HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Իսրայելը գործի է դնում լրտեսական տեխնոլոգիա՝ վիրուսի տարածմանը հետևելու համար

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Իսրայելը թույլատրել է էլեկտրոնային եղանակով հետևել պացիենտներին, հաղորդում է CNN-ը։ Կիրառվող թվային տեխնոլոգիան մինչ այժմ օգտագործվել է միայն հակաահաբեկչության դեմ պայքարում։

Պայքարի նման մեթոդը քննադատության է արժանացել երկրում՝ կապված անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հետ։

Հետևող գործիքը թույլատրվել է առանց Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի համաձայնության։ Առաջին անգամ այն կիրառվելու է քաղաքացիական բնակչությանը հետևելու նպատակով․ երկրի ներքին անվտանգության գործակալությունը հետևելու է անհատների հեռախոսներին, որպեսզի պարզի, թե որտեղ են գտնվել կորոնավիրուսով վարակված պացիենտները կամ ենթադրյալ վարակակիրները, ում հետ են կոնտակտի մեջ եղել։ Իսրայելի Անվտանգության գործակալությունը (ISA) հետևելու է անձանց նրանց նույնականացման քարտերի համարներով կամ հեռախոսահամարներով։

Վարչապետ Բենջամին Նեթանյահուի անցումային կառավարությունն այս հանգստյան օրերին անանուն կերպով հաստատեց գործիքի կիրառումը։ Պնդելով, որ նույնիսկ մի փոքր հապաղելը կարող է վտանգի առաջ կանգնեցնել երկիրը, 70-ամյա ղեկավարը շրջանցեց դեռևս չձևավորված խորհրդարանական Արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեն, որը սովորական պայմաններում պետք է վերահսկողություն սահմաներ և թույլատրեր գործիքի կիրառումը։

Նեթանյահուն որոշման արագ ընդունումը մեկնաբանել է վիրուսի արագ տարածմամբ․ «Նույնիսկ մեկ ժամ հապաղելը կարող է հանգեցնել բազում իսրայելցիների մահվան։ Գործիքի կիրառումը, որը հաստատեց Գլխավոր դատախազը, կարող է դանդաղեցնել համավարակի տարածումը և փրկել մի շարք իսրայելցիների կյանքը»։

Ինչպե՞ս է աշխատելու գործիքը

Կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու համար Իսրայելը մի շարք միջոցառումներ և սահմանափակումներ է ձեռնարկել։ Հանրային հավաքները չպետք է գերազանցեն 10 մարդը, փակվել են հանգստի և զվարճանքի վայրերը, ռեստորաններն ու սրճարանները։ Հանրային տրանսպորտը չի աշխատում հանգստյան օրերին և գիշերային ժամերին։ Իսրայելցիներին էլ հրահանգվել է  առանց անհրաժեշտության դուրս չգալ տնից։

Այս գործիքը ամենահզոր և անձնական կյանքին առավելագույնս միջամտող գործիքն է, որ մինչ այժմ կիրառվել է։ Իսրայելի Անվտանգության գործակալությունը իրավունք է ստացել տեղեկություններ հավաքել մարդկանց հեռախոսներից նրանց տեղաշարժի, կորոնավիրուսով վարակված պացիենտների և այն մարդկանց կոնտակտների վերաբերյալ, որոնք ենթադրաբար վարակվել են վերջին 14 օրերի ընթացքում։

Այդուհանդերձ, գործակալությունն իրավունք չունի պահեստավորել հավաքած տվյալները, հավաքել մարդկանց խոսակցությունները կամ հաղորդագրությունները։ Գործակալությունը նաև չի մասնակցելու  պացիենտների վերահսկման աշխատանքներին կամ կարանտինային սահմանափակումների ապահովմանը։ Փոխարենը, Անվտանգության գործակալությունը տվյալները փոխանցելու է Առողջապահության նախարարությանը՝ հետագա մշակման։

Լուսանկարը՝ thedailybeast.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter