
Կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք՝ Հայաստանում
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Կա առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները, համաձայն նախարարության հաղորդագրության, փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:
1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- մնալ տանը,
- սահմանափակել շփումները,
- հետևել անձնական հիգիենային,
- հաճախակի լվանալ ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
- հնարավորության սահմաններում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը,
- շփումների դեպքում պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսանալ 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
- պարբերաբար կատարել ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
- խուճապի չմատնվել և հետևել բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:
Մեկնաբանել