HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մելանյա Առուստամյան. «Արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն»

Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնել: Քաղաքացիների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ սահմանափակելու նկատառումով քաղաքացիներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի եւ տեսակապի՝ Viber, WhatsApp, Skype-ի համարները: Նշված օնլայն տարբերակներով մինչեւ ապիլի 14-ը քաղաքացիները կարող են դիմել խորհրդատվության համար, ուղարկել դիմումներ, փաստաթղթեր եւ այլն:

ՀՊԳ-ի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ աշխատանքներն ամբողջովին հեռահար կարգավորել չի հաջողվում, որովհետեւ մարդիկ դեռ սովոր չեն էլեկտրոնային տարբերակով աշխատանքին: Նշենք, որ ՀՊԳ-ի հիմնական այցելուները սոցիալական խոցելի խմբերն են, որոնք տեխնիկայից օգտվելու խնդիրներ ունեն, գուցեւ հնարավորությունը չունեն: Այդ է պատճառը, որ ՀՊԳ-ում շարունակում են քաղաքացիներից առձեռն եւ փոստով գրություններ ստանալ, իսկ դա աշխատակիցներին չի ապահովագրում հիվանդանալու վտանգից:

ՀՊԳ ղեկավարն ասում է, որ քաղաքացիների մի մասը վայբերով եւ մեյլերով փաստաթղթեր է ուղարկում, հեռախոսով են խնդիրը ներկայացնում եւ խորհրդատվություն ստանում: Պաշտպաններն անհրաժեշտության դեպքում գործ են կազմում եւ մեյլով ուղարկում: Մ. Առուստամյանը հայտնեց, որ առայժմ էլեկտրոնային տարբերակով աշխատանքը ստացվում է պետական մարմինների ու դատարանների հետ՝ փաստաթղթաշրջանառությունը կազմակերպում են մեյլերով:  

Մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ամեն հինգշաբթի ՀՊ գրասենյակում բաց դռների օր էր բանավոր խորհրդատվությունների համար, հիմա այն օնլայն տարբերակով է անցկացվում: Սակայն, քաղաքացիների հետ շփումներն իսպառ սահմանափակել հնարավոր չէ, անհրաժեշտության դեպքում ընդունում են: Հանրային պաշտպանների հերթապահություն է սահմանված՝ ամեն օր հերթապահում են քրեական իրավունքի երեք եւ քաղաքացիական իրավունքի երկու մասնագետ: Պաշտպանների աշխատանքն անվտանգ դարձնելու համար ընդունելությունների սրահում ապակյա պատ են տեղադրել եւ քաղաքացիների հետ այդկերպ են հաղորդակցվում: Պալատի մուտքի մոտ եւ հարկերում տեղադրվել են նաեւ ախտահանող նյութեր:

ՀՊԳ-ի ղեկավարի ասելով՝ քաղաքացիների այցերից ընդհանրապես խուսափել հնարավոր չէ, որովհետեւ արտակարգ դրության պայմաններում չեն կասեցրել դատավարական ժամկետները պահպանելու հարցը: Որպեսզի մարդկանց իրավունքները չխախտեն, ե՛ւ դատավարություններին են մասնակցում պաշտպանները, ե՛ւ անհետաձգելի քննչական գործողություններին: Նշենք, որ անհետաձգելի քննչական գործողությունները հաճախ կալանավայրերում են իրականացվում, հետեւաբար պաշտպանները գնում են կալանավայր:

«Մենք աշխատանքային պայմանագրերով անվտանգ աշխատանք ենք խոստացել մեր աշխատողներին, բայց չենք կարողանում ապահովել»,- ասում է Մ. Առուստամյանը: Առայժմ հետաձգվում են միայն այն դատաքննությունները, որոնք մարդաշատ են լինում՝ Նորքի զինված խմբի, «Սասնա ծռեր»-ի գործերով, Ռոբերտ Քոչարյանի գործով եւ այլն:

Նրա կարծիքով՝ արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter