամ հանկարծակի չդիպչեն դեմքին։ Եթե բացակայում են վերը նշված բոլոր դեպքերը, ապա պաշտպանիչ դիմակներ կրելն ավելորդ է։

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիշեցնում է, որ աշխարհում նկատվում է դիմակների իրական պակասորդ, այնպես որ զորավարժությունների ժամանակ «հենց այնպես» դիմակներ կրելը չի խրախուսվում։ «Meduza»-ն գրում է, որ եթե Հյուսիսային Կորեայի ռազմական վերնախավից մեկը հիվանդ է, ապա լավ կլինի, որ գտնվի տանը կամ ստացիոնար բուժման մեջ։ Եվ վերջապես, Կիմ Չեն Ընը, որը, տարբեր աղբյուրների համաձայն, 35 կամ 38 տարեկան է, չի մտնում կորոնավիրուսի ռիսկային խմբի մեջ։ Փոխարենը, նրան ուղեկցող գեներալները, վստահաբար, կարող են ընդգրկվել այդ խմբում։

Պաշտոնապես Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երկրի տարածքում չի գրանցվել կորոնավիրուսի և ոչ մի դեպք, սակայն արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ երկիրը թաքցնում է իրական տվյալները։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter