HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նավթի գինը բարձրանում է

Երեկվա փլուզումից հետո այսօր առավոտյան նավթի ու ռուբլու գները կայունացման միտումներ են ցույց տվել։

Մոսկվայի բորսայում այսօր առավոտյան տեղի ունեցած առաջին գործարքները ցույց են տվել, որ երեկվա շեշտակի անկումից հետո ռուբլին փոքր-ինչ կայունացել է։ Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ, դոլարի փոխարժեքը նվազել է 1.2 %-ով՝ հասնելով 79.9 ռուբլու, նույնքանով նվազել է նաև եվրոյի փոխարժեքը՝ հասնելով 87.26 ռուբլու։ Դրանից րոպեներ անց փոխարժեքները կրկին փոփոխվել են՝ դոլարը հասել է 81 ռուբլու, եվրոն՝ 89 ռուբլու։ Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը նկատում է, որ սրանք 2016 թվականի փետրվարից հետո ամենաբարձր փոխարժեքներն են։ Այսօր փոխարժեքները բավականին արագ են փոփոխվում. ռուբլին մեկ ընկնում է, մեկ՝ բարձրանում։

Ռուբլու «փլուզումը» համաշխարհային շուկայում նավթի գնի կտրուկ անկման արձագանքն էր։ Երեկ՝ մարտի 18-ին, նավթի համաշխարհային շուկայում գների շեշտակի անկում գրանցվեց։  Brent տեսակի նավթի գինը 2003 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ հասել էր մեկ բարելի դիմաց 25 դոլարից ցածր մակարդակի։ Ամերիկյան «Ֆորբս» պարբերականի հաշվարկներով՝ նավթը մեկ օրվա ընթացքում էժանացել է 14.5%-ով։ Անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նավթ արդյունահանող երկրները կրկին չեն կարողացել պայմանավորվել նավթի գնի շուրջ ՕՊԵԿ+ գործարքի շրջանակում, ինչպես նաև, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, պահանջարկի նվազման պատճառով։ Այս ամենի հետևանքով փլուզվեց նաև ռուբլին։ Միջազգային սակարկումներում դոլարի փոխարժեքը հասավ 82 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 89 ռուբլու։

Իսկ այսօր առավոտյան նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գները հասել են 22.76 դոլարի՝ աճելով 11.73%-ով, Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն էլ աճել է 4.74%-ով` բարելի դիմաց հասնելով 26.06 դոլարի:

Ռուսաստանի տնտեսության ու երկրի պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից: Փոխարժեքի տատանումներից հետո այս երկրի ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը հայտարարել են, որ ունեն բավարար միջոցներ նման իրավիճակներում ֆինանսական կայունությունը վերականգնելու համար։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Ռուսաստանում տիրող տնտեսական այս իրավիճակը բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես՝ տրանսֆերտների ու առևտրաշրջանառության ոլորտում։  

Հիշեցնենք, որ նավթի ու ռուբլու գների կտրուկ տատանում է գրանցվել նաև այս տարվա մարտի 9-ին։ Այդ օրը ասիական շուկաներում նավթի գինը նվազել է 31%-ով։ Պատճառն այն էր, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ, որից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին, որն էլ հանգեցրել է գնանկման: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter