HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Արա՛մ, ծնունդդ շնորհավոր, նվեր ունեմ՝ «պանդեմիկ» տեքստեր»  (Covid_19-ի օրեր)

Մարտի տասնինն է` արտակարգ դրության չորրորդ օրը։ Այն, ինչ կատարվում է հետս (գուցե նաեւ շուրջս), մետրոյի Հանրապետության կայանի հայելու միջոցով ամրագրել եմ։ Ամրագրումներն այս օրերին շատացել են, դրան զուգահեռ՝ սկսել եմ ճանաչել քաղաքի առաքիչներին (համենայնդեպս աչքերը հստակ եմ տեսել դիմակների տակից)։

Ուրեմն մարտի 19-ն է, տարվա 78-րդ, արտակարգ դրության՝ 4-րդ օրը։ Ես անվանափոխվել եմ՝ կնքել եմ ինձ որպես #sympho_walker ու քայլում եմ օրեկան առնվազն 4 կմ (սիմֆոնիա լսելն էլ «դասական» ինքնամեկուսացման պահ ա երեւի)։

Երբեք այսքան ուշադիր չեմ քայլել։ Առնվազն տասը քայլը մեկ (Մալերի 2-րդ սիմֆոնիայի տրամադրության պես) ինձ հիշեցնում էի, որ տուն մտնեմ թե չէ, Արամին շնորհավորական նամակ պիտի գրեմ։

Այսօր Պաչյան Արամի ծննդյան օրն է։

Նամակը չեմ գրել, բայց կարդացել եմ Արամի «Օվկիանոսը»ծայրից ծայր, նորից։

(վերջապես ժամանակն սկսել է աշխատել այնպես, ինչպես Վենետիկի ջրանցքը, ուրեմն թույլ տվեք ինձ ինքնանկարվել այնտեղ, որտեղ կուզեմ, այնպես, ինչպես կամ, այնքան, որքան կուզեմ)

Ես վերընթերցում եմ Արամին ու հանգիստ եմ։ Գիտեմ՝ դրանից ավելին չէի կարող, առնվազն gmail-ի բացված մի պատուհան ու սկիզբը «Ընկերս, շնորհավոր․․․»։ Հետո շարունակելու էի մաղթանք «հորինել», շարունակելու է «գեղարվեստականացնել» շնորհավորանքս, բառերը շարելու էի այնպես, որ օրերից մի օր, եթե իմ ու Արամի նամակագրությունը պետք լինի տպել, չամաչեմ իմ գրածի համար։ Սովորաբար Արամին ուղղված նամակներում հանում եմ նաեւ ստորագրությունս, որովհետեւ ամաչում եմ բոլոր բառերից, որոնք անվանս դիմաց են։ Հա՛, դրանք իմ հետագիծն են, անելիքներս են, ժամանակի տված բառերն են, հեռախոսահամարս է ի վերջո եւ հղումներ, որոնք կարող են «օգտակար լինել»։ Ինձ կապելու հնարավորություններն են․․․ Արամին՝ ի՞նչ․․․

Ինքն իր մասին երրորդ դեմքով խոսելիս #ԲԱԼԿՈՆ-ում սահմանվել էր.

«Ինքն առհասարակ, հավատում է  միայն իրականությանը եւ գնում է այդ իրականության հետեւից։ Մարդկանց մեջ ամենաարագն է իրեն կորցնում եւ գտնում է ինքն իրեն, երբ լրիվ մենակ է․․․ Ինչպես իր սիրելի փիլիսոփաներից Սիմոնա Վեյլն էր ասում, «միայնությունը իրեն հնարավորություն է տալիս ուշադիր լինել»»։

Հիմա Արամին հասկանալու պահն է։ Օրն Արամինն է, «արտակարգ» այս օրը, որի բացառիկության համար արժե առնվազն մի կես շիշ վիսկի դատարկել, բայց, ոնց «Հետք»-ի ընթերցողներից (անանուն) մեկն էր գրել էսսեներիցս մեկի մեկնաբանություններում, «Անուշը կալորիաների խնդիր ունի ակնհայտ է», այդ նույն պատճառով ես հիմա սուսփուս գրում եմ՝ վիսկիի շիշը պահարանում՝ հավատալով որ գալու են պաթետիկ, սինթետիկ, անխնա օրեր, եւ նորից անհրաժեշտություն է լինելու երեւալ այնպիսին, ինչպես Վենետիկի ջրանցքն էր մեկ-երկու ամիս առաջ։

Քաշը գցելու օրերը մի խոսքով գալու են․․․

Արամին հասկանալու փորձերս վերադարձնում են ինձ մորական գյուղ՝ Պառավաքար։ Էնտեղ մամայի տոհմը պատվավոր տիտղոս ունի՝ «Բոչկա՛նց»։ Տասնմեկ կամ տասներկուս էի, երբ գյուղամեջում երկու կին մոտեցան ու, որպես հաճոյախոսություն իմ թմբլիկությանը, թուշս կմճտեցին «Ո՜նց ա րեւում, որ Բոչկանց Վանիկի թոռնա ա էս րեխեն»․․․ 

Ես վազելով տուն ընկա, լացեցի, «բոչկա» բառը հեչ սրտովս չէր, բայց մեծ քեռիս, որ իննսունականներին գնացել էր Ռուսաստան, հետո էլ տարել ընտանիքն ու այն ժամանակ ինձ րեւացել էր մենակ լուսանկարներով, հենց այդ տիտղոսի կայուն պահապահն էր։ 

Երկու բան շատ լավ գիտեի իր մասին՝ մեկն էն, որ Կվարտալի շենքերի պրարաբն է եղել (անհաջող շենքերի), մյուսն էլ էն, որ ահռելի մեծ գրադարան ուներ՝ հիմնականում հայ ու ռուս գրողների  գրքերից կազմված (տատիիս քեռուս երեւանյան տնից հենց էդ գրադարանի մի մասն էր մնացել՝ չափազանց նուրբ մետաղական գրապարահարանն էլ հետը)։ 

Երրորդը, որ երեւացել էր լուսանկարներից, քեռուս քաշն էր ու թիկունքը։ Ահռելի հսկան՝ ընտանիքը թեւի տակ հավաքած, Նոր տարվա սեղանի շուրջ․․․ Լուսանկարն ուղարկել էին մեզ որպես շնորհավորական բացիկ 90-ականների վերջին։ 

Էդ նույն քեռուս մանկության նկարներից մեկն էլ է իմ տանը, որ խոստացել էի (երեւի մի 5 տարի առաջ) ռեստավրացնել ու էդպես էլ բան չեմ արել։ 

Էսօր պահարանից էդ նկարը հանեցիքեռիս նիհար, քաչալ մի տղա է (իննամյա կամ տասնամյա)՝ հպարտ կեցվածքով, քրոջ կողքին, Պառավաքարում։ Սիրտս էսքան տարի հետո տեղն ընկավ։ Կարամ արդեն մի բան գրեմ «անանունին» ու ասեմ, որ էդ ժառանգված «բոչկանցը» շատ էլ սրտովս ա, որովհետեւ էս օրերին գոնե թե դրա հետ հաշվի եմ նստում։

Արա՛մ, քեռիս քո ադաշն է, անվանակիցդ։ Դրա համար երեւի էս պատմությունը, որպես միջանկյալ հիշողություն, ընկավ էս շնորհավորական տեքստի մեջ։ Վեյլնի ասած՝ միայնության մեջ իրոք «կարողանում ես ուշադիր լինել»։ 

Էս օրերին գերզգայուն եմ քաղաքի ու մարդկանց նկատմամբ։ Դու էլ էս քաղաքի տպերից ես (դեռ էնքան չենք խորացել, որ մեր ծննդավայրը մեզ «տիպ» սահմանի… Դրա համար մայրաքաղաքից ենք հղումներ տալիս)։ 

Ուրախ եմ, որ 37-րդ տարեդարձդ շնորհավորելու «հարկադիր» ձեւերից ազատագրված եմ։ Ու, հա՛, նվերս․․․ Քաղաքի էն տեքստերն են, որոնք վրիպել էին աչքիցս, որովհետեւ չափազանց շատ «ստերիլ» էր քաղաքը՝ լցված հնարավոր ամեն ինչով, որ պիտի խլեր այդքան բաղձալի միայնության մեր երազի հնարավորությունը։ 

Հանկարծ այն, ինչ «չկար», երեւաց որպես ճշմարտություն, որպես սպասող արձանագրություն, որից պրծում չկա, որի ժամանակը, մեկ է, գալու էր։ 

Չկան շատերը, ում միջոցով սահմանման փորձեր պիտի անեի, չկա Գերմանը, չկա մորական տատս, հորական պապս, չկա մանկությանս ընկերը, չկա նաեւ Սամվելը Մկրտչյան, ով պիտի թարգմաներ Բուքովսկու «ամենքի հետ ունեցած միայնության» այդ խրոնիկ շարվածքը, բայց տեքստը կա, տեքստը միշտ է՝ անկախ մեր տեսնելու կարողությունից։ Մեջբերում եմ Սամվելի, իմ, քո, մնացած բոլորի Բուքովսկուն։ 

Մինչ տեսություն, ընկե՛րս։ 

Ների՛ր, եթե ստանդարտից դուրս շնորհավորանքը փոխարինվեց տեքստով, որն ավելի շատ ես էի՝ քո ծննդյան օրվա երազում։ 

(Նվերս հաջորդում է Բուքովսկու տեքստին։ Այն մասին, թե լցված հնարավոր բոլոր տեղերով, ինչպես ենք բաց թողել տեքստեր, պատկերներ, որոնք ավելի ես եմ, քան այն մեկը, ով ստորագրում է նամակների վերջում․․․)

*** 

Միայնակ ամենքի հետ

միսը ծածկում է ոսկորը
ներսում դրել են
ուղեղ
մեկ-մեկ էլ հոգի,
ու կանայք վազեր են
ջարդում պատին,
տղամարդիկ
հարբում են
ու ոչ ոք չի գտնում էն
միակին
ու շարունակում է
փնտրել
սողեսող անկողիններ
մտնել ու դուրս գալ սողեսող:
միսը ծածկում է
ոսկորը
միսն ավելին է փնտրում
քան սոսկ
միսն է:
բայց ոչ մի հույս
չկա.
բոլորս
մի եզակի ճակատագրի
թակարդում ենք:
ոչ ոք երբևէ չի գտնում
էն միակին:
քաղաքի աղբանոցները լցված են
աղբամանները լցված են
գժանոցները լցված են
հիվանդանոցները լցված են
գերեզմանոցները լցված են
ուրիշ ոչինչ
լցված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter