HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Ինչպես են Իտալիայի փոքր քաղաքներից մեկում կանխել կորոնավիրուսի տարածումը

Իտալիայի հյուսիսում գտնվող փոքր քաղաքում կանխել են կորոնավիրուսի տարածումն ու նոր դեպքերի գրանցումը մի փորձի շնորհիվ, հաղորդում է BBC-ն։

Երբ Վենետիկից ոչ շատ հեռու գտնվող Վո Էուգանեո կոմունան հայտնվեց Եվրոպայում COVID-19-ի բռնկման կիզակետում, հենց սկզբից սկսեցին բնակչությանն ակտիվորեն թեստավորել։

Քաղաքի բոլոր՝ 3400 բնակիչներին՝ անկախ նրանց մոտ հիվանդության ախտանիշների առկայության, կորոնավիրուսի թեստ արեցին․ ում մոտ թեստը դրական արդյունք ցույց տվեց, ուղարկեցին խիստ կարանտինի։ Վարակվածների հետ շփում ունեցած անձանց ևս ուղարկեցին կարանտինի։

10 օր անց բոլորին կրկին թեստավորեցին և պարզեցին, որ վարակվածների թիվը նվազել է 90 %-ով։ Այս մասին հաղորդել է Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Անդրեա Կրեսանտին, որը մասնակցել է փորձին։

Քաղաքի առողջապահական կառույցներին հաջողվել է լիովին կանգնեցնել վարակի տարածումը Վո Էուգանիոյում, որտեղ փետրվարի 22-ին գրանցվել էր Իտալիայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Քաղաքապետ Ջուլիանո Մարտինիի խոսքերով՝ թեստավորումը փրկեց շատերի կյանքը։

Պրոֆեսոր Անդրեա Կրեսանտին պատմում է, որ քաղաքում թեստավորել են բոլորին՝ առանց բացառության, ներառյալ վարակի ախտանիշներ չունեցողներին։ Անալիզները ցույց են տվել, որ վիրուսն առկա է բնակչության 3 %-ի մոտ։ Ախտանիշներ ունեցող ամեն վարակվածի բաժին էր ընկնում 10 վարակակիր՝ առանց ախտանիշի։ Երբ մարդկանց երկրորդ անգամ թեստավորեցին, պարզվեց, որ վարակվածների թիվը նվազել է 90 %-ով։ Թեստավորումը երևան հանեց 6 վարակակրի, որոնք հիվանդության ախտանիշներ չունեին․ նրանց ևս ուղարկեցին կարանտինի։ «Եթե այս մարդկանց ժամանակին չհայտնաբերեին, վարակը կշարունակեր տարածվել»,- բրիտանական Financial Times-ին հաղորդել է Անդրեա Կրեսենտին։ «Թեև առանձին վերցված երկրի բոլոր բնակիչներին անհնար է թեստավորել, շատ կարևոր է թեստավորել ախտանիշներ չունեցող մարդկանց, որոնք կոնտակտի մեջ են եղել վարակվածների հետ»,- կարծում է Անդրեա Կրեսանտին։

Իտալական իշխանություններն այս պրակտիկան ծրագրում են կիրառել ամբողջ Վենետո շրջանում, որտեղ օրական 11 000 թեստ են կատարելու։

Լուսանկարը՝ dailymail.co.uk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter